«Ամերիկայի ձայն». Սոկոլովին բերման են ենթարկել ոստիկանություն՝ ռուսական բանակը «վարկաբեկելու» վերաբերյալ վարչական արձանագրություն կազմելու համար
Մոսկվայում ոստիկանություն բերման է ենթարկվել «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Սերգեյ Սոկոլովը։ Այս մասին հայտնում է պարբերականը։
Ինչպես նշվում է «Նովայա գազետայի» տելեգրամյան ալիքում, Սոկոլովին տարել են ոստիկանություն՝ ռուսական բանակը «վարկաբեկելու» վերաբերյալ վարչական արձանագրություն կազմելու համար։
Վարչական գործի նյութերին կցվում է ռադիոհաճախականության կենտրոնի կողմից կատարված փորձաքննությունը։ Գործը վերաբերում է «Նովայա գազետա»-ի հրապարակումներից մեկին։ Պերովսկի դատարանը կքննի գործը, սակայն ճշգրիտ ժամանակը դեռ հայտնի չէ, նշում է պարբերականը։
Սերգեյ Սոկոլովը երկար տարիներ ղեկավարել է «Նովայա գազետայի» հետաքննությունների բաժինը։ Նա սկսեց հանդես գալ որպես գլխավոր խմբագիր 2023 թվականի սեպտեմբերին այն բանից հետո, երբ Դմիտրի Մուրատովը հրաժարական տվեց այդ պաշտոնից՝ իր «օտարերկրյա գործակալ» կարգավիճակի պատճառով։ Նոյեմբերին թերթի աշխատակազմը Սոկոլովին ընտրել է գլխավոր խմբագրի պաշտոնում։
«Նովայա գազետա»-ն, որը լույս է տեսնում Ռուսաստանում 1993 թվականից, դադարեցրեց իր հրապարակումները 2022 թվականի մարտին՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ռազմական ներխուժումից հետո տուգանքների, ձերբակալությունների և բանտարկությունների մասին նոր օրենքների ընդունումից անմիջապես հետո, որոնք համարվում են ռազմական գրաքննություն: Դրանից հետո որոշ լրագրողներ լքեցին երկիրը, իսկ Ռիգայում սկսեց գործել «Նովայա գազետա Եվրոպան»։ Անցյալ տարվա փետրվարի 7-ին Մոսկվայի քաղաքային դատարանը զրկել էր «Նովայա գազետա»-ին լրատվության լիցենզիայից։
Լուսանկարում` Սերգեյ Սոկոլովը և Դմիտրի Մուրատովը