«Իր ճակատագիրն իրենն է, բայց մեր ճակատագիրը մեր ձեռքերում է, և մենք ենք պարտավոր, որ մեր պետությունը փրկենք։ Տարբերակը հետևյալն է՝ սկսո՞ւմ ենք իմպիչմենտի գործընթաց՝ ԱԺ-ում 35+1 ստորագրություն հավաքելուց հետո, 72 ժամվա ընթացքում սկսել այդ գործընթացը։ Բայց ԱԺ-ում չունենալով մեծամասնություն, այդ գործընթացը հիմա սկսելը նշանակում է բերել պարտության։ Մենք կարողանում ենք հանրահավաքում այնքան թվով հավաքվել, որ այլևս որևէ գործողություն պետք չի լինելու անել, այնքան մարդ հավաքվի, որ կարողանան իրենց կամքը թելադրել իշխանություններին, ուրիշ ելք չունենք»,- այսօր Ազատության հրապարակում, «Միասին» հասարակական-քաղաքական նախաձեռնության հրավիրած հանրահավաքում հայտարարեց նախաձեռնության անդամ, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը՝ խոսքը ավելի պատկերավոր դարձնելով հավելելով, թե ռուլետկա խաղացող Նիկոլ Փաշինյանը մեկ փամփուշտ է դրել զենքի փամփշտակալի մեջ ու պտտեցնում է. «Կամ ինքը կզոհվի, կամ Հայաստանը»։
«Այսօր մենք Ազատության հրապարակում ավելի շատ ենք, քան փետրվարի 20-ի հանրահավաքին: Ժողովուրդն ասում է՝ գեղ կանգնի, գերան կկոտրի։ Հիմա մեզ մնում է միայն այդ գործողությունը, և մենք դիմում ենք բոլոր նրանց, ովքեր այժմ նստած են իրենց բազմոցների վրա և դիտում են մեզ, ովքեր համամիտ են մեզ հետ՝ թող միանան ու ազատվենք այս չարիքից։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այս տղան՝ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով, ռուսական ռուլետկա է խաղում»,- ասաց Արամ Սարգսյանը՝ խոսքն ուղղելով Նիկոլ Փաշինյանին՝ մի սպասիր նրան, որ հարյուր-հազարներով մարդիկ գնան, ու լինի այն, ինչ արդեն ասվել է՝ տանեն դատարան։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ