Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակն է ավարտելու հայկական սփյուռքի 30 տարվա արձակուրդը

Փետրվար 29,2024 23:00

 «Երբ աստվածները ցանկանում են պատժել մեզ, պատասխանում են մեր աղոթքներին»

—Օսկար Ուայլդ

Նախորդ չորս տարիների աղետալի իրադարձությունները փոխեցին ինչպես հայ ազգի, այնպես էլ հայոց պետության ճակատագիրն ու ապագայի հեռանկարները։ Պետությունը չափազանց թույլ է՝ ազգային մարտահրավերներին դիմակայելու համար, որոնք դուրս են հանրապետության գործերի շրջանակից: Սփյուռքը պետք է վերակազմակերպվի ու վերսկսի իր գործունեությունն ամբողջ թափով, և իրեն ոչ բնորոշ համակարգման ու գործակցության, ինչպես նաև զգացականի վրա չհիմնված ազգային տեսլականի միջոցով ստանձնի ազգի խնամակալությունն ամբողջ աշխարհում:

Երբ 1991 թվականին Հայաստանը հռչակեց իր անկախությունը, հայոց աշխարհը թեթևության խորը շունչ քաշեց։ Այդ խանդավառությունը մասամբ պայմանավորված էր խորհրդային իշխանության ավարտով և վերջապես՝ 71 տարի անց, անկախ, ինքնիշխան հայկական պետության վերահաստատմամբ: Բայց պակաս կարևոր չէր նաև այն պատասխանատվության ծանր բեռի թեթևացումը, որ կրել էին սփյուռքի կառույցներն ու ընտանիքները՝ հայկական մշակույթը, լեզուն, պատմությունը և ազգային ժառանգությունը կենդանի պահելու համար: Նույնիսկ Հայոց ցեղասպանության ճանաչումը, որ սփյուռքի կարևոր առաքելություններից  էր ամբողջ աշխարհում, դատարկաբանություն կլիներ, եթե հայերը ձուլվեին և ազգային խնդիրներն այլևս կարևոր չհամարեին: Քաղաքական կուսակցությունները, ինչպես նաև նշանակալից ոչ քաղաքական կազմակերպությունները պարտավորվել էին լայն իմաստով պահպանել, պաշտպանել և հաջորդ սերունդներին փոխանցել հայ ազգի պատմական ժառանգությունը: Զգալի ժամանակ ու տնտեսական ռեսուրսներ էին ներդրվել դպրոցներ, եկեղեցիներ, մշակութային և սպորտային ակումբներ, թատրոններ, հրատարակչություններ կառուցելու ու ֆինանսավորելու,  կրթաթոշակներ հատկացնելու համար։

Պայքարը դժվար էր։ Իրական վտանգ կար հյուրընկալող երկրների մշակույթի կամ համաշխարհային ավելի լայն միտումների հետ ձուլվելու։ Օտար երկրներում հայ համայնքների երկրորդ, երրորդ և նույնիսկ չորրորդ սերունդների ներկայացուցիչների համար աստիճանաբար ավելի էր բարդանում ոչ միայն հայկական ինքնությունը պահպանելը, այլև հասկանալը, թե ինչու պետք է  հայոց ազգի պատմամշակութային ժառանգությունը կարևոր լինի իրենց առօրյա կյանքում: Չնայած դրան, պայքարը շարունակվեց։

Այսպիսով, հայկական անկախ պետության վերականգնումը հանգեցրեց ազգապահպանության ճնշումների զգալի թուլացման։ Ընդունված եզրակացություն էր, որ ազգային պետությունը հոգ է տանելու, որ հայկական ինքնությունը և ազգային ժառանգությունը հավերժ պահպանվեն։ Հայկական պետությունը լինելու էր նաև այն հայրենիքը, որտեղ հայ մշակույթը ծաղկելու և զարգանալու էր ազգային ինքնորոշման ճանապարհով։ Այն դառնալու էր ազգային պատմական և օրինական իրավունքների պաշտպանը, ինչը պակաս կարևոր չէ սփյուռքի շատ համայնքների համար:

Այսպես մեկնարկեց սփյուռքի արձակուրդն իր ավանդական առաքելությունից: Սակայն այդ արձակուրդը ո՛չ արդյունավետ էր, ո՛չ էլ անզբաղ։ Արդյունավետ չէր այն իմաստով, որ այն չլիցքավորեց և չաշխուժացրեց սփյուռքին՝ վերսկսելու իր ավանդական ազգապահպան առաքելությունը: Փոխարենը, այն շփոթություն առաջացրեց: Սփյուռքի կառույցները վստահ չէին, թե որն պետք է լինի իրենց նոր առաքելությունը։ Արձակուրդը նաև անզբաղ չէր այն առումով, որ առաջին բնական ազդակը եղավ պետության հզորացման ուղղությամբ աշխատելը։ Համահայկական մարդկային և նյութական ռեսուրսները «հայրենիքին» ծառայեցնելը դարձավ կոչ, որին շատերն արձագանքեցին, և սփյուռքից զգալի մարդկային ու ֆինանսական ռեսուրսներ հորդեցին թե՛ Հայաստան, թե՛ Արցախ, չնայած այն հանգամանքին, որ չկային  նորաստեղծ հայկական պետության հետ փոխհարաբերվելու և դրա կայացման գործում ներգրավվելու հեշտ ու ինստիտուցիոնալ  առումով պարզ ձևեր։

1990-ականների սկզբին՝ անկախությունից անմիջապես հետո, Արցախը դարձավ համազգային դիմադրության և պայքարի խորհրդանիշ։ Ղարաբաղյան առաջին պատերազմի հաղթանակները նշանավորվեցին զգալի հավաքական ջանքերով՝ համակցելով Հայաստանի Հանրապետության, Արցախի և սփյուռքի ուժերն ու վճռականությունը։ Սփյուռքի որոշ կազմակերպություններ մեծ դեր ունեցան պատերազմի հաղթական ելքի համար։ Այնուամենայնիվ, 1994 թվականի Բիշքեկի զինադադարի արձանագրությունից մինչև 2020 թվականի պատերազմն ընկած 26 տարիները դարձան հայոց նորագույն պատմության մեջ ամենաաղետալի վատնված տարիները, քանի որ Արցախի կարգավիճակը լուծելու իրավական, դիվանագիտական և ռազմական բազմաթիվ հնարավորություններ մեկը մյուսի հետևից բաց թողնվեցին։

Արցախում կարճ ժամանակով կրկին վառվեց հայ ազգային-ազատագրական պայքարի ու դիմադրության ոգին, հատկապես Ալիևի ռեժիմի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման ժամանակ։ Արցախի հայաթափումից հետո այդ ոգին էլ մարեց։ Այժմ հսկայական վակուում է գոյացել ազգապահպանության ու պայքարի տարածքում։ Հայաստանի կառավարությունը, որը ներկայումս կենտրոնացած է միայն հանրապետության 29,800 կմ2 տարածքի պաշտպանության վրա,  ի վիճակի չէ և չի ցանկանում լցնել այդ վակուումը։ Սփյուռքը ցնցման և շփոթության մեջ է: Ազգային ընդհանուր նպատակների բացակայությունը շարունակում է մնալ ազգային վերածննդի կարևորագույն խոչընդոտը:

Հայկական անկախ պետությունը բացարձակ արժեք է, որն ամեն գնով պետք է պաշտպանել։ Բայցևայնպես, այն ազգին կանգնեցրել է նոր խոցելիությունների և մարտահրավերների առաջ: Խորհրդային Միության տարիներին հայոց ազգային նկրտումները հիմնականում պաշտպանվում էին սփյուռքի կառույցների կողմից՝ հաճախ Հայկական ԽՍՀ-ի հայրենասեր մտավորական դասի հետ գաղտնի համագործակցությամբ: Հայաստանի ավանդական թշնամիների՝ Թուրքիայի և Ադրբեջանի համար, անհնար է եղել ճնշել հայ ժողովրդի պայքարն իր ազգային և պատմական իրավունքների համար, չնայած այն հանգամանքին, որ նրանք հաջողությամբ օգտագործել են խորհրդային համակարգը՝ այսօրվա Հայաստանի Հանրապետության սահմանի արևելքից և արևմուտքից հսկայական տարածքային զիջումներ կորզելու համար։

Առանց անկախ պետության հայ ազգը ջանասեր և զգաստ էր ,  և  աշխարհով մեկ սփռված լինելով՝ թշնամուն չէր տրամադրում հստակ ու շոշափելի թիրախ։ Անկախ պետությունը ոչ միայն դարձավ այն օրորոցայինը, որն ինչպես թշնամին հույս ունի, կթուլացնի իր իրավունքների համար պայքարող ազգի կամքը, այլև տվեց հստակ և շոշափելի թիրախ, որի վրա կարելի է կենտրոնանալ: 2020 թվականի պատերազմից և Արցախի բռնի հայաթափումից հետո, առերեսվելով  ամեն գնով խաղաղություն աղերսող  Հայաստանի թուլացած կառավարության հետ, պետության թշնամիները վճռական են առավելագույնս օգտվել առկա ներուժից՝ ոչնչացնելու այդ ազգային նկրտումները հենց այն պետության միջոցով և ներսում, որը  կոչված է պաշտպանել նրանց:

Այսպիսով, Հայաստանի անկախությունից հետո սփյուռքի առաջ ծառացած մարտահրավերները բազմապատկվել են: Բեկումնային պահը 2020 թվականի Արցախյան պատերազմն էր։ Ինչպես Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ սփյուռքը հայտնվեցին սուր ճգնաժամի մեջ։ Հաշվի առնելով, որ սփյուռքը թուլացրել, եթե  չասենք  լիովին հրաժարվել էր ազգային շահերի հետապնդումից ամբողջ աշխարհում, այն անօգնական մնաց ցեղասպանությունից ի վեր հայ ժողովրդին պատուհասած ամենասարսափելի աղետի առաջ: Այդ ժամանակից սկսած՝ ազգային շահերից բխող ամենահրատապ և հետևանքային հարցերում սփյուռքն ու պետությունն ավելի շատ միմյանց խանգարում են, քան աջակցում։ Պետության պաշտոնական քաղաքականությունն ու հայտարարությունները հաճախ հակասում էին սփյուռքի լոբբիստական և քարոզչական ջանքերին արևմտյան երկրներում, ինչպես, օրինակ, կառավարության միակողմանի որոշումը Արցախը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու վերաբերյալ:

Մեկ այլ նշանավոր դեպք էր վարչապետի հայտարարությունն այն մասին, որ «Ղարաբաղի խաղաղ բնակչությանն ուղղակի վտանգ չի սպառնում» այն ժամանակ, երբ երկրի արտգործնախարարը փորձում էր զգուշացնել ՄԱԿ-ին Ադրբեջանի վայրագությունների մասին, իսկ Հայաստանում քարոզչական և լոբբիստական ​​ջանքեր էին գործադրվում՝ ընդգծելու Արցախի էթնիկ հայ բնակչության առջև ծառացած գոյաբանական վտանգները։

Սփյուռքն այսօր ավելի մեծ և դժվարին առաքելություն ունի, քան 1991 թվականի առաջ։ Այն պետք է շարունակի աջակցել հայոց պետականությանը հնարավոր բոլոր միջոցներով (չնայած իշխանության կոպիտ սխալներին), բայց միևնույն ժամանակ այն պետք է վերակազմակերպվի՝ ազգապահպանության և դիմադրության արդյունավետ ուժ դառնալու համար, նույնիսկ ավելի հզոր, քան ցեղասպանությունից հետո էր: Այսօր հայ ազգի առջև ծառացած խնդիրներն ինչ-որ առումով ավելի վտանգավոր են, քան ցեղասպանությունից հետո։ Այդ վտանգները մոտալուտ են ու անխուսափելի, բայց միևնույն ժամանակ դրանք անորսալի են,  անուղղակի և դժվար տեսանելի, հատկապես Երևանում ապրող միջին վիճակագրական Հայաստանի քաղաքացու համար։  Այս առաքելությունն ավելի է բարդացնում այն փաստը, որ մտահոգ քաղաքացիների և սփյուռքահայ հայրենակիցների նվազագույն դիմադրության ուղին մարտահրավերի պատասխանատվությունը իշխանություններին փոխանցելն է, նույնիսկ այն դեպքում, երբ ակնհայտ է դարձել, որ կառավարությունը ո՛չ ցանկանում է, ո՛չ էլ ի վիճակի է ընդունել ազգային մարտահրավեր, որը դուրս է այսօրվա հանրապետության սահմաններից։

 

Գոյություն ունեն ազգային որոշ առաջնահերթություններ և մարտահրավերներ, որոնք պարզապես չպետք է հանձնել պետությանը, հատկապես այն դեպքում, եթե այն այնքան թույլ է, որքան այսօր, իսկ ազգային ռեսուրսների և կարողությունների ճնշող մեծամասնությունը պետությունից դուրս է: Կառավարության քաղաքականությունը փոխելու անօգուտ և անարդյունավետ պայքարում արժեքավոր ռեսուրսներ վատնելու փոխարեն, սփյուռքը պետք է կենտրոնանա իր ռեսուրսների վերակազմակերպման և վերաուղղորդման վրա՝ ավելի լայն ազգային շահեր հետապնդելու համար, որոնք դուրս են այսօրվա հանրապետության սահմաններից և, ըստ էության, պետությանը զուգահեռ ստեղծի օժանդակ տնտեսական, քաղաքական և դիվանագիտական կարողություններ:

Հարց է առաջանում՝ արդյոք տեսականորեն նման բան հնարավո՞ր է, թե՞ ոչ։ Այստեղ արժե հակիրճ քննարկել անկախությունից ի վեր Հայաստանում համահայկական մարդկային ռեսուրսների ներգրավման փորձը։

Հայաստանում համահայկական ռեսուրսների ներգրավումը ոչ միշտ է հաջողություն ունեցել՝ հիմնականում կախված նախաձեռնության հեղինակից և գործունեության ոլորտից։ Ամենաարդյունավետը եղել են ոչ-կառավարական և ոչ-քաղաքական ոլորտներում մասնավոր նախաձեռնությունները, որոնք զգալիորեն բարելավել են երկրի կարողությունները: Դրանք իրականացվել են կրթության (ՀԱՀ, Թումո, ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն, Արմաթ, ԳՆԿԿ, ՅուԴաբլյուՍի Դիլիջան, Մատենա, Դասավանդի՛ր Հայաստան, Հայ կրթական հիմնարկություն, Հայկական վիրտուալ համալսարան), առողջապահության (մասնավորապես սրտաբանության, ուրոլոգիայի, կրծքագեղձի քաղցկեղի վիրաբուժության, ակնաբուժության, օրթոպեդիկ խնամքի, ատամնաբուժության ոլորտում), գիտության և տեխնոլոգիայի (Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST), Դիջիթեք, HIVE ծրագիր, «Արփա» հիմնարկ, լազերային տեխնոլոգիաներ, «Էներջայզ գլոբալ սերվիսիս» ծրագրավորման եվ տեխնոլոգիական գերազանցության կենտրոն, որոշակի ռազմական տեխնոլոգիաներ), հետազոտության և վերլուծության (ԱՊՐԻ Արմենիա, Հայ մշակութային և գիտական ընկերակցություն), զբոսաշրջության (Տաթև, Նորավանք, Գաֆեսճյան կենտրոն, Հայք Արմենիա, ONEArmenia Դիլիջան), մշակույթի և արվեստի (Համազգային հայ կրթական և մշակութային միություն, ՀԲԸՄ, Ստեղծագործական Հայաստան, Թեքեյան կենտրոն, ՌեԱնիմանիա), սոցիալական ծառայությունների (ՀՕՄ, Օրրան, Հուսո Այգի, Մեր տուն, Կանանց ռեսուրսային կենտրոն) և այլ ոլորտներում (Թուֆենկյան հիմնադրամ, Հովնանյան հիմնադրամ, Ճշմարտության և արդարության կենտրոն, «Վերադարձ Հայաստան», Birthright Armenia, «Ավրորա» մարդասիրական համաշխարհային մրցանակ, «ապագա հայկականը», «Արար» հիմնադրամ, EVN Report, Սիվիլնեթ):

Թեև այս նախաձեռնությունները, որոնց ցանկն ամենևին էլ սպառիչ չէ, անկախությունից ի վեր անճանաչելիորեն փոխել են Հայաստանի նկարագիրը, դրանք ընդհանուր առմամբ պակաս արդյունավետ են եղել՝ գոյություն ունեցող համակարգերը փոխելու հարցում: Դրանք ստեղծել են զգալի կարողություններ՝ զուգահեռ առկա կարողությունների, բայց չեն ձգտել  բարեփոխելու այն, ինչ կար, և ոչ էլ ունեցել են դա անելու հնարավորություն: Օրինակ, կրթության ոլորտում նոր նախաձեռնությունները զգալի որակ և կշիռ են ավելացրել Հայաստանի կրթական ռեսուրսներին՝ որպես գերազանցության  առանձին կղզյակներ, բայց չեն բարելավել պետական կրթական համակարգը: Նույնը տեղի է ունեցել նաև առողջապահության ոլորտում, թեև մի քիչ ավելի փոքր մասշտաբով: Գիտության և տեխնիկայի բնագավառում պետական բյուրոկրատիան և անձեռնհասությունն այն հիմնական խոչընդոտներն են, որոնք սահմանափակել են Հայաստանի մասնավոր հատվածի զգալի գիտական և տեխնոլոգիական կարողությունների կիրառումը պաշտպանության ոլորտում:

Ի տարբերություն այլ ոլորտների, կառավարական և քաղաքական ոլորտներում մասնավոր նախաձեռնությունները հնարավորություն չեն ունեցել նույնիսկ գործունեություն ծավալելու։ Ինչ վերաբերում է կառավարության նախաձեռնություններին, կա միայն մեկը՝ «իԳործ» ծրագիրը, որը փոփոխական հաջողություն է ունեցել։  Հայաստանում համահայկական ռեսուրսների առավել բովանդակալից ներգրավման հիմնական խոչընդոտները վերլուծվել են այլ տեղում և դրանք կրկնելու անհրաժեշտություն, թերևս, չկա։

Ի՞նչ դասեր կարելի է քաղել Հայաստանում սփյուռքի ներգրավվածությունից վերջին երեսուն տարիների ընթացքում, որոնք կարող են տարածվել սփյուռքի կողմից ազգային շահերի հետապնդման վրա՝ Հայաստանի կառավարության քաղաքականության շրջանակից դուրս:

 

Կարևորագույն դասն է եղածը թողնել այնպես, ինչպես կա և ջանքեր գործադրել՝ ստեղծելու զուգահեռ իրականություն, ինչպես արել է մասնավոր հատվածը վերը նկարագրված բազմաթիվ ոլորտներում։ Եթե մասնավոր հատվածը պայքարեր տեղական համակարգի դեմ՝ գոյություն ունեցող կառույցների կողքին գերազանցության սեփական կղզյակներ կառուցելու փոխարեն, ապա շատ բանի չէր հասնի, այլ հակառակը, կօտարվեր երկրի հաստատությունների կողմից։

 

Ճիշտ է, կան շատ ավելի լուրջ խոչընդոտներ նույնն անելու համար ազգային շահերի և նպատակների իրագործման հարցում: Որքան էլ պարադոքսալ լինի,  ամենամեծ խոչընդոտը կառավարության պատումից տարբերվող պատում ընդունելն է։  Այն փաստը, որ դիվանագիտությունն իրականացվում է պետական մակարդակով, ավելի է բարդացնում սփյուռքի խնդիրը, հատկապես երբ պետությունը գործում է սփյուռքի կողմից առաջադրված ազգային օրակարգին հակառակ: Մինչև 1991 թվականը սփյուռքի կազմակերպություններն ունեին որոշակի արդարացում օտար երկրների կառավարությունների հետ բանակցելիս, քանի որ չկար հայկական անկախ պետություն, որը կարող էր հանդես գալ որպես նրանց հավասար գործընկեր: Այսօր դա ավելի դժվար է անել, քանի որ  պետությունը կա՛մ չի հետևում նույն ազգային օրակարգին, կա՛մ հակադրվում է սփյուռքի կազմակերպությունների հայտարարություններին։

Սակայն սփյուռքի ռեսուրսները չպետք է վատնվեն միայն այն պատճառով, որ դրանք միշտ չէ, որ գնահատվում են Հայաստանի Հանրապետության կողմից։ Սփյուռքը օրինական շահագրգիռ կողմ է թե՛ հայկական պետության կայացման, թե՛ լայն ազգային շահերի հետապնդման հարցում։ Այն բազում տպավորիչ ձեռքբերումներ է արձանագրել՝ նույնիսկ առանց հայկական պետության օգնության։ Սփյուռքը, անշուշտ, կարող է ավելիին հասնելու ուղիներ գտնել՝ աշխատելով կա՛մ պաշտոնական Երևանի հետ, կա՛մ, անհրաժեշտության դեպքում, դրա դրան շրջանցելով: Երբեք չպետք է թույլ տալ, որ Հայաստանի իշխանությունների անօգնականությունը փոխանցվի հայ ազգին։ Հայ ազգը եղել է և կլինի ավելի մեծ ու մնայուն, քան պետությունը, էլ չասած՝ այսօրվա կառավարության մասին։

 

Քանի դեռ Ադրբեջանը վայելում է Թուրքիայի, Իսրայելի և Ռուսաստանի նման հզոր ուժերի աջակցությունը, տեսանելի ապագայում ոչ մի հայկական պետություն չի կարողանա միայնակ պաշտպանվել: Պետությունը հնարավոր է պաշտպանել միայն՝ համախմբելով ամբողջ հայ ազգի ռեսուրսները։ Խոչընդոտը շարունակում է լինել պետության և ազգի միջև ձևական տարանջատումը, որը Հայաստանի պարագայում կործանարար է։ Սփյուռքը պետք է վերակազմակերպվի, որպեսզի ստանձնի ազգի խնամակալությունը, մինչդեռ պետությունը կարող է  մտահոգվի է պետության ձևականությունների պահպանմամբ ։ Սա կարող է շահեկան լուծում լինել այնքան ժամանակ, մինչև որ պետությունը ուժ հավաքի դառնալու ինչպես հանրապետության, այնպես էլ լայն ազգային նկրտումների հովանավորը։ Սակայն հիմա, երբ պետությունն արդեն հայտարարել է ազգի հանդեպ իր պատասխանատվությունից հրաժարվելու մասին, միակ խելամիտ տարբերակն այն է, որ սփյուռքը պատասխանատվություն ստանձնի թե՛ պետության, թե՛ ազգի հանդեպ։

Այս մարտահրավերին դիմակայելու համար` սփյուռքը պետք է ինչ-որ կերպ սկսի իրեն ոչ բնորոշ ներքին համագործակցություն և ձևակերպի զգացականի վրա չհիմնված ազգային տեսլական, որն այսօր բացակայում է։ Այն նաև պետք է հաղթահարի իր ներկա ընկճված վիճակը  և որդեգրի բոլորովին նոր ու նորարարական մոտեցում՝ համաշխարհային փոփոխություններին և ազգային մարտահրավերներին համահունչ: Սա շատերին անհնարին կթվա։ Բայց մարդկային ոչ մի լուրջ ձեռքբերում երբեք չի իրագործվել՝ հավատալով, որ այն, ինչ այսօր անհնարին է թվում, վաղը նույնպես, անպայման, անհնար կլինի:

 

Մարտահրավերը ներառում է գործողությունների իրականացում առնվազն հինգ ուղղություններով.

 

-— Համակարգված և համատեղ ջանքեր՝ վերակենդանացնելու և աշխուժացնելու հայկական կրթական հաստատություններն ամբողջ աշխարհում, որտեղ իրականացվում է «ընդհանուր» ազգային հայկական կրթություն՝ ի լրումն ժամանակակից մրցունակ կրթության:

 

— Համակարգված և համատեղ ջանքեր՝ ստեղծելու համաշխարհային արդյունավետ հայկական բիզնես ցանց, որի վերջնանպատակն է տեղ զբաղեցնել համաշխարհային տնտեսական շահերի սեղանի շուրջ:

 

— Համակարգված և համատեղ ջանքեր՝ ուղղված համաշխարհային ՀԿ-ների և ուղեղային կենտրոնների հետ մասնագիտական և դիվանագիտական հարաբերություններ զարգացնելուն,  որը հնարավորություն կտա ասելիք ունենալ ամբողջ աշխարհում քաղաքական մտածողության  ձևավորման հարցում։

 

— Համակարգված և համատեղ ջանքեր՝ ամբողջ աշխարհում տեխնոլոգիական և արհեստական բանականության հետ կապված զարգացումներից ետ չմնալու և դրանցում մասնակցություն ունենալու համար:

 

— Համակարգված և համատեղ ջանքեր՝ սկսելու պրոֆեսիոնալ ու հետևողական տեղեկատվական պատերազմ և հայոց պատմության ու մշակույթի փափուկ ուժի պրոյեկտում ամբողջ աշխարհում:

 

Վերջին չորս կետերը նպատակ ունեն ստեղծել համաշխարհային քաղաքական լծակներ հայկական պետության առջև ծառացած մարտահրավերներին համարժեք: Հայկական կողմը բախվում է արևմտյան պետությունների մայրաքաղաքներում ագրեսիվ կերպով իրականացվող և լավ ֆինանսավորվող թուրքական և ադրբեջանական լոբբինգի հետ։ Քաղաքական  այս առճակատման մեջ սփյուռքի արձագանքը պետք է լինի նույնքան կոշտ։

 

Կատարյալ պայմաններում, այս ծավալի ջանքերը համակարգելու պատասխանատվությունը պետք է ստանձներ պետությունը՝ հանդես գալով որպես մագնիս՝ սփյուռքի ռեսուրսները ներգրավելու և դրանք ազգային ընդհանուր տեսլականին ծառայեցնելու համար: Բայց երրորդ հանրապետության բոլոր չորս կառավարություններն էլ ապացուցել են, որ ի վիճակի չեն լուծել այս խնդիրը, իսկ ներկայիս կառավարությունը  հրաժարվել է նույնիսկ նման պատասխանատվություն ստանձնելու գաղափարից։

Շատ ավելին կարելի է ասել այս հինգ ուղղությունների զարգացման մասին,  բայց այստեղ, թերևս, դրա տեղը չէ։ Բավական է նշել, որ ավարտվել է հայկական սփյուռքի 30-ամյա արձակուրդը և եկել է աշխատանքի գնալու ժամանակը։

_________________

Ծանոթագրություն «սփյուռք» եզրույթի վերաբերյալ. Հայկական սփյուռքը բազմազան է: Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներից կազմված սփյուռքը բոլորովին այլ կազմություն է, քան վերջին 30 տարիներին Հայաստանից Գլենդել գաղթածներից գոյացած սփյուռքը: Չմոռանանք նաև ԱՄՆ-ի հին հայկական, հատկապես Բոստոնի շրջանի համայնքների,  ռուս-հայկական սփյուռքի, Ֆրանսիայի համայնքների, Սիրիայից և Լիբանանից Արաբական ծոցի երկրներ գաղթածների, Իրանի հայկական համայնքի մասին և այլն: Նոր «սփյուռքը», որի անդամ եմ ես ինձ համարում, կազմված է հայրենադարձ սփյուռքահայերից, որոնք բնակություն են հաստատել Հայաստանում և դարձել երկրի հարկատու քաղաքացիներ, սակայն մեծ հաշվով դեռ համարվում են սփյուռքի մաս: Այս հոդվածում սփյուռքին անդրադառնալիս առաջին հերթին նկատի ունեմ սփյուռքի այն հատվածը, որը ֆիզիկական, պատմական և հոգևոր անմիջական կապ ունի Հայաստանի հետ։ Այն ընդգրկում է ցեղասպանությունը վերապրածների ժառանգներին, հայրենադարձ սփյուռքահայերին, ինչպես նաև Հայաստանից վերջերս ներգաղթածներին:

 

Վահան Զանոյեան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829