«Այսօր ողջ հայությունը սպասում է մի խնդրի շուտափույթ լուծման, որովհետեւ այն չարիքները, որոնք մեզ այսօր իրենց տիրույթի տակ վերցրեցին, ցավոք, ունեն մեկ ելակետ։ Մարդիկ կային, որ ժամանակին ասում էին՝ ԿԳԲ գործակալ, թուրքական գործակալ, Ամերիկայի եւ Ռուսաստանի գործակալ և այլն, բայց կա մեկ ահավոր բան. այդ բոլորը, որոնք վնասաբեր են, դրանք միասին սատանայի գործակալներ են։ Եվ մենք մեր երկրում ունենք ոչ թե ինչ-որ պետության ղեկավար, այլ մեր ճակատագիրն այսօր տնօրինում է սատանան»,- այսօր Ազատության հրապարակում, «Միասին» հասարակական-քաղաքական նախաձեռնության հրավիրած հանրահավաքում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ հավելելով, որ հանրահավաքի մասնակիցները հավանաբար Ազատության հրապարակ են գնացել գործնական քայլեր իրականացնելու հույսով, սակայն որոշ խնդիրներ ժամանակ են պահանջում։
Նա նաեւ հիշեցրեց, որ 50 տարի առաջ, երբ արդեն ընտրել էին անկախության հանրաքվեի ճանապարհով ուղեգիծը, դրան շատ քիչ մարդ էր հավատում, բայց իրավունքի ուժով կարող են շատ բաների հասնել։
Ըստ անկախական գործչի, հայ ազգի առջև ծառացած խնդիրները բոլորին ստիպում են վեր կանգնել տարաձայնություններից, կանգնել իրար կողքի եւ շատ արագ վերջ տալ ստեղծված իրավիճակին։
«Սա է մեր հիմնական խնդիրը՝ աշխարհին ցույց տալ, որ Նիկոլն իր արատավոր քայլերով մեզ չի ներկայացնում։ Նիկոլ Փաշինյանը ոչ թե պետք է պաշտոնից հեռանա, այլ պետք է բանտ տարվի։ Սեփական ժողովրդին այսքան չարիք, կորուստ պատճառած մարդն ի՞նչ իրավունքով պետք է հեռանա պաշտոնից»,-ասաց Պարույր Հայրիկյանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ