Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևանի քաղաքապետարանը միտումնավոր ժողովրդին մանիպուլացնում, խաբում է, որ ծառերի սպանդի ծրագիր իրականացնի»․ Արթուր Չախոյան

Փետրվար 29,2024 20:22

«Երևանի քաղաքապետարանը միտումնավոր ժողովրդին մանիպուլացնում, խաբում է, որ ծառերի սպանդի ծրագիր իրականացնի»,- Ռադիոտան մոտ ահազանգեց բլոգեր Արթուր Չախոյանը։

Հիշեցնենք՝ Արթուր Չախոյանը մեկ օր առաջ սրտացավ մարդկանց հրավիրել էր Ռադիոտան մոտ՝ կանխելու Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծառերի սպանդի հերթական ծրագիրը: Նա նշեց՝ իր նպատակն է ներկայացնել, թե Երևանի քաղաքապետարանը ստի հիման վրա, ժողովրդին մանիպուլացնելով ինչ է ուզում անել։ Բլոգերը փաստեց՝ երկուշաբթի օրը Երևանի քաղաքապետարանը գործակարգավարական նիստի ժամանակ զեկուցել էր, որ Ալեք Մանուկյան և այլ փողոցների ծառերը փոխարինելու են այլ ծառատեսակներով՝ իր պնդմամբ՝ հրապարակելով մոտ տասը տարի հնություն ունեցող նկարներ։ Արթուր Չախոյանը ցույց տվեց Երևանի քաղաքապետարանի կողմից ցուցադրված նկարը և պնդեց, որ դա տասը տարի առաջ արված նկար է, որտեղ նույնիսկ Վիվասելի տաղավար կար, և որը հիմա այդ տեղում չի գտնվում․ «Մենք տեսնում ենք, թե ծառերն ինչ վիճակում են գտնվում․ խորը էտ են արել, հիմա խորը էտ արված չէ։ Անցյալ տարի Ալեք Մանուկյան փողոցում հարցազրույց էի տվել այն մասին, որ Երևանի քաղաքապետարանն Ալեք Մանուկյան փողոցի ծառերը խորը էտ է անում։ Այսինքն՝ Երևանի քաղաքապետարանը գալիս, ծառերի խորը էտ է անում, ծառերի վատ տեսակի պատկեր է անում, հետո էլ ասում են՝ ծառերի կենսունակությունը կորել է և այլն, եկեք փրկենք, ծառերի փոխարինման ծրագիր։ Ժողովուրդ ջան, հենց Երևանի քաղաքապետարանն է ծառերի խորը էտ կատարել․ ոչ նախկինները, ոչ այլմոլորակայինները, ոչ ընդդիմությունը։ Հետո էլ ասում են՝ վայ, սենց պատահեց»։

Ըստ Արթուր Չախոյանի՝ շատերն իրեն կասեն՝ վրիպակ է տեղի ունեցել մի նկարի հետ կապված, բայց ըստ նրա՝ դա արվում է միտումնավոր․ «Այդ ամենը միտումնավոր է արված եղել, քանի որ երկուշաբթի Երևանի քաղաքապետարանը հրապարակել է Մելիք Ադամյան փողոցի ծառերի նկարը, որտեղ էլի նույն ծառերի պատկերն է․ խորը էտ է արված եղել և ահավոր վատ վիճակում է գտնվել»։ Նա ցույց տվեց, թե այսօր ինքն ինչ նկար է արել, և որ Մելիք Ադամյան փողոցի ծառերն այն վիճակում չեն գտնվում, ինչ Երևանի քաղաքապետարանի հրապարակած նկարում։

Բլոգերը հիշեցրեց՝ տեսանք, որ Երևանի քաղաքապետարանը 19500 դրամով, ինչպես Կանաչապատում ՀՈԱԿ-ի տնօրենն անվանեց, բերքը վրան ծառ են գնել ու ասաց․ «Հասկանում եք՝ կոռուպցիան ո՞նց է լինում․ հենց այդպես է լինում։ Տեսանք, որ այդ ծառերը, որոնք գնել են 19500 դրամով, շուկայում ավելի մատչելի գնով են վաճառում՝ 2000 դրամով․ իսկ Երևանի քաղաքապետարանն ավելի թանկ գնով է առել։ Տեսնում եք՝ ստի հիման վրա ժողովրդին մանիպուլացնելով ինչ կոռուպցիա է տեղի ունենում։ Անցյալ տարի Երևանի քաղաքապետարանը Մաշտոցի պողոտայում տնկել էր սոսիներ, իսկ ժողովրդին այնպիսի մանիպուլյացիայով ներկայացրին,սակայն հաջորդ օրը գնացել, նկարահանել էի, որ Երևանի քաղաքապետարանն այդ 170 հազար դրամանոց ծառերն արդեն չորացած վիճակում էր բերել, տնկել և երևանցիներին ցուցադրում էր, թե տեսեք՝ մենք ինչ ենք արել։ Իրականում կոռուպցիան հենց այդպես է լինում»։

Արթուր Չախոյանն արձանագրեց, որ Ռադիոտան մոտ այդ պահին մոտ 15-16 հոգի կար ու նշեց․ «Երբ Երևանի քաղաքապետարանը գործողություն է անում, համացանցում գոռում են՝ վայ, էս ինչ արեցին, բայց երբ իրականում, որ Երևանը կարիք ունի, որ կանաչ ֆոնդը պահպանվի, որ ժողովուրդը գա, ժողովուրդը չի գալիս։ Հետո էլ ժողովուրդը բողոքում է, թե Ավինյանը, Նիկոլ Փաշինյանը կտրում են, մենք դեմ ենք։ Եթե դեմ եք նրանց, եկեք, ձեր ներկայությամբ ձեր դժգոհությունը արտահայտեք։ Այստեղ 15 հոգի ենք․ մեծամասնության մեկ տոկոսն էլ չի կազմում։ Երբ այս ծառերի հատման ժամանակը գա, համացանցում հազար հատ տեսնայութ, լայք ու մեկնաբանություն է լինելու, բայց իրականում ոչ ոք չի ուզում գալ ու տեղում իր դժգոհությունը հայտնել»։

Արթուր Չախոյանն ասաց, թե ուզում է իր բնութագրմամբ՝ անդրադառնալ չակերտավոր ընդդիմությանը․ «Այստեղ կան ընդդիմադիր խմբակցության ավագանու անդամներ, բայց ես չեմ տեսնում ամբողջ ընդդիմությանը, ինչո՞ւ քայլեր չի ձեռնարկում Երևանի կանաչ ֆոնդը փրկելու համար։ Ես ընդդիմության քայլերն այսպես եմ տեսնում, որ երբ Երևանի քաղաքապետարանն արդեն ծառը կտրեց, փրթեց, թափեց, որ վերականգնել չի լինի, ժողովուրդը, ընդդիմությունով հանդերձ կանգնում, ասում է՝ Երևանի կանաչ ֆոնդը փրկեցինք։ Բայց ընդդիմությունը մինչ կանաչ ֆոնդը փրկելը ի՞նչ է արել, ոչինչ չի անում, հետո էլ ասում են՝ այսպես, այնպես։ Հուսամ պարզ ու հասանելի ներկայացրի Երևանի քաղաքապետարանի՝ ստի վրա հիմնված, մանիպուլյացիոն ծառերի սպանդի ծրագիրը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829