Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոնի» տաղավարում այսօր տեղ ունեցավ «Դատարանների ծանրաբեռնվածության ֆոնին փաստաբանական գործունեության հարկային բեռի ավելացում» թեմայով քննարկումը։
Գյումրեցի փաստաբան Արամայիս Հայրապետյանը «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, համաձայն որի՝ փաստաբանների հարկային բեռը 5 տոկոսից դառնում է 38 տոկոս, համարում է կամայական, թիրախավորված, իրավական ու տնտեսական որևէ նպատակ չհետապնդող։
«Փաստաբանների պալատը համապարփակ և հիմնավոր առարկություններ է ներկայացրել, թե ինչ արդյունքի կհասնենք, չգիտեմ։
Հիմա փաստաբանները հարկվում են շրջանառության հարկով, այսինքն՝ ընդհանուր հարկային համակարգից բացառություն է շրջանառության հարկը և հարկվում են 5 տոկոս։
Կարդացեք նաև
Հոկտեմբերի 1-ից շրջանառության հարկը դառնում է 10 տոկոս, դա էլ ոչինչ, բայց 2025 հունվարի 1-ից փաստաբաններին արգելվում է գործունեություն ծավալել շրջանառության հարկի ոլորտում, այսինքն՝ ինչ շրջանառություն ուզում ես ունեցիր, 20 տոկոսը և գումարած շահույթի 18 տոկոսը պիտի վճարես՝ որպես հարկ։
Այսինքն` հիմիկվա 5 տոկոսանոց հարկային բեռը դառնում է 38 տոկոս, մի քանի անգամ ավելանում է։
Նախ` ցանկացած փոփոխություն կատարելուց առաջ անհրաժեշտ է տնտեսական հիմնավորում, որովհետև սա տնտեսության հետ է կապված, Հարկային օրենսգրքում կատարվող փոփոխությունների մեջ չկա որևէ կետ տնտեսական հիմնավորման մասին։
Երկրորդը՝ երբ փոփոխություններ են կատարում, անհրաժեշտ է նաև դա քննարկել շահագրգիռ կողմերի հետ, Փաստաբանների պալատի հետ որևէ քննարկում չի եղել։ Ինչի է սա հանգեցնելու․ 38 տոկոսով թանկանալու է փաստաբանների մատուցած ծառայությունների գինը։
Յուրահատկությունը փաստաբանական ծառայության այն է, որ բիզնես լինելուց առաջ իրավապաշտպան գործունեություն է։ Այսինքն՝ պետությունն ուղղակիորեն հարված է հասցնում իրավապաշտպան գործունեությանը, քանի որ քաղաքացու համար հասանելի չի լինելու իր ընտրած պաշտպանի, փաստաբանի միջոցով իր իրավունքների պաշտպանությունը, որը ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի ուղղակի խախտում է։
Հաջորդը՝ մեզ, ըստ էության, հավասարեցրել են շահումով խաղեր կազմակերպողների հետ, այնտեղ շրջանառությունը միլիարդավոր դրամներ են, փաստաբանական ոլորտում շրջանառությունը էապես քիչ է, եթե 100 միլիոն գերազանցող շեմը կլիներ, հա, հասկացանք, բայց Հայաստանի Հանրապետությունը 3-4 տոկոսն է կազմում փաստաբանական այն գրասենյակների թիվը, որոնց շրջանառությունն այնքան է, որ նրանք ամեն դեպքում պետք է հարկվեին ավելացված արժեքի հարկով։
Տրամաբանությունը ո՞րն է փոքր բիզնեսի, փաստաբանությունը որպես բիզնես շատ փոքր է, դնել այնպիսի հարկային բեռ, որը հանգեցնելու է կամ գործունեության դադարեցման կամ ստվերի առաջացման կամ գների աննախադեպ թանկացման»,-ասաց Արամայիս Հայրապետյանը։
Ըստ նրա, նման փոփոխությամբ քաղաքացու համար հասանելի չի լինելու փաստաբանական ծառայությունը և ավելանալու է հանրային պաշտպանի գրասենյակի բեռը, որի համար պետությունը պետք է գումարներ վճարի, հաստիքներ ավելացնի։
«Այս փոփոխությամբ մեզ՝ փաստաբաններիս, արգելում են անվճար իրավաբանական օգնություն տրամադրել, օրինակ՝ իմ գրասենյակի գործերի 20-30 տոկոսը անվճար է՝ սոցիալական վիճակով պայմանավորված, ընկերություն է, բարեկամություն է և այլն և այլն։
Բայց եթե անգամ անվճար իրավաբանական օգնություն ես ցուցաբերում, դրա համար պետք է վճարես»։
Արամայիս Հայրապետյանը նշում է, որ թիրախավորված է փաստաբանական ինստիտուտը և մենաշնորհ ստեղծելու արատավոր պրոցես է ընթանում մեկ կամ մի քանի գործունեություն ծավալող ընկերությունների համար։ Առաջ են գալու յուրային և ոչ յուրային փաստաբաններ, յուրային փաստաբաններն աշխատելու են ստվերում՝ արտոնյալ պայմաններում, ոչ յուրայիններն էլ խոշորացույցի տակ սկսելու են հարկային վարչարարության զոհ դառնալ։
Փաստաբան Թամարա Յայոլյանն էլ կարծիք հայտնեց, որ սա ճնշում է փաստաբանների հանդեպ։
«Փաստաբանների մեծ մասը ընդդիմադիր կարծիքներ ունեն, այսինքն՝ քննադատություն են ենթարկում կառավարության որոշակի գործունեությունը։ Փաստաբանները բնականաբար որևէ կուսակցության չեն պատկանում, բայց որպես երկրի քաղաքացիներ, որպես այս երկրում ապրող մարդիկ՝ իրենք իրենց կարծիքն են հայտնում, հայտնում են դժգոհությունը որոշակի քաղաքական գործունեության հետ կապված։
Եվ նկատի ունենալով այն, որ փաստաբանների համայնքը բավականին մեծ է, ճնշելու համար այս միջոցներն են գտնում։ Նաև համակարծիք եմ իմ գործընկերոջ հետ, որ մենաշնորհային դիրք են ուզում գրավել որոշ փաստաբանական գրասենյակներ, որոնք ստեղծված են իշխանության ներկայացուցիչների կողմից։
Նշեմ, որ ոչ միայն 38 տոկոսը կավելանա որպես հարկային բեռ, այլ մենք ունենք զինվորի գումար, որը վճարում ենք, ունենք կենսաթոշակային վճար, անդամավճար ենք վճարում, որոնք գումարվում են, կատարում ենք բազմաթիվ ծախսեր, որովհետև բոլոր ծախսերը՝ կապված տարածքի վարձակալության հետ և մնացած բոլոր մանր ծախսերը, որոնք կան, մենք ենք կատարում։
Ճիշտ է՝ նշվում է, որ այդ հարկերից ծախսերը դուրս կգան, բայց դրա համար պետք է հաշվապահ վերցնես, իսկ հաշվապահին պետք է բավական մեծ գումար վճարես, որպեսզի նա քեզ համար յուրաքանչյուր կոպեկը հաշվարկի և վերջում դուրս գա։ Այսինքն, ի վերջո, որևիցե ձևով չի բարելավվում փաստաբանի վիճակը»։
Ըստ Թամարա Յայլոյանի, սա նույնպես կնպաստի դատարանների գերծանաբեռնվածությանը, քանի որ փաստաբանի ծառայության թանկացման պատճառով քաղաքացին այլևս նրանց մոտ չի գնա, կդիմի հանրային պաշտպանի գրասենյակ։ Իսկ հանրային պաշտպանի գրասենյակի հնարավորությունները սահմանափակ են, նրանք չեն կարող կրել ամբողջ բեռը, իսկ սա նշանակում է գործերի կուտակում տեղի կունենա։
Ըստ Թամարա Յայլոյանի, պետության կողմից նման նախագիծ մշակելիս՝ որևէ ռիսկ հաշվի չի առնվել, քանի որ բյուջեին գումար է պետք պարգևավճարներ շռայլելու։ Այս ամենը հնարավոր է հանգեցնի արտագաղթի, քանի որ մարդիկ սովորաբար հեռանում են, երբ արդարություն չեն գտնում երկրում։
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ