«2020 թվականի պատերազմից հետո՝ երեք տարվա ընթացքում, բանակում խնդիրներն ու բացերը չեն վերացվել։ Դրանք ոչ միայն չվերացվեցին, այլեւ ավելի խորացան. եւ շփման գծի փոփոխության, Ադրբեջանի կողմից հեռահար զինատեսակների ձեռքբերման հետ մեկտեղ իրավիճակը դարձավ էլ ավելի ճնշող։ Դրան գումարվում է բանակից կադրերի արտահոսքը, որին նպաստում են իշխանությունների ստեղծած պայմանները՝ տարատեսակ ատեստավորումներ, անհարգալից վերաբերմունք գեներալների նկատմամբ, որոնց ստիպում են զինվորների աչքի առաջ հորիզոնական ձողից կախվել»,- «Հայաքվե» նախաձեռնության կազմակերպած «Անկախության հռչակագրի պաշտպանության հրամայականը եւ միջազգային կենսունակ պետության տեսլականը» թեմայով քննարկման ժամանակ, իր ելույթում ասաց նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը՝ հավելելով, որ բանակում ներարկված պարտվողի զգացումն էլ ավելի ճնշող է։
«Հնարավորությունները համեմատելով՝ հասկանում ես, որ տարբերությունն այնքան էլ մեծ չէ եւ հակագրոհը հնարավոր է։ Բայց մեզ ասում են, որ հնարավոր չէ հաղթել, մենք պետք է բավարարենք թշնամու բոլոր պահանջները, փոխենք Սահմանադրությունը եւ այլն»,- շարունակեց բանախոսը՝ հավելելով, որ Հայաստանին անհրաժեշտ է ոչ միայն ժամանակակից բանակ, այլեւ բարձրակարգ ռեզերվ եւ սեփական ռազմական արդյունաբերություն. «Այս ամենը շատ իրական է: Ինչո՞ւ իշխանությունները դա չեն անում։ Որովհետեւ կա ուղղակի քաղաքական կոնֆլիկտ. բանակն ու Արցախը իշխանությունների հակառակորդներն են։ Քանի դեռ իշխանությունները ղեկին են, ոչինչ չի փոխվելու։ Մեզ անհրաժեշտ է մեկ այլ իշխանություն, որը կփոխի իրավիճակը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ