Այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հիմա Հայաստանը փորձում է զենք գնել այլ տեղերից՝ անվտանգությունը պաշտպանելու համար. «Եթե դա ինչ-որ անվտանգային համակարգին խանգարում է, դա իրենց խնդիրն է, իրենք իրենց պարտավորությունները ակնհայտ է, որ չեն կատարում»:
Խոսքը ՀԱՊԿ-ի մասին էր, ուստի լրագրողները հարցրեցին՝ այլընտրանք ունե՞ն՝ նա պատասխանեց. «ՆԱՏՕ-ի հետ կապված քննարկում չի եղել, մեր ներսում էլ: Մենք պատրաստ ենք աշխատել այն ուղղությամբ, որը մեզ անվտանգություն կապահովի: Այսօր ժողովրդավար երկիր լինելը մեր անվտանգային ամենամեծ համակարգն է, կարելի է ասել, որովհետեւ աշխարհը հիմա բաժանվել է երկու մասի: Մի մասը այն է, որ ասում են՝ աշխարհակարգ գոյություն ունի եւ կանոններ գոյություն ունեն, օրինակ` Ալմա Աթայի հռչակագիրը, մի մասն ասում է՝ ուժեղի իրավունքն է գործում: Մեր անվտանգությունը ժողովրդավար համակարգի հետ առնվազն շատ սերտ լինելն է, որովհետեւ մենք չենք կարող մեզ թույլ տալ մյուսը: Մենք ավելի ուժեղ չենք ֆիզիկապես, չենք կարող դիմակայել, առավել եւս, երբ մեր դաշնակիցը, որը մեզ պետք է պաշտպաներ, լավագույն դեպքում մեզ չի պաշտպանում, եթե ոչ համատեղ ինչ-որ գործընթացի մեջ է գտնվում:
Իսկ ես վստահ եմ, որ համատեղ գործընթաց կա ու շատ վաղուց եւ վստահ եմ, որ Ուկրաինայի պատերազմը սկսվել է ԼՂ-ի պատերազմով: Այստեղ պետք էր այլընտրանքային ճանապարհ ստանալ՝ հնարավոր պատժամիջոցներից խուսափելու համար, ինչը հիմա արվում է: Ինչպես օրինակ ռուսական գազը հիմա Ադրբեջանը վաճառում է Եվրոպային՝ իր խողովակներով: Դա փաստ է, իմ հնարածը չէ»:
Հարցին՝ դուք պայմանավորված պատերազմի մասի՞ն եք ակնարկում՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես չեմ բացառում, որ նման պայմանավորվածություն գոյություն է ունեցել, որովհետեւ երբ փաստերը համադրում ես, հասկանում ես, որ ամբողջը փոխկապակցված է: Նույնիսկ կարող եմ ասել, որ Սիրիայից է սկսել, հիշո՞ւմ եք ռուս-թուրքական բախումը Սիրիայում, ինքնաթիռ խփեցին, լարվածություն եղավ, հետո տեղափոխվեց մեր տարածաշրջան, փորձ կատարվեց այս տարածաշրջանում ապահովել ստաբիլություն, օղակ գցել երկու երկրների վզին՝ թե՛ Ադրբեջանի, թե՛ ՀՀ-ի, բայց պլանները խախտվեցին, Թուրքիան մեջ մտավ: Չեմ բացառում, որ Թուրքիայի հետ է եղել այդ պայմանավորվածությունը ռուս-թուրքական: Իհարկե, չեմ բացառում:
Կարդացեք նաև
Եվ չպետք է որեւէ մեկը զարմանա, որ Հայաստանը փորձում է իր անկախությունը պաշտպանել: Այդ ամբողջ պլանի մեջ ներս մտավ հայ ժողովուրդը, որը 2021-ին ընտրեց այն իշխանությանը, որը պետք է հեռանար, որպեսզի գար մի նոր իշխանություն, որ մենք անդամագրվեինք միութենական պետությանը»:
ԱԺ նախագահն ասաց, որ ամենամեծ մտահոգությունն այն է, թե որտեղից է հարվածը լինելու. «Ակնհայտ է, որ դա արվում է Ադրբեջանի ձեռքերով եւ ուղղված է մեր ինքնիշխանության դեմ: Հայ ժողովուրդը 2021-ին չեք պատկերացնի ինչ արեց, աշխարհաքաղաքական հարց է լուծել հայ ժողովուրդը՝ իր ընտրությամբ, միգուցե չգիտակցելով, միգուցե գիտակցելով, մեծ աշխարհաքաղաքական պլան է տապալել»:
Թե ո՞րն էր այդ պլանը, ըստ Ալեն Սիմոնյանի, Հայաստանն ուզում էին դարձնել ՌԴ-Բելառուս միութենական պետության անդամ:
Լրագրողների հարցին՝ Հայաստանին եղե՞լ է պաշտոնապես հրավեր դառնալու նման պետության անդամ՝ ԱԺ նախագահը պատասխանեց. «Չէ, այդպես չեն անում: Այնպիսի իրավիճակ են ստեղծում, որպեսզի նոր եկած իշխանությունն ասի՝ նախկիններն են մեղավոր, այսինքն՝ մենք, այլեւս անվտանգային որեւէ լուծում չկա, քան դառնալ միութենական միության մաս»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ