Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ խնդիր պետք է ստեղծի ՌԴ-ն, հարձակվի մեր վրա, սանկցիանե՞ր կիրառի, ի՞նչ պետք է անի…Մեր երկիրը ու մեր մարդիկ անսահման չեն». Ալեն Սիմոնյան

Փետրվար 29,2024 16:59

«Մենք չենք քննարկում վեկտոր փոխելու հարց, քննարկում ենք` ինչ անենք, որ նվազեցնենք վտանգները, որոնք ՀՀ-ին սպառնում են»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հարցին՝ բա ինչո՞ւ վարչապետը հայտարարեց, որ դե ֆակտո սառեցրել ենք անդամակցությունը ՀԱՊԿ-ին, դե յուրե էլ կսառեցնենք՝ նա պատասխանեց. «Որեւէ մեկը չի բացառում դա: Մեր հանրությունը մշտապես այդ պահանջն է մեզ ներկայացնում»:

Եթե որոշումը կայացված չի, ինչու է վարչապետը խոսում այդ մասին, դա կարո՞ղ է խնդիրներ ստեղծել ՌԴ-ի հետ հարաբերություններում՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Արդեն չգիտեմ՝ ի՞նչ խնդիր պետք է ստեղծի ՌԴ-ն, հարձակվի մեր վրա, սանկցիաներ կիրառի, ի՞նչ պետք է անի: Մենք պաշտպանության կարիք ունեինք, թե՛ ԼՂ-ի մասին եմ խոսում, թե՛ ՀՀ ինքնիշխան տարածքի մասին, բայց մեկ տասնյակից ավելի դրվագներով ակնհայտ դարձավ, որ մեր դաշնակիցը մեզ չի օգնում:

Չեն էլ ասում, որ չենք օգնելու, գոնե ասեն: Չեն օգնում, ասում են` դե լավ, տեսնենք, մտածենք, հասկանանք: Բայց մեր երկիրը ու մեր մարդիկ անսահման չեն, անծայրածիր չեն, մենք այդքան ռեսուրս չունենք, որ մեր երեխաների, մեր տղաների հաշվին, մեր երկրի սահմանների հաշվին սպասենք, տեսնենք մեր դաշնակիցը, որը դաշնակից է թե՛ ՀԱՊԿ-ով, թե՛ ուղիղ պայմանագրով, երբ է օգնելու:

Հետո շուռ են գալիս, ասում են՝ դուք սա չարեցիք, դրա համար մենք չօգնեցինք: Իսկ ո՞ւր են շահերը, դաշնակցային պարտավորությունները: Միշտ դաշնակցային պարտավորությունները իրենց վրայից գցելով չէ: Գցում են իրենց վրայից, ոչբարիդրացիական արձագանք, ոչբարիդրացիական քայլ»:

Հարցին՝ դուք այլընտրանք ունե՞ք, դա բավարա՞ր է՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Իհարկե, մենք մտահոգված ենք, որեւէ մեկը ռազմաբազայի մասին չի խոսում, բայց մեր համար ակնհայտ է, որ այս անվտանգային համակարգը չի գործում: Է՞լ ինչ պետք է լինի, որ հասկանանք այս համակարգը չի գործում: Տարբեր արդարացումներով՝ դուք սենց արեցիք, մենք սենց արեցիք, մենք զբաղված էինք Ուկրաինայով, դուք զանգեցիք, զանգին չհասցրեցինք պատասխանել…Չի գործում: Արցախը տեսանք ինչ եղավ, խաղաղապահները տեսանք ինչ եղավ,  Խծաբերդը, Հին թաղերը տեսանք ինչ եղավ, Սեւ լիճը տեսանք ինչ եղավ, Ջերմուկը տեսանք ինչ եղավ, գերիները տեսանք ինչ եղավ: Քանի՞ օրինակ բերեմ: Մեր ռեսուրսը՝ մարդկային, քաղաքական, պետական անսահմանափակ չի: Է՞լ ինչ պիտի լինի, Լաչինի միջանցքը տեսանք ինչ եղավ, ո՞ր մի օրինակը բերեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829