ՆԳՆ-ն թույլատրում է ոստիկաններին խախտել ՃԵԿ բոլոր կանոնները
Ոստիկանության բարեփոխումները վերահսկելու շրջանակներում շարունակաբար ականատես ենք լինում ՆԳՆ համակարգի կողմից ոստիկանության ծառայողների կատարած խախտումների հանդեպ լիակատար անտարբերությանը և ներողամտությանը։
Այս միտումը ստուգելու համար հարցում էինք ուղարկել Ներքին գործերի նախարարություն՝ խնդրելով հայտնել, թե 2023 թ.-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության տեսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից ոստիկանությանը պատկանող քանի՞ մեքենայի վերաբերյալ է խախտում արձանագրվել արագաչափերի և խաչմերուկները վերահսկող տեսախցիկների միջոցով։
Ըստ հարցման պատասխանի, նշված ժամանակահատվածում ոստիկանական տրանսպորտային միջոցների վերաբերյալ ընդհանուր առմամբ արձանագրվել են 305 խախտման դեպքեր (այստեղ ներառված չեն առկայծող փարոսիկներով կահավորված, օրինակ` պարեկային ծառայության մեքենաները)։
Կարդացեք նաև
Լրացուցիչ հարցմանը, թե այս 305 դեպքերից քանիսո՞վ են ծառայողները կարգապահական պատասխանատվության ենթարկվել (ծառայողական քննություններ են անցկացվել), պատասխան ենք ստացել միայն, որ տվյալ խախտումները կատարվել են «ծառայողական անհրաժեշտությունից» ելնելով և քննություն անցկացնելու անհրաժեշտություն անգամ չի առաջացել։
Քանի որ այս բոլոր խախտումները, ըստ ՆԳՆ-ի, ծառայողական անհրաժեշտությամբ են պայմանավորված եղել, ուրեմն՝ ոստիկանությունը, ենթադրաբար, պետք է որ բացատրություն վերցրած լիներ համապատասխան տրանսպորտային միջոցը վարած ծառայողներից՝ ծառայողական անհրաժեշտության փաստը պարզելու համար։
Այս մասին նույնպես հարցում արեցինք, և պարզվեց՝ քանի որ դեպքերով ծառայողական քննություն չի իրականացվել, հետևաբար՝ նաև բացատրություն չի վերցվել ծառայողներից։
Սակայն հետաքրքիր է՝ եթե ո՛չ ծառայողական քննություն է իրականացվել, ո՛չ բացատրություն է պահանջվել նշված խախտումների համար, ապա ինչպե՞ս է պարզվել, որ այսքան դեպքերը պայմանավորված են եղել ծառայողական անհրաժեշտությամբ։
Այս մասին ևս մեկ հարցում ուղարկելով՝ ոստիկանությունից ստացանք միայն հերթական խուսափողական պատասխանը, թե խախտումների վերաբերյալ իրականացվել են ինչ-որ «ուսումնասիրման աշխատանքներ, ստուգողական գործողություններ»։ Սակայն թե ինչպե՞ս, ի՞նչ հիմքով և ո՞ւմ կողմից են այս դեպքերը «ծառայողական անհրաժեշտություն» որակվել և այդ ի՞նչ ուսումնասիրություններով է դա պարզվել՝ այդպես էլ չիմացանք։
Այստեղ նաև հարկ է նկատել, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը երթևեկության կանոնների խախտման համար «ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված» արդարացում չի նախատեսում: Այլ կերպ ասած՝ որևէ տեղ սահմանված չէ, որ ծառայողական անհրաժեշտության հիմքով կարելի է երթևեկության կանոններ խախտել, եթե դա չի արվել համապատասխան առկայծող փարոսիկներ ունեցող ավտոմեքենայով:
Չարաճճի, բայց զղջացող ոստիկանները
Մի կողմ թողնելով ոստիկանության վկայակոչած 305 դեպքերը՝ այժմ անդրադառնանք «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից ուղարկված դիմումների ընթացքին:
Հիշեցնենք, որ անցած տարի ԻՔՄ-ն իրականացնում էր «Իրավահավասար քաղաքացի» հանրային արշավը՝ «Չարաճճի պաշտոնյաներ» ֆեյսբուքյան խմբի միջոցով, որտեղ քաղաքացիները հրապարակում էին իրենց արձանագրած՝ այդ թվում նաև ոստիկանների կողմից արված խախտումները: Այդ խախտումներից 13-ի կապակցությամբ (որոնք վերաբերում էին ոստիկաններին) ԻՔՄ-ն դիմել էր ՆԳՆ՝ խնդրելով պատասխանատվության ենթարկել կարգազանց իրավապահներին:
Նշենք, որ ոստիկանությունը, նախ, պատշաճ կերպով բոլոր նշված դեպքերով սկսել էր ծառայողական քննություններ, որոնց արդյունքում, սակայն, բարեհոգի էր գտնվել՝ ներելու և արդարացնելու տրանսպորտային միջոցը վարող ծառայողներին։ Ներման համար հիմնականում հիմք էր հանդիսանում ոստիկանության կարգապահական կանոնագրքի 16-րդ հոդվածի 1-ին մասը, որով ծառայողին թույլատրվում է ազատվել կարգապահական տույժից, եթե վերջինս «նման արարք կատարել է առաջին անգամ, կամ կարգապահական խախտում կատարած ոստիկանության ծառայողն անկեղծորեն զղջացել է, ներողություն է խնդրել կոլեկտիվից կամ տուժողից կամ կամավոր հատուցել է իրավախախտմամբ պատճառված վնասը»։
Ստորև կարող եք տեսնել այդ խախտումներից մի քանիսը:
Սա խմբում հրապարակված ամենաառաջին խախտումներից է, որտեղ ակնհայտ երևում են Տիգրան Պետրոսյան փողոցի երթևեկելի ձախ գոտում կանգնած երկու ոստիկանական մեքենաները և ներսում նստած ոստիկանները, որոնք թեժ զրույցի էին բռնված՝ խանգարելով երթևեկությունը։
Ներքին գործերի նախարարություն ներկայացրած մեր հաղորդմանը ի պատասխան՝ ստացել էինք հավաստիացում, որ նշված խախտումը իրականում խախտում չէ՝ ըստ էության, քանի որ մեքենաների առկայծող փարոսիկները միացված էին:
Այսինքն՝ ՆԳՆ համար, անկախ պատճառից, եթե միացված են եղել ոստիկանության տվյալ մեքենայի փարոսիկները, ուրեմն ոստիկանները գործել են թույլատրելիի սահմաններում… Ու ընդհանրապես կապ չունի, որ տվյալ մեքենաները կանգնած են ճամփեզրին՝ առանձնապես ոչնչով չզբաղված։
Ավելին՝ պատասխանից իմանում ենք, որ ծառայողը միայն մի բանն է սխալ արել՝ չի կրել տեսանկարահանող սարքը, ինչի համար «ազնվորեն զղջացել է»։
Անցնենք մյուս դեպքին․ Երևանի Հալաբյան-Մարգարյան («Ֆիզիկայի») խաչմերուկում տեսախցիկների տակ խախտում կատարելիս նկատվել է ՆԳՆ ծառայողական ավտոմեքենան, որը Հալաբյան փողոցի ձախ եզրային գոտուց երթևեկությունը շարունակել է ուղիղ, ի հեճուկս երթևեկությունը միայն դեպի ձախ թելադրող նշանի։
ՆԳՆ պատասխանը գրեթե նույնն էր, ինչ նախորդ դեպքում՝ ծառայողը, իրոք, խախտել է երթևեկության կանոնները, բայց քանի որ ունի դրական բնութագիր և անկեղծորեն զղջացել է, որոշվել է նրա նկատմամբ կարգապահական տույժ չկիրառել:
Միաժամանակ, հարցին, թե ինչո՞ւ խախտումը չէր ֆիքսվել այդ խաչմերուկում առկա տեսախցիկների կողմից, ՆԳՆ-ից չկարողացան պատասխանել՝ պատճառաբանելով, որ տեսագրությունների պահպանման առավելագույն ժամկետը 72 ժամ է և այլևս հնարավոր չէ վերստուգել։ Ամեն դեպքում, մեր կողմից փաստվել էր, որ խաչմերուկի տեսախցիկը չէր արձանագրել ոստիկանական պետհամարանիշներով մեքենայի ակնհայտ խախտումը, որի համար ամեն օր բազմաթիվ այլ վարորդներ տուգանվում են:
Բերված օրինակներից հետևում է, որ ամենևին էլ զարմանալի չէ տարվա ընթացքում արձանագրված 305 ծառայողական քննությունների արդյունքներով 0 ծառայողական տույժ տեսնելը։ ՆԳՆ համար, ոստիկաններին արդարացնող «նառուշիլովկաների» ինստիտուտից զատ, գործում է նաև «ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված» խախտումների և «ազնվորեն զղջալու» ինստիտուտը։ Այս դեպքում համակարգը «պայքարում է» ոստիկանության շարքերում օրինախախտումների դեմ՝ ուղղակի դրանք չարձանագրելով և ծառայողների համար նրանց փոխարեն արդարացումներ մտածելով։
Այլ կերպ ասած՝ ոստիկանները ներվում են երթևեկության կանոնների այն խախտումների համար, որոնց համար մյուս քաղաքացիները տուգանվում են անխտիր կերպով:
Հ․Գ․ Կրկին հիշեցնենք, որ խոսքը առկայծող փարոսիկներով մեքենաների մասին չէ:
Լիլիթ Ղազարյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»