«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը
Պարզվել է, որ գազօջախները 100 անգամ ավելի վնասակար են, քան մեքենաների արտանետումները:
ԱՄՆ-ի Փրդյու համալսարանի մի խումբ գիտնականներ իրենց վերջին ուսումնասիրության մեջ պարզել են, որ գազօջախի վրա եփելիս շատ անգամ ավելի շատ վնասակար նանոմասնիկներ են արտանետվում օդ, քան բենզինով կամ դիզելային վառելիքով աշխատող մեքենաների արտանետումներից։ Հետազոտողների աշխատանքը հրապարակվել է PNAS Nexus ամսագրում:
Իրենց ուսումնասիրության ընթացքում գիտնականները կենտրոնացել են 1-3 նանոմետր չափերով ամենաքիչ ուսումնասիրված նանոմասնիկների վրա: Նրանք հեշտությամբ թափանցում են մարդու շնչառական համակարգ, այնուհետև կարողանում են տեղափոխվել այլ կենսական օրգաններ, այդ թվում՝ լյարդ և ուղեղ, և կարող են կուտակվել այնտեղ՝ հրահրելով տարբեր հիվանդությունների զարգացում։
Կարդացեք նաև
Օգտագործելով օդի որակը չափող ժամանակակից սարքավորումներ՝ գիտնականներն ուղղակիորեն չափել են նանոմասնիկների քանակը հատուկ նախագծված սենյակում։ Նրանք պարզել են, որ գազօջախի վրա ճաշի պատրաստման դեպքում, ներսում գտնվող մարդիկ 10-ից 100 անգամ ավելի վնասակար նանոմասնիկներ են ներշնչում, քան դրսում զբաղված փողոցում կանգնած մնալու դեպքում: Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ գազօջախի վրա կերակուր պատրաստելիս առաջացած նանոկլաստերային աերոզոլը շատ կայուն է և կարող է հեշտությամբ խառնվել ավելի մեծ մասնիկների հետ, որոնք օդ են մտնում յուղերից և այլ ապրանքներից:
Փորձի ժամանակ հետազոտողները օգտագործել են պրոպանի գազօջախներ, և ստացված տվյալները համեմատելի էին պինդ վառելիքով և այլ տեսակի գազով աշխատող վառարանների համար իրականացված նմանատիպ ուսումնասիրության արդյունքում ստացված արտանետումների հետ:
Իրենց աշխատանքի արդյունքում գիտնականները եզրակացրել են, որ ուտելիքը նախընտրելի է պատրաստել էլեկտրական վառարանների վրա, իսկ պրոպանով աշխատող գազօջախներ օգտագործելիս խորհուրդ է տրվում օգտագործել օդաքարշիչ։