Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչը պարզ չի այդտեղ, ի՞նչ գնահատական եք ուզում լսել, ուզում եք լսել, թե 2018-ից առաջ քանի շուկայում քանի սահմանափակո՞ւմ է եղել». Գեղամ Գեւորգյան

Փետրվար 29,2024 15:37

ԱԺ-ում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Գեղամ Գեւորգյանի թեկնածության հարցի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը իր ելույթում ասաց. «Եթե նախկինում մոնոպոլիաներ են եղել, հիմա չկան, ինչի՞ չեք ասում, թե ո՞ր կազմակերպություններն են, ինչի՞ գնահատականներ եք տալիս: Չէ, ասեք ովքեր են, ինչ են, խի են, ոնց է եղել, ժողովուրդը ցանկանում է դա լսի: Կամ հիմա չկա՞ այդ գերակա դիրքն ու առիթից օգտվող օլիգարխիան: Իհարկե, կա: Ինչքան էլ այստեղ ասեք չկա, լուրջ չի լինի»: Նա հորդորեց ժողովրդի աչքին թոզ չփչել ու պատասխաններ պահանջեց, թե ո՞րն է խնդիրը, որ բենզինը Վրաստանում էժան է, Հայաստանում՝ այսքան թանկ, ինչո՞ւ Իրանից չեն ներկրում, Իրանում էժան է:

Ի պատասխան՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց, որ վառելիք ներմուծող ընկերությունները պայմանագիր են կնքել ու պարտավորություն ունեն միայն ՌԴ-ից ներկրելու. «Դա խաթարել է մրցակցությունը երկրում: Հակամրցակցային պայմանավորվածություն կա, հնարավոր չի Պարսկաստանից ներկրել, քանի դեռ չի ավարտվել ՌԴ-ի հետ պայմանագրի ժամկետը»:

Թեկնածուն՝ Գեղամ Գեւորգյանը իր ելույթում զարմանք հայտնեց, որ ընդդիմադիրը՝ Գառնիկ Դանիելյանը ուզում է լսել գնահատականներ, թե ինչ է եղել 2018-ից առաջ. «Երբ այդ հարցն ինձ տալիս է իշխող խմբակցության ներկայացուցիչը, ես տրամաբանություն տեսնում եմ: Մենք միշտ փորձել ենք պահել քաղաքական զսպվածությունը: Ի՞նչը պարզ չի այդտեղ, ի՞նչ գնահատական եք ուզում լսել: Ուզում եք լսել, թե 2018-ից առաջ քանի շուկայում քանի սահմանափակո՞ւմ է եղել: Լսենք, թե քանի տնտեսվարող քանի՞ տոկոս է զբաղեցրել շուկայում: Մենք նման գնահատականներ չենք ցանկանում տալ: Մեզանից ակնկալիքը եղել է քաղաքական զսպվածությունը եւ դրանից է բխում, որ բազմաթիվ տնտեսվարողներ, որոնք ունեցել են գերիշխող դիրք, հիմա էլ աշխատում են այդ շուկայում, այսինքն, մեր առջեւ տնտեսության վերաբաշխման խնդիր չենք դրել: Մոնոպոլիաներ իհարկե ունեցել ենք, վերցրեք պարզ վիճակագրություն, վերցրեք հարկային մուծումների տվյալներ, տեսեք քանի տնտեսվարող սուբյեկտ է զբաղվել իքս գործունեությամբ, հիմա քանիսն են զբաղվում, դրանցից քանիսն են օրգանիկ ընկերություններ»:

Ինչ վերաբերում է բենզինի գնին, Գեղամ Գեւորգյանը պարզաբանեց. «Ասում եք՝ բազմաթիվ քաղաքացիների հետաքրքրում է, թե ինչի է բենզինը Վրաստանում էժան Հայաստանից: Բայց դա սովորական աշխարհագրություն է: Փոթիից Թիֆլիս շատ ավելի մոտիկ է, քան Երեւան: Մեր երկաթուղին լիտրի վրա ավելացնում է 10-13 դրամ»:

ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ելույթում ասաց, որ նախկինում էլ ունեցել ենք Մրցակցության հանձնաժողով, ֆորմալ առումով մի ոլորտում աշխատել է մի քանի ընկերություն, բայց բոլորն իմացել են, թե այդ ոլորտում ով է եղանակ թելադրողը. «Մրցակցության հանձնաժողովը որոշ դեպքերում տուգանքներ է գրել ու օգտագործվել որպես մահակ՝ մրցակիցներին պատժելու, դաշտից դուրս թողնելու: Հիմա 5 տարիների ընթացքում կարող ենք ասել, որ ՀՀ-ում մրցակցային իրավիճակում էական տեղաշարժ ունենք, այստեղ իրոք իրավիճակ է փոխվել: ՀՀ-ում որեւէ մեկը չի կարող որեւէ այլ մարդու, տնտեսվարողի կամ ընկերության խոչընդոտել, եթե ցանկանում է բիզնեսի որեւէ տեսակով զբաղվել, մուտքի արհեստական խոչընդոտներ բացառվում է, որ լինեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829