Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի հատ արեք կողմնորոշվեք, էլի…Չի կարելի ամեն օր փոխել դիրքորոշումը». Վլադիմիր Վարդանյանը՝ Արծվիկ Մինասյանին

Փետրվար 29,2024 15:16

Այսօր ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը,  դիմելով իշխող մեծամասնությանը, ասել էր. «Դուք զավթել եք իշխանությունը եւ շարունակում եք ուզուրպացիոն ձեր քաղաքականությունը տարածել բոլոր մարմինների ուղղությամբ։ Իրականացնում եք այդ քաղաքականությունը՝ առանց հաշվի առնելու, որ Սահմանադրությամբ իշխանությունների տարանջատման սկզբունքի խախտումը հանցագործություն է։ Եվ առերեւույթ այս հանցագործության համար վաղ թե ուշ պատասխան եք տալու»։

Արծվիկ Մինասյանը խոսում էր ՍԴ դատավորի ընտրության մասին, որի քվեարկության ժամանակ քաղաքական մեծամասնությունը բոյկոտեց. «Սա նոնսենս է, սա քաղաքական անտրամաբանություն է, երբ իշխանությունը բոյկոտում է իր իսկ սահմանադրական պարտականության կատարումը՝ չներկայացնելով որեւէ փաստարկ։ Սա ուղերձ է ձեզ բոլորիդ, սիրելի հայրենակիցներ, որով քաղաքական մեծամասնությունն ասում է, որ այն, ինչ սրտով չէ, այն անձը, որը չի անցնել իրենց թրի տակով կամ այն անձը, որը կփորձի ցուցաբերել որոշակի օբյեկտիվություն, համարձակություն՝ առաջնորդվելու իրավունքի գերակայությամբ, Սահմանադրությամբ, այդ անձը տեղ չունի պետական համակարգում։ Ավելին, սահմանադրական արդարադատության համակարգում»:

Մինասյանը հորդորեց դատավորներին պահել իրենց արժանապատվությունը. «Դուք ընդհանուր ժողովով՝ 158 կողմ ձայնով ընտրել էիք անձ։ Այսինքն՝ նույնիսկ ամբողջ դատավորների 50 տոկոսից ավելին ներկայացրել է թեկնածություն։ Վստահել եք կոնկրետ անձի, որ նա պետք է Ազգային ժողովում ստանա քվե եւ իրականացնի սահմանադրական արդարադատություն։ Ի՞նչ արեց քաղաքական մեծամասնությունը, արհամարհեց ձեր այդ որոշումը։ Ասաց՝ ձեր այդ որոշումը կվերցնեք, կգնաք այլ տեղ, եթե մենք չենք ցանկանում, ուրեմն դուք չեք լինի։ Ըստ էության սա է ասվել ձեզ, հարգելի դատավորներ։ Եկել է ձեր արժանապատվությունը վերահաստատելու ու պահելու ժամանակը»:

Ի պատասխան՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հորդորեց ընդդիմությանը, որ այն նախագծերը, որոնք մեր երկրի տնտեսության, պաշտպանության վրա դրական ազդեցություն ունեն, դեմ չքվեարկեն միայն նրա համար, ինչ է թե այդ նախագծերը ներկայացրել է կառավարությունը եւ իշխող ուժը:

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ պատասխանեց Արծվիկ Մինասյանին՝ ասելով, որ մեր ընդդիմադիրները, վերջապես, տարիներ անց հիշեցին սահմանադրական մարմինների միջեւ ինստիտուցիոնալ հարգանքի սկզբունքի մասին. «Մի հատ մեծ «բայց» կա: Յուրաքանչյուր սահմանադրական մարմին պետք է մնա իր սահմանադրական լիազորությունների մեջ: Այն, որ ՍԴ դատավորների թեկնածուների առաջադրումը վերապահված է երեք սահմանադրական մարմիններին՝ ՀՀ նախագահին, կառավարությանը եւ դատավորների ընդհանուր ժողովին, սա վերջիններիս անվիճելի, անքննադատելի իրավունքն է, որը պետք է հարգվի: Բայց կներեք՝ ԱԺ-ի սահմանադրական լիազորությունն է ընտրելու կամ չընտրելու ՍԴ դատավորներ, սա արդյոք չի՞ տեղավորվում սահմանադրական մարմինների նկատմամբ հարգանքի սկզբունքի մեջ: Այսօր իմ կողմից շատ հարգված պարոն Մինասյանի ելույթը լսելիս՝ ես դեժավյու ապրեցի, կարծես թե վերջինս փորձում էր կրկնել որոշ բաներ, որոնք այս վերջին 2-3 տարիներին մենք ասում ենք՝ ժողովուրդ ջան, եկեք մասնակցեք պետական մարմինների ընտրություններին: Եկեք ձեւավորենք դատական իշխանությունը միասին, մասնակցեք քվեարկություններին: ԲԴԽ գիտական անդամների ընտրություն՝ 0 մասնակցություն ընդդիմության կողմից, Վճռաբեկ դատարանի դատավորներ՝ 0 մասնակցություն ընդդիմության կողմից: Եթե այդքան կարեւոր եք համարում այդ ինստիտուցիոնալ հարգանքը, դատավորների ժողովի հետ կան նաեւ այլ ինստիտուտներ, օրինակ, կառավարությունը, օրինակ, ՀՀ նախագահը: Երկու քվեարկություն ունենք, տեսնենք` ընդդիմությունը մասնակցելո՞ւ է այս քվեարկություններին, թե՞ ոչ»:

Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ ՍԴ դատավորը պետք է օժտված լինի որոշակի կարեւորագույն որակներով. «Որեւիցե մեկը կասկածի տակ չի դնում Դավիթ Բալայանի մասնագիտական գիտելիքները, նրա՝ կայացած դատավոր լինելը, քրեական արդարադատության ոլորտում հաջողությունները, նրա կողմից արդարացումները»:

Նա հավելեց, որ ընդդիմադիրների՝ ՍԴ-ի վերաբերյալ մոտեցումը ամեն օր փոխվում է, մե՛կ գալիս են ասում են՝ ձեր կողմից ձեւավորված ոչ լեգիտիմ ՍԴ-ն, մե՛կ ասում են՝ ՍԴ-ն այսքան կարեւոր մարմին է, ինչի՞ եք բոյկոտում ՍԴ դատավորի ընտրությունը. «Մե՛կ ասում եք՝ ձեր ՍԴ-ն այս որոշումը կայացրեց, դրա համար սա մնաց, մե՛կ ասում եք՝ ՍԴ որոշումը չեք կատարում: Հիմա մի հատ արեք կողմնորոշվեք, էլի, եթե համարում եք ՍԴ-ն ոչ լեգիտիմ, ուրեմն ճիշտ կլինի ընդհանրապես որեւիցե առումով չանդրադառնալ ո՛չ նրա գործունեությանը, ո՛չ նրա գոյությանը: Չի կարելի ամեն օր փոխել դիրքորոշումը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829