Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դեռևս մեկ դար առաջ Սպենդիարյանն անձամբ տրվել էր երիտասարդ երաժիշտներին բացահայտելու առաքելությանը». Մուսաները թանգարանում

Փետրվար 29,2024 15:22

Վիեննայում կայանալիք MUSE Vienna  մեծ փառատոնի շրջանակում MUSE մշակութային միավորման կազմակերպած Muse in Museums նախընտրական համերգների շարքը մեկնարկեց փետրվարի 24-ին՝ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում: 2016 թվականից անցկացվող այս փառատոնը բացահայտել ու աշխարհին է ներկայացրել բազում տաղանդավոր երիտասարդների տարբեր երկրներից: Հայաստանի փոքրիկ երաժիշտները մշտապես եղել են այս փառատոնի մասնակիցները և աշխարհին ներկայացրել ոչ միայն դասական, այլև հայ ազգային նվագարանները:

MUSE մշակութային միավորման, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի և Ա. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի համագործակցությամբ կազմակերպված այս համերգաշարը կոմպոզիտորի հարկի տակ էր հավաքել պատանի երաժիշտներին: Նրանք հինգն էին՝ Եվա Ներսիսյան (ֆլեյտա), Միքայել Արաբյան (վոկալ), Լուիզա Մելքումյան (քանոն, սանթուր), Մարիա Ներսիսյան (դաշնամուր), Արիանա Զարգարյան (վոկալ), որոնք փայլեցին իրենց կատարողական վարպետությամբ և հիացրին ունկնդիրներին: Հնչեցին Ի. Ալբենիսի, Ս. Ռախմանինովի, Ա. Սպենդիարյանի, Ա. Խաչատրյանի, Ա. Բաբաջանյանի, Յու. Դոլժիկովի և այլոց ստեղծագործությունները:

Համերգի սկիզբը ազդարարվեց  MUSE Vienna մեծ փառատոնի ավանդույթով՝ կազմակերպիչները վառեցին մոմը, որը միասնության, մեկ ընտանիքի մեջ լինելու խորհուրդն ուներ, իսկ համերգի ավարտին այն մարեցին մասնակից երաժիշտները՝ կրկին վառելու նախապայմանով:

Շնորհավորելով մասնակիցներին MUSE մշակութային միավորման ղեկավար Կարինե Հարությունյանը նշեց. «Ինձ համար կարևոր է, որ նախագիծը հնարավորինս շատ տաղանդավոր երեխաներ բացահայտի և այն դառնա ոգեշնչման և լույսի աղբյուր՝ նրանց հետագա  ճանապարհին»: Իսկ Ա. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Մոնիկա Պետրոսյանը բարձր գնահատեց MUSE Vienna փառատոնի նշանակությունը տաղանդավոր հայ երեխաներին բացահայտելու և աշխարհին ներկայացնելու գործում:

«Դեռևս մեկ դար առաջ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը կարևորում և անձամբ տրվել էր երիտասարդ երաժիշտներին բացահայտելու, նրանց համար ճանապարհ հարթելու առաքելությանը, ուստի այսօր նրա տանը նույն գաղափարին միտված այս նախաձեռնությունը պատահական չէ»,- նշեց Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը:

Կազմակերպիչների կողմից մասնակիցներին հանձնվեցին վկայականներ և նվերներ:

 Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829