Ինչպես արդեն հայտնել էինք, Իրաք կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Բաղդադի հայկական համայնքի և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
«Պատմության այդպիսի դառը փաստեր շատ կան, այդ թվում նաեւ՝ այս երկրում ապրող ազգեր կան, որոնք եղել են հզոր երկրի ներկայացուցիչներ: Ցավոք սրտի, չունենալով պետականություն, իրենք աստիճանաբար կորցնում են իրենց ինքնությունը: Այստեղ, իհարկե, անուրանալի մեծ դեր է ունեցել Հայ Առաքելական եկեղեցին: Ոչ ոք դա չի կարող հերքել եւ չի էլ պատրաստվում հերքել: Սա փաստ է, որին առնչվում ենք ամենօրյա մեր իրականության մեջ, ու նաեւ պատմության դաս է մեզ համար:
Եվ Առաքելական եկեղեցին իր յուրահատուկ դերը շարունակելու է պահպանել: Դա պայմանավորված է եւ պետության վերաբերմունքով, բայց նաեւ պայմանավորված է մեր ժողովրդի էությամբ: Ըստ էության՝ մենք էությամբ ենք այդպիսին:
Փաստ է բոլորիս, որ եթե մենք այսօր կանք հայ՝ դա հենց հիմնականում պայմանավորված է եղել եկեղեցու գոյությամբ: Եկեղեցին ինքն այդ պարտականությունը, այդպես կարող եմ ասել, վերցրել է իր վրա, քանի որ մենք, չունենալով պետություն, սփռված լինելով աշխարհում համարյա բոլոր տեղերում, բայց մնացել ենք որպես հայ, որպես քրիստոնյա, որպես հայ առաքելական եկեղեցու կամ նույնիսկ կաթոլիկ եկեղեցու կամ քրիստոնյա այլ ուղղությունների ներկայացուցիչներ»,- հանդիպման ընթացքում մասնավորապես ասել է ՀՀ նախագահը: