Լրահոս
Օրվա լրահոսը

Մասիվում տներ են քանդում՝ Ավինյանի ժամեր առաջ կայացրած որոշմամբ

Փետրվար 29,2024 14:41

Նոր-Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի սկզբնամասում ինքնակամ կառուցված բնակելի տների քանդման աշխատանքները սկսելուց առաջ այսօր եկան նաեւ պետական պաշտոնյաներ:

«Քաղաքապետի՝ քանդման որոշում ունենք: Քաղաքացիների կողմից ապօրինի զավթված այս տարածքում նախկինում եղել է այգի: Քաղաքապետի որոշման հիման վրա այս ամենը քանդվելու է, դառնալու է այգի, անտառ»,- լրագրողների հետ զրույցում ասաց պետական պաշտոնյաներից մեկը:

Հարցին, թե ինչ այլընտրանք են առաջարկում այդտեղ կառուցված տների բնակիչներին, պաշտոնյան զարմացավ՝ հարցնելով՝ ի՞նչ այլընտրանք, ցույց տվեք այստեղ տներ.  «Ով որ այստեղ է ապրում, այդ մասով քննարկումներ են գնում: Այս պահին ունենք քաղաքապետի քանդման որոշում, այդ ենք իրականացնում: Որոշումը կարող եք բողոքարկել»:

Ըստ այդ պաշտոնյայի ՝ քաղաքապետի քանդման որոշումը ենթադրում է մերժել քաղաքացիների դիմումները՝ այդ տարածքները սեփականաշնորհելու մասին. «Շենքեր չեն դառնալու, այգի է դառնալու, բոլորինս է լինելու այդ այգին» :

Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանն էլ դիմելով այդ պաշտոնյային հարցրեց՝ «Եթե օրենքից եք խոսում, ինչո՞ւ է այս առանձնատունը սեփականաշնորհված եւ դեռ վաճառվում էլ է»:

Պաշտոնյան պատասխանեց. «Չգիտեմ»:

Բնակիչներն էլ պահանջեցին քաղաքապետի որոշումը՝ սպառնալով, մինչեւ ցույց չտաք, ոչ մի գործողություն չեք սկսի:

Դեպքի վայրում էր նաեւ «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը, նա նույնպես քաղաքապետի քանդման մասին գրավոր որոշումն էր փնտրում. «Կարիկատուրա է, բերում, ցույց չեն տալիս: Տվեք, կարդանք, տվեք որոշումը»: Հետո դժվարությամբ որոշումը հանձնեցին Մանուկյանին, վերջինս այն բարձրաձայն կարդաց հավաքված քաղաքացիների համար. «Նախ որոշումն այսօր է կայացվել, երեւի րոպեներ առաջ, ֆիքսենք, որ էս մարդիկ, որ առավոտ շուտ եկել են, միգուցե որոշումը չեն էլ ունեցել»:

Իզաբելլա Աբգարյանն էլ շարունակեց, թե իրավական մոտեցում չէ, որոշումն այսօր ընդունել ու բնակիչներին չծանուցել:

Մանուկյանը շարունակեց որոշման ընթերցանությունը. «Այս որոշման մեջ բառացի կարդում եմ, վարչական վարույթի ընթացքում լսումներ չեն անցկացվել, այսինքն` ժողովրդին բանի տեղ չեն դրել»:

«Ոչ էլ ավագանու հետ է քննարկվում անցկացվել»,- հավելեց Աբգարյանը:

By the decision of the Mayor of Yerevan the illegal buildings built in the park named after Tatul Krpeyan in Nor Nork administrative district are being demolished

Ընթերցանությունը ընդհատեցին քաղաքացիներին ուղղված ոստիկանների հեռանալու հորդորները, տրակտորը մոտեցավ, որ սկսվի քանդման աշխատանքները, քաղաքացիները, շրջան կազմած, կանգնեցին: Մեծ թվով ոստիկաններ կուտակվեցին դեպքի վայրում ու սկսվեց հրմշտոց, գոռոց-աղմուկ-աղաղակ:

By the decision of the Mayor of Yerevan the illegal buildings built in the park named after Tatul Krpeyan in Nor Nork administrative district are being demolished

Քաղաքացիները փակեցին տրակտորի դիմացը եւ փորձեցին թույլ չտալ աշխատանքները սկսել: Չնայած քաղաքացիների դիմադրությանը՝ տրակտորն առաջ էր շարժվում: Կարմիր բերետավորները հեռացնում էին քաղաքացիներին, հորդորում չխոչընդոտել քաղաքապետի որոշման իրականացմանը: Նրանք նաեւ շղթա կազմած քաղաքացիների դիմադրությունն էին կոտրում:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829