Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաչիկ գյուղի 2 բնակիչներ վարկ են վերցրել ու ամբողջ գյուղը դարձրել վարկի երաշխավորներ»․ Փաշինյան

Փետրվար 29,2024 14:33

«Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում երկար ժամանակ մի խնդիր գոյություն ունի, խառը մի պատմություն, երբ երկու բնակիչներ վարկ են վերցրել ու գործնականում ամբողջ գյուղը դարձրել վարկի երաշխավորներ»,-այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, որ այս գործով քրեական գործ է հարուցված:

«Մենք այս թեմային մի քանի անգամ առնչվել ենք, ու ամեն անգամ մտածում էինք, թե ինչպես դուրս գանք այս իրավիճակից։ Երկու քաղաքացի վարկ են վերցրել, չգիտեմ, թե ինչ մեխանիզմով ամբողջ գյուղին դարձրել են երաշխավոր: Հետո էդ վարկերը չեն փակել ու ամբողջ գյուղը հայտնվել է «սեւ ցուցակ»-ում, չեն կարողանում ո՛չ վարկ վերցնել, ո՛չ մի բան»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ այս թեմաներին առնչվել է նաեւ պատգամավոր եղած ժամանակ, եւ ի վերջո այսօր լուծում են գտել՝ սահմանամերձ բնակավայրերում բնակելի տներ կառուցելու ծրագիրը կա, բայց Խաչիկ գյուղը, որը ռազմավարական նշանակություն ունի, զրկված է այդ ծրագրից՝ գյուղի բնակիչների՝ սեւ-ցուցակում հայտնվելու պատմության պատճառով․ «Կառավարության այսօրվա նիստում կայացրել ենք եզակի մի որոշում։ Մենք որոշել ենք պետական բյուջեից 65,7 միլիոն դրամ հատկացնել ու Խաչիկ գյուղի այն բնակիչները, որոնք երաշխավոր են դարձել, (բացի այն երկու քաղաքացիներից, ովքեր սկսել են այս պատմությունը) որոնք վստահության կամ չիմացության զոհ են դարձել, մենք որոշեցինք նրանց պատասխանատվությունը կիսել: Նրանց վարկային պատմությունը կզրոյացվի։ Այսինքն` այդ բնակիչները հնարավորություն կունենան վարկեր ստանալ»։

Փաշինյանը գյուղացիներին խնդրեց զգույշ լինել եւ նման պատմությունների մեջ չընկնել, քանի որ չեն կարող ամեն անգամ նման որոշումները կրկնել։

Կենտրոնական բանկի փոխնախագահ Հովհաննես Խաչատրյանը հայտնեց, որ 77 բնակչի մասին է խոսքը․ «Նրանք վարկառուներ են, միայն երաշխավորներ չեն։ Այդ մարդկանց վարկերը ստացել են ոչ իրենք, այլ այդ անձինք։ Այն դեպքերում, երբ քրեական գործի արդյունքում նրանց վրայից պարտավորությունները մարվել են, արդեն ոչ մի վարկ չունեն։ Նրանք, ովքեր այսօրվա որոշմամբ կառավարությունը նրանց պարտավորության մայր գումարները մարում է, վարկային երկու կազմակերպություններ կներեն տոկոսների, դատական ծախսերի ու տուգանքների մնացած մասերը, ընդհանուր մոտ 50 միլիոն դրամ է կազմում»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829