Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարա տենց բան լինի, որ մեր բոլորի հեռախոսահամարները, անձնական տվյալները վերցնեն, գնան դռները փակեն, ասեն՝ հոպ, հանկարծ մոտ չգաք»․ կառավարությունն ընդունեց «ՄՏՍ Հայաստան»-ի 20% բաժնետոմսերի նվիրատվությունը

Փետրվար 29,2024 12:38

«Հայաստանի Հանրապետությունը շնորհակալությամբ է ընդունում նվիրատվությունն այս ռազմավարական ոլորտում։ Հայաստանի ժողովուրդն, ի դեմս կառավարության, հենց հեռահաղորդակցության ոլորտի ռազմավարական նշանակություն ունեցող կազմակերպությունում մասնակցություն եւ ներկայություն ունենալու հնարավորություն ունի»,-այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի սեփականատեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունից «ՄՏՍ Հայաստան»-ի 20% բաժնետոմսերի նվիրատվությունն ընդունելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ։

Փաշինյանն ասաց, որ կառավարությունը պետք է մեր ընկերություններին խրախուսի, որպեսզի քաղաքացիների եւ բաժանորդների մասնակցությունն ապահովվի ընկերությունների կառավարման գործում․ «Այս առումով ուզում եմ ընդգծել հատկապես հեռահաղորդակցությունն ու էլի մի շարք ռազմավարական ոլորտներ։ Մենք բազմիցս ենք քննարկել, որ մենք պետք է մեր ռազմավարությունը վարենք այնպես, որ այդ ընկերությունները իրենց բաժնետոմսերի բաց բաժանորդագրման համակարգ ներդնեն բորսայական համակարգով։ Սա այն պարագան է, երբ ընկերությունները այդ թվում՝ ֆինանսական միջոցներ ներգրավելու համար, իրենց բաժնետոմսերը հանում են վաճառքի եւ դառնում են բաց բաժնետիրական ընկերություն։ Ես վստահ չեմ, որ փորձագիտական մակարդակում տիրապետում եմ այդ տեղեկատվությանը, բայց համոզված եմ, որ այսօր աշխարհում մեր իմացած ընկերությունների շարքում այդպիսին չկա, որ միջազգային բորսայում նրանց բաժնետոմսերը գնելու հնարավորություն չլինի»։

Փաշինյանի խոսքով՝ կառավարությունն նաեւ այս նվիրատվությունն ընդունելով՝ այդ ընկերություններին ուղերձ է հղում, որ ոչ թե կառավարությանը նվիրատվություն անեն, այլ բաց բաժնետիրական քաղաքականություն վարեն․ «Մենք պետք է մեր քաղաքականությունները մշակենք այս տրամաբանությամբ։ Եթե չխրախուսի կառավարությունը, ես չգիտեմ ինչ պայմաններում է դա տեղի ունենալու, որովհետեւ բաց բաժնետիրացում նշանակում է 100% թափանցիկություն։ Երբ յուրաքանչյուր քաղաքացի կամ մասնագետ կարող է բաց աղբյուրներում գտնել այդ ընկերությունների շրջանառությունը, ծավալները, ծախսերը, շահույթը, եկամուտները եւ այլն»։

Փաշինյանն ասաց, որ կառավարությունը որոշակի խթաններ նախատեսել է այն ընկերությունների համար, որոնք որոշում են դառնալ բաց բաժնետիրական․ «Բորսա գնալու ճանապարհին այդ ծախսերը սուբսիդավորում ենք։ Հատկապես ռազմավարական նշանակության ոլորտում մենք պետք է վարենք այդ քաղաքականությունը, որպեսզի մեր ընկերություններին մղենք բաց բաժնետիրության։ Կառավարությունը պետք է ունենա գործիքներ։ Բայց ամենալավ տարբերակն այն է, որ ոչ թե կառավարությունն ունենա գործիքներ, այլ հանրությունը։ Այս նվիրատվությունը ընդունելով՝ մենք պետք է այս ուղերձը հղենք, որ միջնաժամկետում, եթե հորդորները, խնդրանքը չազդի, մենք պետք է գնանք օրենսդրական մեխանիզմների։ Ասենք, որ սա է մեր շուկայում աշխատելու օրենքը։ Բաց բաժնետիրական ընկերություն չես, ուրեմն քեզ համար ուրիշ կանոններ են գործում։ Թափանցիկության մեր ստանդարտները պետք է դնենք, որովհետեւ մենք նաեւ իրավիճակների հետ ենք բախվել եւ բախվում, որը մեզ համար խնդրահարույց է, այդ թվում՝ ազգային անվտանգության տեսակետից»։

Այս նվիրատվության թեմայով, ինչպես ասաց Փաշինյանը, շահարկումներ են լինում՝ հիմա էլի սկսելու են՝ կառավարությունը 20% բաժնեմաս է ստացել․ «Որ կառավարության մի անդամի հորեղբոր տղեն 20% բաժնեմաս ստանար, բոլորը դրանից երեւի երջանիկ կզգային, որովհետեւ դրա մասին ընդհանրապես չէին իմանա։ Էդ դեպքերն էլ կան, հույս ունեմ, որ մեր իրավապահները, դատաիրավական համակարգի գործընկերները ժամանակին, արդեն ժամանակն էլ անցել է, այդ դեպքերը մեր հանրությանը ցույց կտան»։

Փաշինյանի խոսքով՝ պետք է խրախուսվեն, որպեսզի ընկերությունները դառնան բաց բաժնետիրական, բայց եթե այդ խրախուսանքը արդյունք չտա, ուրեմն այլ մեխանիզմներ պետք է կիրառեն, ընդհուպ՝ հարկային դիվերսիֆիկացիայի մեխանիզմի․ «Ասենք՝ դուք բաց բաժնետիրական ես, ուրեմն այս հարկն է․․․ Ես կարծում եմ, որ կա մի երկիր, որն ասում է՝ թող օտարերկրյա ներդրողները գան, մեր հեռահաղորդակցության ոլորտը վերցնեն որպես 100% սեփականություն, եւ գաղափար չունենան՝ ինչ է այնտեղ կատարվում։ Բացառում եմ։ Քաղաքակիրթ երկրներում ենթադրում եմ, որ հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունները բաց բաժնետիրական ընկերության քաղաքականություն են վարում։ Այստեղ թող ոչ ոք խեթ հայացքով չնայի, սա մեր հրապարակային քաղաքականությունն է; Եվ ասում եմ ուղիղ մեր հեռահաղորդակցության ոլորտի եւ մի քանի․․․ կորոշենք այդ ոլորտները, որեւէ պահի չգնացին բաց բաժնետիրացման, ուրեմն ուրիշ հարկեր պիտի տան։ Երկարաժամկետում պիտի բացառենք տենց ընկերությունները գոյությունը մեր շուկայում, որովհետեւ ինչ է նշանակում մեր բոլորի հեռախոսի համարները, անձնական տվյալները վերցնեն, գնան դռները փակեն, ասեն՝ հոպ, հանկարծ ոչ մեկդ մոտ չգաք։ Չի կարա տենց բան լինի»։

Մանրամասն՝  տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829