«Հրապարակ». Արցախի նախկին պետնախարար, բարերար, այսօր Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ ստեղծված «Մատենա» միջազգային դպրոցն Արցախում տեւական ժամանակ կազմակերպում էր «Առաջնորդում եւ մոտիվացիա» դասընթացներ, որոնք նախատեսված էին հանրային, մասնավոր ոլորտների աշխատակիցների եւ մասնագետների լայն շրջանակի համար։
«Մատենա» միջազգային դպրոցը չորս ծրագիր է իրականացրել Արցախում, ընդ որում՝ վերջին երեքը` շրջափակման պայմաններում։ Չնայած առաջացած խնդիրներին՝ կազմակերպիչները կարողացել էին առցանց դասընթացներ անցկացնել։ Արցախցի Շուշան Հայրապետյանն այժմ Հայաստանում է շարունակում «Մատենա»-ի դասընթացներին մասնակցել, որոնք կավարտվեն մարտի 2-ին։ Բայց, ինչպես Շուշանն է ասում, Արցախում՝ բլոկադայի պայմաններում անձամբ Ռուբեն Վարդանյանի ներկայությունը վայելելու, նրա դասախոսությունները լսելու տպավորություններն ու հիշողությունները բոլորովին այլ էին։
«Մեզ մոտ կա կարծրատիպ, չէ՞, եթե բիզնեսմեն է՝ անգրագետ է, Վարդանյանը փոխեց էդ կարծրատիպը։ Շատ ուրախացա, երբ եկավ Արցախ։ Ամեն մարդ չէ, որ կթողներ ընտանիքն ու կհայտնվեր մի կռվախնձոր վայրում»,- մեզ պատմեց Շուշան Հայրապետյանը՝ ընդգծելով. Վարդանյանն առաջինն էր, որ Արցախում նախաձեռնեց մի կրթական ծրագիր, որն իրականացվում էր նախարարների մակարդակով։
Շուշան Հայրապետյանը վստահ է՝ եթե Ռուբեն Վարդանյանը մինչ 2020 թ. պատերազմը մեկներ Արցախ, ամեն ինչ այլ կլիներ։ Հիշեցնենք, որ նա Արցախ մեկնեց 2022 թվականի սեպտեմբերին` նախապես հրաժարվելով Ռուսաստանի քաղաքացիությունից: «Ինքը շատ խաղաղասեր էր, ասում էր՝ պատերազմը հարց չի լուծում, դա կարճաժամկետ էֆեկտ է, այսօր իրենք հաղթեցին, վաղը՝ մենք, բայց դա հարցի լուծում չէ, միայն գիտելիքն ու ինքնակրթությունն են ճամփան։ Ինքն ուշ եկավ Արցախ, իրեն ժամանակ էր պետք, որ մեր ինքնագիտակցությունը բարձրացներ, պիտի փոխվեր մեր մտածողությունը։ Եթե նա կառավարման ոլորտում մինչ պատերազմն ընդգրկվեր, այսքան սխալ թույլ չէինք տա։ Գիտեք՝ ես կարծում եմ, որ իր պակասը ոչ միայն Արցախում էր, այլեւ հիմա նաեւ Հայաստանում կա»։
Կարդացեք նաև
Արեւիկ ՀԱԿՈԲՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: