Լրահոս
Օրվա լրահոսը

«Փախնել բառի մեջ վիրավորանք չկա, իմ պապերն էլ են փախել». Պետրոս Ղազարյանն արձագանքում է արցախցիներին

Փետրվար 29,2024 12:21

Փետրվարի 27-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում  ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն անդրադարձել էր Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար ՀՀ կառավարության կողմից առաջարկվող աջակցության ծրագրերին։ Հարցազրույցի ժամանակ Պետրոս Ղազարյանն օգտագործել էր «Արցախից փախած մեր հայրենակիցներ» արտահայտությունը, ինչը վիրավորել է արցախցիներին, նրանք դրա մեջ պիտակավորում են տեսել: Թեման լայնորեն քննարկվել է ֆեյսբուքում:

Aravot.am-ը մեկնաբանության համար դիմեց Պետրոս Ղազարյանին: «Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանը հարձակում է իրականացրել: Երկար-բարակ չքննարկենք՝ ինչ է նշանակում «փախնել» եւ արդյոք դրա մեջ ինչ-որ ամոթ բա՞ն կա, իհարկե, չկա, որովհետեւ ամենաառաջին պարագայում կարելի է բացել ցանկացած բառարան, եւ տեսնել, որ «փախնել» բառի առաջին բացատրությունն այն է, որ երբ հարձակվում են ձեր  բնակավայրի կամ հարազատների վրա, դուք արագ լքում եք այդ տեղը, որպեսզի փախնեք բռնությունից, մահվան սպառնալիքից, դա հայերեն բացատրությունն է այդ բառի, դրա մեջ ոչ մի վիրավորանք չկա: Կարծում եմ՝ ժամանակն է, որ այդ մարդիկ հայերեն սովորեն, նրանք, որոնք այդ բառը այլ կերպ են մեկնաբանում:

Հավանաբար նրանք «փախնել» բառը մեկնաբանում են վախկոտ լինելու կամ այլ ձեւով, որը կապ չունի այդ բառի իմաստի հետ: Խորհուրդ եմ տալիս բացել բառարանը, կարդալ, դրանից հետո նոր քցվել ֆեյսբուք: Իմ պապերն էլ են փախել ժամանակին, ցեղասպանությունից փախել են, որ չմահանան, դրա մեջ ոչ մի  ամոթ բան չկա: Ուզում եմ ասել, որ իրենք սխալ են մեկնաբանում այդ բառը: Հազարավոր փախստականներ, բռնի ներգաղթածներ կան, որոնց պարագայում այդ բառը նույն իմաստն ունի», -ասաց Պետրոս Ղազարյանը:

Հեռուստամեկնաբանի խոսքով. «Ողջ հաղորդումն այն մասին էր, թե ինչպես օգնել Ղարաբաղից եկածներին, որ Հայաստանի քաղաքացի մնան, օգնությունը ճիշտ տեղաբաշխվի, որը կառավարութունը տրամադրում է: Այդ թեմայով սա 5-6-րդ հաղորդումն է: Երեւի այդ ամեն ինչը իրենց չի հետաքրքրում, բայց իրենք «փախնել» բառի մեջ տեսել են վախկոտություն, ի՞նչ ասեմ: Ավելի լուրջ թեմա, երեւի, չունեն քննարկելու»:

Պետրոս Ղազարյանն ասում է, որ իր հասցեին բազմաթիվ վիրավորանքներ է կարդացել ֆեյսբուքում. «Երեւի այդ վիրավորանքները, լուտանքները, հայհոյանքները կիրթ, հայրենասեր եւ քաջ երեւալու ժամանակակից ոճ են: Նայում ես՝ երիտասարդ աղջիկներ են, զարմանում ես՝ այդքան չարություն, վիրավորանք որտեղի՞ց, նայում, սարսափում ես: Մենք պետք է շտկենք իրենց, փորձենք ինտեգրել, որ այդ չարությունից, մաղձից ազատվեն, ֆեյսբուքյան սրամտության դաշտից դուրս գան ու իրական խնդիրներով զբաղվեն: Ես էլի եմ կրկնում՝ «փախնել» բառի մեջ ոչ մի վիրավորական բան չկա, թող ֆեյսբուքյան ակտիվիստները բացեն բացատրական բառարանը, նայեն բառի իմաստը, համ էլ հայերեն կսովորեն…»:

Արցախի մայրիկների աջակցման Կենտրոն ՀԿ համահիմնադիր Տաթեւիկ Խաչատրյանն, ի դեպ, իր ֆեյսբուքյան էջում հիշեցրել է, թե այլ ինչ եզրաբանություն կարող էր գործածվել. «1. ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ՝ անձ, որն իր բնակչության վայրը լքել է իր կամ ընտանիքի նկատմամբ կատարված բռնության հետևանքով:

2. ՓԱԽՍՏԱԿԱՆ՝ որևէ երկրից այլ երկիր ժամանած կամ ժամանել ցանկացող անձ, որը չունի այդ երկրի քաղաքացիություն, ստիպված է եղել կամ մտադրություն ունի լքել իր մշտական բնակության վայրը և տեղափոխվել այլ պետության տարածք»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829