«Մենք ամենօրյա աշխատանքի արդյունքում փորձում ենք խրախուսել ներդրումների իրականացումը»,- ԱԺ նստաշրջանում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց ՀԾԿՀ նախագահի թեկնածու Գարեգին Բաղրամյանը։
Նա նշեց, որ վերջին երեք տարիների ընթացքում հանրային ծառայությունների համակարգում 256 մլրդ դրամի ներդրում է կատարվել։ «Դա նախ և առաջ ընդունված մեթոդիկաների արդյունք է, առավելապես իրականացնում ենք այնպիսի կարգավորում, որ մարդկային գործոնը նվազագույնի հասցնենք։ Ներդրումային դաշտը պետք է լինի գրավիչ ընկերությունների համար, որպեսզի իրենք շահագրգռված լինեն վերաներդնելու իրենց շահույթը համակարգի մեջ»,- ասաց նա։
Գարեգին Բաղրամյանը նշեց, որ վերջին երկու տարվա ընթացում նաեւ ներդրումների առաջնահերթություններ են սահմանվել։ «Այսինքն՝ այն տնտեսական ներդրումները, որոնք ընկերության համար ավելի շահավետ են, պետք է համաչափ լինեն այն ներդրումների հետ, որոնք ուղղված են սպասարկման որակի բարելավման ներդրումներին։ Առնվազն, եթե այդ համաչափությունը չի պահպանվում, ապա համապատասխանորեն չեն ընդունվում նաեւ տնտեսական ավելի նպատակահարմար ներդրումները»,- հավելեց նա։
Ըստ Բաղրամյանի՝ մենաշնորհի կրճատումը օրենքով իրենց վրա դրված կանոնադրական պարտավորություններից է։ «Եվ դրա ամենամեծ քայլերից մեկը եղել է շուկայի ազատականացումը։ Ինքը բավական բարդ գործընթաց է, անընդհատ խնդիրներ են առաջանում, այդ խնդիրներն օպերատիվ լուծում են ստանում։ Օրինակ՝ 2016 թվականից Վրաստանը սկսել է այդ գործընթացը եւ մինչ օրս չի կարողանում ազատականացնել շուկայի որեւիցե հատված»,- նշեց նա՝ նկատի ունենալով էներգետիկ ոլորտի ազատականացմանը։
Կարդացեք նաև
Գարեգին Բաղրամյանն ասաց․ «Բարձրաձայնված խնդիրների լուծման համար ձեր վստահության քվեն ստանալու արդյունքում պատրաստ եմ ավելի արդյունավետ աշխատել։ Մասնավորապես, պետք է ավելի արդյունավետ դարձնենք սպառողների իրազեկման միջոցառումները, այդ թվում՝ անորակ ծառայություն ստանալու դեպքում պատճառված վնասի փոխհատուցման, տույժերի ստացման եւ իրենց իրավունքների պաշտպանության հարցում»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ