Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Քաղաքական մեծամասնությունն արդեն գործում է ոչ լեգիտիմ դաշտում, վաղ թե ուշ պատասխան եք տալու»․ Արծվիկ Մինասյան

Փետրվար 29,2024 10:54

ԱԺ նստաշրջանում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության հարցի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ելույթում ասաց․ «Երեկ տեղի ունեցավ ՍԴ դատավորի ընտրության հարցի քվեարկություն, որտեղ քաղաքական մեծամասնությունը միջազգային ասպարեզին անհայտ նորարարության դրսեւորման արատավոր լավագույն փորձով բոյկոտեց այդ ընտրությունները։ Սա նոնսենս է, սա քաղաքական անտրամաբանություն է, երբ իշխանությունը բոյկոտում է իր իսկ սահմանադրական պարտականության կատարումը՝ չներկայացնելով որեւէ փաստարկ։ Սա ուղերձ է ձեզ բոլորիդ, սիրելի հայրենակիցներ, որով քաղաքական մեծամասնությունն ասում է, որ այն, ինչ սրտով չէ, այն անձը, որը չի անցնել իրենց թրի տակով կամ այն անձը, որը կփորձի ցուցաբերել որոշակի օբյեկտիվություն, համարձակություն՝ առաջնորդվելու իրավունքի գերակայությամբ, Սահմանադրությամբ, այդ անձը տեղ չունի պետական համակարգում։ Ավելին, սահմանադրական արդարադատության համակարգում»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով՝ սա նաեւ ուղերձ էր այն մասին, որ եթե մենք ուզում ենք ինչ-որ մեկին բերել, ամեն ինչ անելու ենք, որ բերենք։ «Այս մեծամասնություն էր, որ Դավիթ Խաչատուրյանին ընտրում էր ԲԴԽ անդամ, հետո շատ կարճ ժամանակամիջոցում փոխեց նրա պաշտոնը, տեղափոխեց Վճռաբեկ դատարան, որպեսզի հիմա էլ բերի եւ նշանակի Սահմանադրական դատարանի դատավոր։ Սա է շարժառիթը քաղաքական մեծամասնության երեկվա, ըստ էության, բոյկոտի։ Բոյկոտի ինստիտուտ ընդհանրապես միջազգային փորձը վերապահում է քաղաքական մեծամասնությանը, ընդդիմությանը։ Սա նաև, ըստ էության, գործիք է փոքրամասնության ձեռքին, որպեսզի լեգիտիմության գործիք ունեցող մեծամասնությունը գիտակցի, որ չի կարող միանձնյա եւ ամեն ջանքերով տապալել սահմանադրական պարտականությունների կատարումը։ Այն, որ այս մեծամասնությունն արդեն իսկ գործում է ոչ լեգիտիմ դաշտում, դա հաստատվել է բազմաթիվ օրինակներով, սկսած նրանից, որ իրենց իսկ ձեւավորած կառավարության ծրագրի դրույթները վերից վար ոտնահարելով, անտեսելով, իրականացնելով ուղիղ հակառակ գործողությունները, երկիրն ու պետությունը տանելով կործանումների ու փորձությունների միջով, խախտել են նորմերը, միջազգային ասպարեզում ստանձնած պարտավորությունների կատարումը։ Հիմա էլ սահմանադրական մարմինների նկատմամբ այսպիսի արգահատելի վերաբերմունք է»,- ասաց նա։

Արծվիկ Մինասյանն ասաց, որ սա նաեւ ուղերձ է ՝ ուղղված դատավորներին։ «Դուք ընդհանուր ժողովով՝ 158 կողմ ձայնով ընտրել էիք անձ։ Այսինքն՝ նույնիսկ ամբողջ դատավորների 50 տոկոսից ավելին ներկայացրել է թեկնածություն։ Վստահել եք կոնկրետ անձի, որ նա պետք է Ազգային ժողովում ստանա քվե եւ իրականացնի սահմանադրական արդարադատություն։ Ի՞նչ արեց քաղաքական մեծամասնությունը, արհամարհեց ձեր այդ որոշումը։ Ասաց՝ ձեր այդ որոշումը կվերցնեք, կգնաք այլ տեղ։ Եվ ուղերձ ուղղելով նրան՝ ասաց հետեւյալը՝ եթե մենք չենք ցանկանում, ուրեմն դուք չեք լինի։ Ըստ էության սա է ասվել ձեզ, հարգելի դատավորներ։ Եկել է ձեր արժանապատվությունը վերահաստատելու ու պահելու ժամանակը։ Դուք իշխանության այս վարքագծին պետք է արձագանքեք։ Դուք պետք է որոշում կայացնեք՝ ենթարկվո՞ւմ եք իշխանությունների բռնաճնշումներին։ Տրված քաղաքական գնահատականների ներքո իշխանությունը փորձում է հերթական արշավանքը կազմակերպել ձեր նկատմամբ»,- նշեց Մինասյանը։

Դիմելով իշխող մեծամասնությանը՝ Արծվիկ Մինասյանն ասաց․ «Դուք զավթել եք իշխանությունը եւ շարունակում եք ուզուրպացիոն ձեր քաղաքականությունը տարածել բոլոր մարմինների ուղղությամբ։ Իրականացնում եք այդ քաղաքականությունը՝ առանց հաշվի առնելու, որ Սահմանադրությամբ իշխանությունների տարանջատման սկզբունքի խախտումը հանցագործություն է։ Եվ առերեւույթ այս հանցագործության համար վաղ թե ուշ պատասխան եք տալու»։

Ըստ Մինասյանի՝ այս ամենը եւս մեկ ապացույց է՝ որքան շուտ այս իշխանությունից ազատվենք, այնքան շուտ փրկվելու հնարավորություն կունենանք։ Հակառակ դեպքում, այն ապագան, որի մասին բարձրաձայնում էր այսօրվա քաղաքական ուժը, սեւ է լինելու ու կործանարար։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Ես որ ասում եմ՝ իդեալական ընդդիմություն ունենք, վիճում եք հետս մեկ-մեկ»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829