Լրահոս
Օրվա լրահոսը

Չկայացած իշխանության գործելակերպը

Փետրվար 29,2024 10:00

Այս հրապարակումը կարելի է որոշ չափով համարել նախորդ խմբագրականի շարունակությունը: Պարզապես մեր իշխանություններն արտաքին քաղաքականության մեջ այնպիսի անհեթեթ սխալներ են անում, որ, կարծում եմ, արժե դրանց վրա գոնե ուշադրություն դարձնել: (Իհարկե, որեւէ հույս չեմ փայփայում, որ իմ այս դիտարկումները հաշվի կառնվեն, որովհետեւ գործում է Դանինգ-Կրյուգերի էֆեկտը՝ որքան տգետ, այնքան՝ ինքնահավան):

«Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահներին մեր սահմանապահներով փոխարինելը, կարծում եմ, ցանկալի նպատակ է: Եթե պետությունն իր առջեւ այդպիսի նպատակ է դնում, ապա նախեւառաջ, հավանաբար, պետք է գիտակցել, որ սահմանապահ զորքերը մի համակարգ են, եւ հնարավոր չէ միայն մեկ տեղում դրանք փոխարինել, իսկ մյուս տեղերում՝ թողնել այլ պետության համապատասխան ստորաբաժանումները:

Ենթադրենք, խնդիր է դրված Ռուսաստանի սահմանապահներին փոխել նաեւ հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմաններում: Մեկ զորախումբը մեկ այլ զորախմբով փոխելը տան կահույքը փոխելու նման մի բան չէ՝ այդ բոլոր կառույցները փոխանցելը կարող է առնվազն ամիսներ տեւել: Ընդ որում, այդ ամենը պետք է կատարվի առանց մեր անվտանգությունը վնասելու:

Հետեւաբար, եթե, կրկնեմ, մեր պետությունը նման նպատակ է դրել, ապա, սկզբից, ենթադրում եմ, պետք է լիներ դրա մասին բարձրագույն մակարդակով պայմանավորվածություն, այնուհետեւ՝ մեր ԱԱԾ-ի եւ ռուսաստանյան ФСБ-ի միջեւ ոչ հրապարակային բանակցություններ, որոնց մեջ ներառված պիտի լինեին իրավական խնդիրները: Երբ այդ բանակցություններում առաջընթաց կգրանցվեր, կարելի էր դրա մասին հայտարարել:

Այդպես եմ ես պատկերացնում պետական մոտեցումը եւ մտածելակերպը: Իսկ չկայացած պետության չկայացած իշխանության գործելակերպը հետեւյալն է: Երկրի առաջին դեմքն իմանում է ինչ-որ մի մասնավոր տհաճ միջադեպի մասին, բարկանում-փրփրում է, իր արքունական շրջապատում ասում է, որ ռուս սահմանապահներին վաղուց ժամանակն է օդանավակայանից քշել: Այնուհետեւ այդ թեզը «վերարտադրվում» է իշխանական ԶԼՄ-ներով եւ իշխանության «արեւմտամետ» proxy-ների միջոցով:

Խնդիրն, այսպիսով, չի լուծվում՝ ռուս սահմանապահները մնում են «Զվարթնոց» օդանավակայանում: Իսկ ռուսաստանյան եւ արեւմտյան գործընկերները համապատասխան կարծիք են կազմում մեր իշխանությունների լրջության եւ սոլիդության մասին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ՀՀ վարչակարգը, խորքին մէջ, առաջնահերթ մակարդակի վրայ, բնաւ ցանկութիւն չունի՝ ՌԴի հետ խզելու Հայաստանի կապերը: Ընդհակառակը: Նրա տենդագին յոյսն է որ ՌԴ-ն տէր կը կանգնի Հայաստանին, որպէսզի իրենք ալ մնան իրենց իշխանական բազկաթոռներուն վրայ:

    Այդ ուղղութեամբ ուրեմն «խաղ» մըն է, որ կը խաղայ: Յուսալով որ իր խնդրոյ առարկայ խօսքերով, պիտի «համոզէ» ՌԴին որ նա կատարէ իր պարտականութիւնները Հայաստանի նկատմամբ: «Թէ ո՛չ, վսյո՛, մենք կը միանանք Արեւմուտքի՛ն»:

    Ահա թէ ինչու՝ օդին մէջ, պարապ-պարապ խօսքեր է արձակում, նաեւ ու ի միջի այլոց՝ այդ նիւթին մէջ: Փոխանակ իսկական, շօշափելի պետական գործընթաց սկսելու, այդ խօսքերուն առնչութեամբ:

    Անշուշտ սա չափազանց անմիտ, երեխայական վարքագիծ մըն է: Սակայն գոնէ, զելինսքիական չէ…

    Եւ քանի որ Փաշինյանին միմիակ այլընտրանքը՝ հրաժարիլն է, նա շարունակելու է իր այս անտանելի խաղերը…

    Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829