Լրահոս
Օրվա լրահոսը

Սրտամկանի ինֆարկտ հրահրող «անսպասելի» գործոնները

Փետրվար 29,2024 09:30

Սրտի կաթվածը կամ սրտամկանի ինֆարկտն առաջանում է, երբ արյան հոսքը դեպի սիրտ նվազում կամ արգելափակվում է՝ հանգեցնելով սրտամկանի հյուսվածքների վնասվածքների։ Խնդիրը կարող է դրսևորվել թեթև, ծանր ախտանշաններով կամ անգամ ընթանալ անախտանիշ։

Սրտի կաթվածի ընդհանուր ախտանշաններն են՝

  • Կրծքավանդակի ցավ, որը կարող է զգացվել որպես ճնշում, սեղմվածություն, անհարմարություն, նվացող ցավ,
  • ցավ կամ անհարմարություն, որը ճառագայթում է սրտի կողմից դեպի ուսը, ձեռքը, մեջքը, պարանոցը, ծնոտն ու ատամները, երբեմն էլ՝ որովայնի վերին հատվածը,
  • սառը քրտինք,
  • հոգնածություն,
  • այրոց ու ստամոքսի խանգարում,
  • գլխապտույտ,
  • սրտխառնոց,
  • հևոց։

Կանանց շրջանում կարող են նկատվել ոչ տիպիկ ախտանշաններ, օրինակ՝ կարճաժամկետ կամ սուր ցավ պարանոցի, ձեռքի կամ մեջքի շրջանում։ Երբեմն սրտի կաթվածի առաջին ախտանշանը սրտի հանկարծակի կանգն է լինում։

Սրտի կաթվածն անհապաղ բժշկական օգնության դիմելու ցուցում է։

Սրտի կաթվածի գլխավոր պատճառ է համարվում սրտի իշեմիկ կամ պսակային հիվանդությունը, ռիսկի հիմնական գործոնները ներառում են տարիքը, զարկերակային բարձր ճնշումը, ճարպակալումը, արյան մեջ խոլեսթերինի մակարդակը, ծխելը, նստակյաց կյանքը, ընտանեկան պատմությունը, մետաբոլիկ համախտանիշը, աուտոիմունային հիվանդությունները և այլն։

Մենք առանձնացրել ենք մի քանի անսպասելի գործոններ, որոնք կարող են նպաստել սրտի կաթվածի զարգացմանը։

Քնի պակաս

Պարբերական բնույթ կրող քնի պակասը ոչ միայն ազդում է մարդու տրամադրության ու ինքնազգացողության վրա, այլև մեծացնում է սրտի կաթվածի վտանգը։ Մի հետազոտությամբ պարզվել է, որ այն մարդիկ, որոնք ամեն օր քնել են մինչև 6 ժամ, երկու անգամ ավելի շատ են ենթարկվել սրտի կաթվածի վտանգին, քան նրանք, որոնք օրական 6-8 ժամ են քնել։ Դեռևս լիովին պարզ չէ, թե ինչպես է քնի պակասն ազդում սրտի կաթվածի զարգացման վրա, բայց հայտնի է, որ անքնությունը նպաստում է զարկերակային ճնշման բարձրացմանն ու բորբոքման առաջացմանը, որոնք էլ ամենևին օգտակար չեն սրտի առողջության համար։

Միգրենային գլխացավեր

Միգրենով տառապող մարդիկ ավելի շատ են հակված մեծ տարիքում սրտի կաթված ստանալու վտանգին։ Աուրայով դրսևորվող գլխավացերն ավելի են մեծացնում ռիսկը։

Ցուրտ եղանակ

Ձմռան ցրտին երկար ժամանակ դրսում գտնվելը կարող է շոկային լինել օրգանիզմի համար՝ հանգեցնելով զարկերակների նեղացման ու դեպի սիրտ արյան հոսքի խանգարման։ Դրանից բացի սիրտը ստիպված է լինում ավելի լարված աշխատել՝ օրգանիզմը տաքացնելու համար, ինչը կարող է վտանգավոր լինել սրտի հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց համար։

Օդի աղտոտվածություն, մեքենաների արտանետումներ

Սրտի կաթվածի դեպքերն ավելի հաճախ են հանդիպում օդի աղտոտվածության պայմաններում։ Մարդիկ, որոնք կանոնավոր կերպով աղտոտված օդ են շնչում, ավելի հաճախ են ունենում զարկերակների խցանման հետ կապված խնդիրներ՝ սիրտ-անոթային հիվանդություններ։ Կան հետազոտություններ, որոնց համաձայն աղտոտված օդի՝ անգամ կարճ ժամանակով ազդեցությունը մեծացնում է մոտակա մի քանի օրերին կաթվածի զարգացման վտանգը։

Ծանր սնունդ

Ծանր, ճարպոտ ու մեծ քանակությամբ ընդունված կերակուրը ոչ միայն ավելորդ կիլոգրամներ կարող է «նվիրել», այլև հանգեցնել օրգանիզմում սթրեսի հորմոնի՝ նորադրենալինի մակարդակի բարձրացմանը։ Դա էլ կարող է բարձրացնել զարկերակային ճնշումն ու սրտի զարկերի հաճախականությունը՝ որոշ մարդկանց դեպքում մեծացնելով կաթվածի վտանգը։

Հույզեր

Հայտնի է, որ բացասական հույզերը՝ զայրույթը, վիշտը կամ սթրեսը կարող են խաթարել սրտի առողջությունը, բայց նման ազդեցություն կարող են գործել նաև դրական և ուժեղ հույզերը, օրինակ՝ անսպասելի հանդիպումը կամ երեխայի ծնունդը։

Ֆիզիկական գերծանրաբեռնվածություն

Ֆիզիկական վարժությունները նպաստում են սրտի ամուր առողջության պահպանմանը, սակայն գերծանրաբեռնվածությունը և լարված մարզումները որոշակի վտանգ են թաքցնում։ Կան տվյալներ, որ սրտի կաթվածի դեպքերի մոտ 6%-ի պատճառը ֆիզիկական գերծանրաբեռնվածությունն է։

Հարբուխ կամ գրիպ

Երբ մարդու իմունային համակարգը պայքարում է վիրուսների դեմ, կարող է զարգանալ բորբոքում, որն էլ կարող է վնասել սիրտն ու զարկերակները։ Մի հետազոտության համաձայն՝ շնչառական վարակ ունեցող մարդկանց շրջանում սրտի կաթվածի զարգացման վտանգը կրկնապատկվում է։ Մտահոգիչ են նաև այն տվյալները, որ գրիպի բռնկումների ժամանակ սրտի կաթվածի դեպքերն ավելանում են։

Ասթմա

Սրտի կաթվածի վտանգը մոտ 70%-ով մեծանում է, եթե մարդու մոտ առկա է լինում թոքերի հիվանդություն։ Ասթմայի դեպքում, օրինակ, մարդը կարող է անուշադրության մատնել կրծքավանդակում ճնշման զգացողությունը, որը կարող է լինել կաթվածի նախանշաններից մեկը։

Սեքս

Սեքսուալ ակտիվությունը, ինչպես և ֆիզիկական վարժությունների որոշ տեսակները, կարող է մեծացնել սրտի կաթվածի զարգացման վտանգը սրտի հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց շրջանում։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Mayo Clinic, WebMD

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829