Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պուտին-Էրդողան ձգձգվող հանդիպումն ու «միջանցքային» քամիները

Փետրվար 29,2024 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Անկարան կրկին «Զանգեզուրի միջանցքի»` Իրանի տարածքով անցնելու հնարավորության մասին է խոսում

Անցյալ տարեվերջից Բաքուն հայտարարեց, թե «Զանգեզուրի միջանցքը» կորցրել է իր գրավչությունը», նշելով՝ այդ ծրագիրը կարող է իրականացնել Իրանի հետ։ Սակայն տարեսկզբից Բաքուն թեման կրկին օրակարգ է բերել՝ պնդելով, թե Հայաստանը պետք է Նախիջեւանի հետ ճանապարհ տրամադրի՝ առանց մաքսային ու սահմանային վերահսկողության։

Ալիեւի` Անկարա կատարած այցից հետո Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նկատել է, թե «Զանգեզուրի միջանցքի» բացումը կմեծացնի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով բեռնափոխադրումների ծավալը։ Նա նաեւ նշել է, որ կա այլընտրանք՝ ընդգծելով «Զանգեզուրի միջանցքը» Իրանի տարածքով անցնելու հնարավորությունը։ Ուրալօղլուն հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջեւանի եւ Կարսի միջեւ 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը։

Դեռ այս տարեսկզբին Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել էր, որ Անկարան ակնկալում է իրականացնել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման նախագիծը մինչեւ 2029 թվականը։ Նա նշել էր, որ «Զանգեզուրի միջանցքի ադրբեջանական հատվածը, որը սկսվում է Բաքվից մինչեւ Հորադիզ, մոտենում է ավարտին։ Միջանցքի թուրքական հատվածի երկարությունը 224 կմ է։ «Ընդհանուր առմամբ, այս միջանցքի» ստեղծման ողջ գործընթացը կտեւի հինգ տարի։ Այսինքն՝ ես կարծում եմ, որ 2028-ին մենք ամբողջությամբ կավարտենք բոլոր աշխատանքները»,- ասել է նա։ Նախարարը հավելել էր, որ Հորադիզից Օրդուբադ հատվածում շինարարական աշխատանքները շարունակվում են՝ բացառությամբ Հայաստանի տարածքով անցնող հատվածի։

Թուրքիայի տրանսպորտի նախարարը մեկ շաբաթ առաջ վստահեցրեց` Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի շուրջ քննարկումները շարունակվում են, սեղանին երկու տարբերակ կա, այդ թվում՝ Իրանով անցնող ճանապարհը։ «Եթե հայկական կողմում խնդիրներ լինեն, ապա Ադրբեջանը շփումներ ունի նաեւ Իրանի հետ՝ այդ երկրի տարածքով անցնող միջանցքի հնարավորության հետ կապված։ Կա երկու այլընտրանք, այդ այլընտրանքները քննարկման են դրված»,- ասել էր Ուրալօղլուն։

Բաքվի նպատակը` «Զանգեզուրի միջանցքով» առանց մաքսակետերի տեղադրման ուղիղ կապ հաստատել Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ, մնում է օրակարգում, ինչին ի պատասխան պաշտոնական Երեւանը հակադարձում է, որ «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպումը տարածքային նկրտում է ինքնիշխան Հայաստանի նկատմամբ։

Անցյալ սեպտեմբերին Թուրքիայի նախագահն էլ պնդել էր, թե «Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական նշանակություն ունի Անկարայի ու Բաքվի համար, միաժամանակ հայտարարել էր՝ եթե Հայաստանը չհամաձայնի, այդ ճանապարհը կարող է նաեւ Իրանով անցնել։ «Մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի բացենք միջանցքը որքան հնարավոր է շուտ, այդ ծրագրի իրագործումը ռազմավարական հարց է եւ պետք է ավարտին հասցվի։ Երբ այդ միջանցքը բացվի, Բաքվից դուրս եկող մեքենան կամ գնացքը կարող է ուղիղ Կարս հասնել, եւ թուրք-ադրբեջանական եղբայրությունն է՛լ ավելի կամրապնդվի»,- ասել էր Էրդողանը։

Ալիեւը շարունակում է պնդել, թե` «ԼՂ խնդիրը, հակամարտությունը» լուծվել է, բայց ակնհայտ է, որ Հայաստանին հայտարարված դիվանագիտական «պատերազմը» չի ավարտվել: Հայաստան-Թուրքիա սահմանը չի բացվում, ինչպես մինչեւ 2020-ի 44-օրյա պատերազմը այն չէր բացվում` ԼՂ խնդրի չլուծված լինելու պատճառաբանությամբ: Սակայն հիմա էլ Էրդողանն ու Ալիեւը «Զանգեզուրի միջանցքի» թեման են փակել դարակում, այժմ էլ սա է` Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը խոչընդոտող «պահանջը»: Իհարկե, Էրդողանը պարբերաբար նաեւ հիշեցնում է, թե Ղարաբաղի հարցը լուծելուց հետո առավել բարենպաստ պայմաններ են ստեղծվել հայ-ադրբեջանական կարգավորման ու տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար, եւ հույս ունեն, որ Հայաստանը «կամք կցուցաբերի»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին՝ Ղարաբաղի դեմ ադրբեջանական հարձակումից մեկ շաբաթ առաջ էլ, Էրդողանը հեռախոսազրույց էր ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, պաշտոնապես հաղորդվեց, թե երկու ղեկավարներն ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը: Էրդողանը մանրամասներ էր հայտնել հեռախոսազրույցից. «Ես ակնկալիք հայտնեցի, որ Հայաստանը կընդունի պարզված ձեռքը եւ չի ձգձգի գործընթացը։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առաջընթացը մեծ խթան կհաղորդի տարածաշրջանային կարգավորմանը։ Մենք կշարունակենք աշխատել Ադրբեջանի հետ Հարավային Կովկասում կայունություն, խաղաղություն ու բարեկեցություն հաստատելու համար»։

Անցյալ ամռանը, Էրդողանը Բաքվից Թուրքիա վերադառնալու ճանապարհին զրուցելով լրագրողների հետ, բարձր էր գնահատել իր երդմնակալության կապակցությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Անկարա, եւ պատասխանելով Նախիջեւանը Ադրբեջանին կապող «Զանգեզուրյան միջանցքին» վերաբերող հարցին՝ Էրդողանն ասել էր, թե դրան դեմ է ոչ թե Հայաստանը, այլ՝ Իրանը. «Այս հարցում Իրանի մոտեցումը հիասթափեցնում է մեզ եւ Ադրբեջանին։ Ես ցանկանում եմ, որ մենք կարողանանք շուտով հաղթահարել այդ խնդիրը։ Եթե Իրանը դրական մոտեցում ցուցաբերի, ապա Թուրքիան, Իրանը եւ Ադրբեջանը կկապվեն միմյանց հետ, եւ մենք կարող ենք ցամաքային եւ երկաթուղային ճանապարհներով Պեկին-Լոնդոն ուղի ունենալ»։

«Միջանցքի» հարցում ռուսական գործոնը

«Միջանցքի» վերաբերյալ Ռուսաստանի պահվածքի թեմայով, կարծես, ընդունված չէ խոսել: Հատկապես Հայաստանում քաղաքական գործիչների, փորձագետների մի ստվար հատված հասարակության ուշադրությունը շեղում են այսպիսի մեղադրանքներով` «միջանցքը պետք է Արեւմուտքին ու Թուրքիային», «Փաշինյանը իրագործում է այդ ծրագիրը»: Ոչ ոք չի խոսում այն մասին, թե` թուրք-ադրբեջանական տանդեմի ակնկալածին Մոսկվան երբեւէ հակադրվե՞լ է…

Ավելին, ամենշաբաթյա ռեժիմով պաշտոնական Մոսկվան Հայաստանից պահանջում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթի կատարում, որի վրա հղում կատարելով Թուրքիան ու Ադրբեջանը պահանջում են «Զանգեզուրի միջանցք»: Ավելին, Մոսկվայի պահանջներում ակնհայտորեն ապաշրջափակման իրագործման դեպքում ռուսական ներկայության ապահովման նպատակն է դրված, որի մասին խոսվում է հրապարակավ, սակայն Հայաստանում, կարծես, դա չեն նկատում:

Արեւմտյան փորձագետներն արդեն սկսել են խոսել «միջանցքի» հարցով նաեւ Մոսկվայի շահագրգռվածության մասին: «Քարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը «Կովկասում պատերազմի կամ խաղաղության եւս մեկ տարի» հոդվածում գրել է վերջերս, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են մոտենալ խաղաղության երկկողմ համաձայնագրին, սակայն ագրեսիայի սպառնալիքը պահպանվում է։ «Հիմնական բախման կետը «Զանգեզուրի միջանցքն» է, որտեղ Բաքուն եւ Մոսկվան կարող են գործարք կնքել ի վնաս Երեւանի եւ Արեւմուտքի»,- նշել է նա՝ հավելելով, որ Հարավային Կովկասում 2024-ը կլինի կրիտիկական տարի:

Թոմաս դե Վաալը մատնանշել է փետրվարի 13-ին Ներքին Հանդի մոտակայքում հայկական կողմի կորուստների մասին եւ ընդգծել՝ այս տարածք ԵՄ դիտորդներին թույլ չեն տվել մուտք գործել ռուս սահմանապահները: Խոսելով բանակցություններում առկա 3 հիմնական խնդիրների մասին՝ վերլուծաբանը գրել է, որ Արեւմուտքը ռազմավարական խիստ շահագրգռվածություն ունի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում։ Սակայն ըստ նրա` մտահոգիչ սցենարն այն է, որ խաղաղության պայմանագիր չի կնքվի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի ստացել այն, ինչ ուզում է հարավային Հայաստանում։ «2024-ին Հայաստանը, ամենայն հավանականությամբ, ինչպես Բաքվի, այնպես էլ Մոսկվայի կողմից տարբեր մեթոդների կիրառման շնորհիվ կենթարկվի ճնշումների՝ միանալու «Զանգեզուրի միջանցքի» պլանին, որը ձեռնտու չէ ոչ Երեւանին, ոչ էլ արեւմտյան ուժերին: Այդ պատճառով է նաեւ, որ դեպքերին, ինչպիսին Ներքին Հանդի մոտ տեղի ունեցածն է… Նման փոքր բախումներից կարող է բխել նոր հակամարտություն եւ ճակատագրական հետեւանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար», գրել է նա։

Պուտին-Էրդողան շփումներ կան, սակայն նրանց հանդիպման անցկացումն առայժմ ձգձգվում է

Հայաստան-Ադրբեջան կարգավորման հարցում Արեւմուտքի ներգրավվածությունից դժգոհ Պուտինին, թերեւս, անհրաժեշտ է ճշգրտումներ անել Անկարայի դիրքորոշման հետ կապված: Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի պատժամիջոցների կիրառման հարցում Թուրքիայի վերջին գործողությունները փաստեցին այն մասին, որ Էրդողանը գնում է դեպի` Արեւմուտքի հետ հարաբերությունները չսրելու գծով, ինչը, վստահաբար, Պուտինի համար ընդունելի իրավիճակ չէ:

Չնայած այս մթնոլորտին, Պուտինը շարունակում է ի ցույց դնել իր ջերմ վերաբերմունքը, նույնիսկ հիացմունքը` իր «թանկագին բարեկամի» նկատմամբ: Փետրվարի 26-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը ծննդյան 70-ամյակն էր նշում: Այդ օրը կայացել է Էրդողան-Պուտին հեռախոսազրույցը, որի ընթացքում ՌԴ նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Թուրքիայի նախագահին ռուս-թուրքական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի ու ավանդի համար։

Բացի հեռախոսազանգից, Պուտինը նաեւ շնորհավորական հեռագիր էր հղել Էրդողանին, որում, մասնավորապես, ասվում էր. «Թանկագին ընկեր, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան 70-ամյակի կապակցությամբ։ Դուք բարձր հեղինակություն եք վայելում ձեր հայրենակիցների շրջանում եւ արտերկրում` որպես փորձառու եւ հեռատես քաղաքական գործիչ, որը շատ բան է անում Թուրքիայի սոցիալ-տնտեսական զարգացման եւ նրա շահերի պաշտպանության համար համաշխարհային ասպարեզում։ Դժվար է գերագնահատել Ձեր երկարամյա անձնական ներդրումը մեր երկրների միջեւ բարեկամական, փոխշահավետ հարաբերությունների ամրապնդման գործում: Իհարկե, մենք կշարունակենք կառուցողական երկխոսությունը եւ համատեղ աշխատանքը երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի արդի հարցերի շուրջ»։

Մեկ շաբաթ առաջ Պուտինը Թուրքիային անվանեց «ամենահուսալի գործընկերը էներգետիկայի ոլորտում»: Ռուսաստանի նախագահը Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել էր. «Անընդհատ ասում էին, թե Ռուսաստանը գազ չի տալիս, Ռուսաստանը սահմանափակում է։ Մենք ոչինչ էլ չենք սահմանափակում, ամեն ինչ տալիս ենք, խնդրեմ: Ամենահուսալի գործընկերը թուրքերն են դարձել: Ահա օրինակ՝ գազը մատակարարվում է «Թուրքական հոսքի» միջոցով»։

Թեեւ Պուտինը շռայլում է ջերմ խոսքեր Թուրքիայի եւ մասնավորապես իր «թանկագին ընկերոջ»` Էրդողանի հասցեին, տարեսկզբից թուրքական բանկերի պահվածքով պայմանավորված երկու երկրների միջեւ վճարային փոխանցումների հարցում խնդիրները պահպանվում են: Օրեր առաջ հայտնեցին, թե Մոսկվան եւ Անկարան փորձում են լուծել երկրների միջեւ վճարումների հետ կապված խնդիրները. որոշ տեղերում առաջընթաց է նկատվում, որոշ տեղերում իրավիճակը բարդ է: Այս արձանագրումն արեց Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը։

Ռուս-թուրքական գործարար խորհրդի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Էգարմինը օրերս հայտարարել է, որ բարդություններն առաջացել են Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի կրկնակի պատժամիջոցների վտանգի պատճառով: Գործարարի խոսքով՝ թուրքական բանկերը կանգնած են ընտրության առաջ. եթե նրանք աշխատեն ռուսական ընկերությունների հետ, ապա կդադարեցվեն թղթակցային հարաբերությունները Եվրոպայի հետ, իսկ այդ դեպքում բանկը կկարողանա գործել միայն Թուրքիայում։

Առայժմ ձգձգվում է Պուտին-Էրդողան հանդիպման անցկացումը: Հունվարի վերջին տեղեկություններ հրապարակվեցին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա նախապատրաստվում է փետրվարին։ Այս մասին լրագրողներին ասել էր նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը. «Այո, այցը նախապատրաստվում է»։ Ճշտող հարցին, թե արդյո՞ք խոսքը փետրվարի մասին է, Ուշակովը դրական պատասխան էր տվել:

Նույնիսկ օրակարգային թեմաների մասին էին ակտիվորեն տեղեկություններ շրջանառվում: Անկարան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա ծրագրված այցի ընթացքում ակնկալում է քննարկել գազի հարցը, «Աքքույու» ատոմակայանի նախագիծը, իրավիճակը Սիրիայում եւ Գազայի հատվածում, 3 շաբաթ առաջ A Haber-ին տված հարցազրույցում նշել էր Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։ Վերջինիս խոսքով՝ Պուտինն ու Էրդողանը «անպայման» կքննարկեն նաեւ Ուկրաինայի հետ հացահատիկի գործարքը։

Երկու շաբաթ առաջ, սակայն, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնեց, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի ժամկետները դեռ որոշված չեն, բայց հնարավոր է, որ այն տեղի ունենա տեսանելի ապագայում, մասնավորապես Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ:

Սակայն օրերս Պեսկովը նշել է, թե ընտրություններից առաջ Պուտինի եւ Էրդողանի հանդիպում նախատեսված չէ. «Ընտրություններից առաջ՝ ոչ։ Ընտրություններից առաջ լարված ու խիտ գրաֆիկ է»։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024թ. մարտի 15-ից 17-ը։ Իսկ եթե Ռուսաստանի նախագահի այցը Թուրքիա կայանա, դա կլինի նրա առաջին այցը ՆԱՏՕ-ի անդամ պետություն՝ 2022թ. փետրվարին Ուկրաինա ներխուժումից ի վեր։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 28.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829