Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քաղաքացիների դեպքում քաղաքական կամ այլ պատճառներով պայմանավորված՝ հետապնդումների լեգենդը Արեւմուտքում լուրջ չի ընդունվում

Փետրվար 29,2024 12:30

«Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագրի 2023 թվականի հոկտեմբեր – դեկտեմբեր համարում, որը լույս է տեսել օրերս, նոր անուններ կային, նոր թեմաներ. ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հայցորդ Եփրեմ Կարապետյան («Հանրային բարեվարքության հասկացությունը»), ի.գ.թ., Երեւանի «Հայբուսակ» համալսարանի իրավագիտության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի դասախոս, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի օգնական Աննա Հակոբյան («Ձեռքբերման վաղեմության ինստիտուտի սոցիալ-իրավական բովանդակությունը»), ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Ասատրյան («Միգրացիոն հոսքերի ընդհանուր նկարագիրը, պատճառներն ու հետեւանքները, պայքարի մեխանիզմները: Համեմատական վերլուծություն»), փաստաբան Ինգա Ավագյան («Փորձագետի եզրակացությունը՝ որպես ապացույց ՀՀ քրեական դատավարությունում»), ի.գ.թ., Հայ-ռուսական համալսարանի իրավունքի եւ քաղաքականության ինստիտուտի քրեական իրավունքի եւ քրեական դատավարության իրավունքի ամբիոնի դասախոս Ադելինա Սարգսյան («Յատրոգեն հանցավորության քրեաբանական բնութագիրը եւ կանխարգելումը Հայաստանի Հանրապետությունում»)…

Ներկայացնենք ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Ասատրյանի «Միգրացիոն հոսքերի ընդհանուր նկարագիրը, պատճառներն ու հետեւանքները, պայքարի մեխանիզմները: Համեմատական վերլուծություն»-ից մի հատված: Հոդվածում անդրադարձ է կատարվել հանցագործության քրեաիրավական բնութագրին, անօրինական միգրացիայի գործոններին, տերմինաբանությանը, անօրինական ներգաղթի առավել ակնհայտ հետեւանքներին, անօրինական միգրացիայի դեմ պայքարի ոլորտում հիմնական միջազգային իրավական փաստաթղթերին, Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կանխարգելիչ աշխատանքներին, իրավակիրառ պրակտիկայում հանցագործության որակման առումով տրվող իրավական լուծումներին, ինչպես նաեւ ակնկալվող արդյունքներին: Ներկայացվել է նաեւ վիճակագրական տվյալներ, վերլուծության է ենթարկվել «Անօրինական միգրացիայի կազմակերպում» հանցակազմը, նախկին եւ գործող ՀՀ քրեական օրենսգրքերում առկա տարբերությունները:

«Վերջին քսան տարիներին էականորեն փոխվել են ինչպես Հայաստանի Հանրապետությանն առնչվող միգրացիոն գործընթացները, դրանք ծնող պատճառներն ու հետեւանքները, միգրացիոն գործընթացների մեջ ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված խմբերն ու նրանց խնդիրները, այնպես էլ պետական կարգավորման միջոցով հիմնախնդրի լուծման մասին պատկերացումները:

Միգրացիոն գործընթացներին առնչվող առաջին աղբյուրը ՀՀ ոստիկանության անձնագրային համակարգի ստորաբաժանումներում հաշվառման կանգնող եւ հաշվառումից դուրս եկած անձանց վերաբերյալ տվյալներն են: Այս ցուցիչը խորհրդային տարիներին ճշգրիտ պատկերացում էր տալիս, քանի որ 3 ամսից ավելի բացակայողները եւ նույն ժամկետում նոր բնակավայրում բնակվողները պարտավոր էին հաշվառումից դուրս գալ եւ ժամանակավոր հաշվառման կանգնել նոր բնակավայրում: Ներկայումս այդ ցուցիչը ամբողջական պատկերացում չի տալիս, քանի որ հետազոտությունների համաձայն՝ Հայաստանից մեկնողների միայն փոքր մասն է դուրս գալիս հաշվառումից:

Միգրացիոն իրավիճակի գնահատման մյուս աղբյուրը միգրացիոն գործընթացների վերաբերյալ անցկացված հետազոտություններն ու ուսումնասիրություններն են, որոնք, որպես կանոն, իրականացվել են միջազգային կազմակերպությունների պատվերով (ԵԱՀԿ, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ, ՄԱԿ-ի զարգացման ծրագիր, Աշխատանքի միջազգային կազմակերպություն)` մասնագիտացված, անկախ կազմակերպությունների կողմից` հիմնականում սոցիոլոգիական հարցումների ճանապարհով: Ըստ Միգրացիայի միջազգային կազմակերպության` դա ելքի, տարանցիկ եւ մուտքի երկրների հսկողությունից դուրս տեղի ունեցող տեղաշարժն է: Նպատակակետ երկրների տեսանկյունից` անկանոն միգրացիան երկիր անօրինական մուտք գործելը, մնալը կամ աշխատելն է, որը նշանակում է, որ միգրանտը չունի միգրացիայի մասին կանոնակարգերով սահմանված տվյալ երկիր մուտքի, կացության կամ աշխատելու իրավունք կամ համապատասխան փաստաթուղթ: Ելքի երկրի տեսանկյունից` անօրինական են համարվում, օրինակ, այն դեպքերը, երբ անձը հատում է միջազգայնորեն ճանաչված սահմանն առանց վավերական անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ ունենալու կամ չի բավարարում երկրից մեկնման համար անհրաժեշտ վարչական պահանջներին: Անօրինական միգրացիան երբեմն եվրոպական փորձագետների կողմից օգտագործվում է նաեւ «ստվերային միգրացիա», «լատենտային միգրացիա», իսկ անօրինական միգրանտները` «փաստաթուղթ չունեցող միգրանտներ» անվանումներով: Ընդ որում, անօրինական միգրանտների վերաբերյալ հավաստի տվյալները գլոբալ իմաստով բացակայում են:

Որպես կանոն, ՀՀ քաղաքացիների մի մասը ընտրում են ապաստան հայցելու ճանապարհը, որովհետեւ շատերի համար դա արեւմտաեվրոպական երկրներում օրինականորեն հաստատվելու միակ հնարավոր, իրատեսական եղանակն է, իսկ ուսման, աշխատանքի կամ ընտանիքի վերամիավորման հիմքով երկրում մնալը կարող է հաջողվել բացառիկ դեպքերում: Եվրոպական երկրներում ապաստանի հայցի ներկայացումը Հայաստանի բնակչության շրջանում լայնորեն տարածված է «հանձնվել» անվան տակ: ՀՀ քաղաքացիների դեպքում քաղաքական կամ այլ պատճառներով պայմանավորված՝ հետապնդումների լեգենդը Արեւմուտքում լուրջ չի ընդունվում: Ինչ վերաբերում է ծանր սոցիալ-տնտեսական պայմաններին, ապա պետք է հիշել` ապաստանի տրամադրման հարցում ոչ մի երկրում ծանր սոցիալ-տնտեսական պատճառների փաստարկը հիմք չի ընդունվում: Եթե նույնիսկ Հայաստանի Հանրապետությունից մեկնած որեւէ անձ այդ երկրներում ստանում է փախստականի կարգավիճակ, ապա դա խիստ եզակի բացառություն է եւ ավելի շուտ հետեւանք է ոչ թե իրական հանգամանքների, այլ ընդամենը լավ հորինված լեգենդի:

Անկանոն միգրանտների մի ստվար բանակ են կազմում աշխատանքային միգրանտները: Իրականում աշխատանքային միգրանտներից եւ օտարերկրյա գործատուներից յուրաքանչյուրն օրինական գործընթացներից խուսափելու իր պատճառն ու շարժառիթն ունի: Սովորաբար միգրանտները խուսափում են միգրացիոն հաշվառման եւ աշխատանքի թույլտվության`այդքան բարդ համակարգից, ինչպես նաեւ բյուրոկրատական քաշքշուկից: Գործատուներն իրենց հերթին շահագրգռված են օտարերկրյա աշխատուժի ոչ ֆորմալ ներգրավմամբ, որպեսզի էժան վարձատրեն աշխատողներին, ինչպես նաեւ շահագործեն նրանց աշխատանքը եւ իրենց վրա չվերցնեն իրավական ոչ մի պարտավորություն…

Նախկինում հանցակազմի օբյեկտիվ կողմի ձեւակերպումը կրել է առավել նեղ կարգավորում եւ հանցակազմի առկայություն ենթադրել է անձի ելքի, մուտքի կամ գտնվելու կամ տարանցման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի խախտում պայմանը: Ներկայումս ձեւակերպումն առավել լայն է ու նման ձեւակերպումից հետեւում է, որ հանցակազմի առկայության համար բավարար է անձի ելքի, մուտքի կամ գտնվելու կամ տարանցման համար սահմանված եւ ՀՀ օրենսդրության մաս չկազմող կարգի, ընթացակարգերի (օրենսդրության) խախտումը: Հաջորդ փոփոխությունն այն է, որ գործող քրեական օրենսգրքում հանցակազմի դիսպոզիցիայում օբյեկտիվ կողմի մասը կազմող գործողությունների շարքում անձի ելքի, մուտքի կամ գտնվելու կամ տարանցման համար պատշաճ թույլտվություն ստանալու համար նախկին «կեղծ փաստաթղթեր կամ կեղծ տեղեկություններ ներկայացնելով» ձեւակերպման փոխարեն նշվել է «կեղծ փաստաթուղթ կամ կեղծ տեղեկություն» ձեւակերպումը: Առաջին հայացքից նշված փոփոխությունն իրենից կարեւորություն չի ներկայացնում, սակայն ունի առանցքային նշանակություն պրակտիկ աշխատանքում վերոգրյալի առթիվ արարքի իրավական որակման մասով առաջացող խնդրահարույց իրավիճակին լուծում տալու մասով: Մասնավորապես, պրակտիկայում շատ են դեպքերը, երբ անձը ելքի, մուտքի կամ գտնվելու կամ տարանցման համար պատշաճ թույլտվություն ստանալու համար ներկայացնում է մեկ փաստաթուղթ (օր.՝ աշխատանքի վերաբերյալ տեղեկանք) կամ մեկ տեղեկություն (օր՝ աշխատանքի նպատակով մեկնելու, որպես զբոսաշրջիկ այցելելու եւ այլն), որպիսի պայմաններում իրավակիրառ պրակտիկայում խնդրահարույց իրավիճակ էր առաջանում առ այն, թե արդյո՞ք մեկ փաստաթղթի կամ մեկ տեղեկության տրամադրումը բավարար է հանցակազմի առկայության փաստն արձանագրելու համար, թե՝ ոչ: Ներկա կարգավորմամբ այս մասով խնդրին տրվել է լուծում:

Հաջորդ փոփոխությունն այն է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 470-րդ հոդվածի 2-րդ մասը նախկին օրենսգրքի 329.1-ին հոդվածի 2-րդ մասի տարբերությամբ միգրանտի սահմանման մասով ՀՀ քաղաքացու, ՀՀ-ում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի փոխարեն նշել է «Անձի» սահմանումը, որի ներքո ներառվում են բոլոր կատեգորիաները: Բացի այդ, հանցակազմի ծանրացնող հանգամանքներից դուրս է մնացել՝ երկու կամ ավելի անձանց անօրինական միգրացիան կազմակերպելը: Ներկայումս յուրաքանչյուր անձի միգրացիա որակվում է որպես առանձին հանցագործության դեպք, թեեւ պրակտիկան այս մասով զարգացել է այնպես, որ մեկ միասնական դիտավորությամբ մի ընտանիքի անդամների անօրինական միգրացիայի կազմակերպումը դիտարկվում է որպես հանցագործության մեկ դեպք՝ յուրաքանչյուր անդամի համար առանձին արարքի կատարում չի մեղսագրվում: Ծանրացնող հանգամանքներից նախկին «պաշտոնեական դիրքն օգտագործելով» հատկանիշը վերաձեւակերպվել է՝ «իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով»: Նախկին օրենսգրքում առկա ձեւակերպման պայմաններում հանցագործության կատարումը պետք է կապված լիներ անձի պաշտոնեական լիազորությունների հետ, այլապես, արարքը կորակվեր հոդվածի առաջին մասով, մինչդեռ՝ քիչ չեն դեպքերը, երբ հանցանքը կարող է կատարվել իշխանական եւ ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով: Գործող օրենսգրքով խնդրին տրվել է կարգավորում, որը թույլ է տալիս լիարժեք ապահովել արդարության եւ պատասխանատվության անհատականացման սկզբունքի իրացումը:

Վերջին փոփոխությունը վերաբերում է պատժաչափերին, ապա ընդհանուր առմամբ կարելի է արձանագրել, որ գործող օրենսգրքով պատժաչափերն անօրինական միգրացիայի կազմակերպման համար խստացվել են:

Անդրադառնալով անօրինական միգրացիայի կազմակերպման վերաբերյալ վիճակագրական տվյալներին՝ հարկ է նշել, որ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է հետեւյալը.

2017-2022 թվականների ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 470-րդ հոդվածով արձանագրված հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստվել է 96 նյութ, որոնցով հարուցվել են 94 քրեական գործեր (վարույթներ), 2-ով քրեական գործ հարուցելը մերժվել է։ Նույն ժամանակահատվածում նախաքննություն է իրականացվել 108 քրեական վարույթով, հանրային քրեական հետապնդում է հարուցվել 130 անձի նկատմամբ: 50 վարույթ 87 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որից 2 վարույթով երկու անձի վերաբերյալ դատարանի կողմից կայացվել է արդարացման դատավճիռ 16, իսկ 25 քրեական վարույթով 56 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ։

Վերջնարդյունքում պետք է արձանագրել, որ քննարկվող արարքի քրեականացումը չափազանց կարեւոր քայլ է ազգային միգրացիոն քաղաքականության ձեւավորման համար: Այժմ այդ քաղաքականությունը կրում է ոչ միայն բացառապես դեկլարատիվ բնույթ, այլեւ դրված է կայուն իրավական հիմքերի վրա»:

«Առավոտ» օրաթերթ
28.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829