Լրահոս
Օրվա լրահոսը

«Թե երբ են տեսել, որ որեւէ իշխանության սիրաշահենք». Աշոտ Մելիքյանը՝ Փաշինյանի ասուլիսից հետո լրագրողներին թիրախավորելու ու քննադատելու մասին

Փետրվար 28,2024 22:30

Այսօր Վիրավորանքի ու զրպարտության հիմքով դատական գործերն ընդդեմ ԶԼՄ-ների ու լրագրողների. խնդիրներ եւ միտումներ» թեմայով քննարկման ժամանակ ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց, որ իրենց ենթադրամաշնորհ են ստացել ու բացել են մեդիայի պաշտպանության հիմնադրամ ու պատրաստ են անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրել, բացի այդ, դատական վեճերում օգնել լրատվամիջոցներին:

Aravot.am-ը հարցրեց՝ դուք ո՞նց եք ակնկալում, որ կարող էինք մեր դատական գործով դիմել ձեր աջակցությունը ստանալու, երբ որ դուք ինքներդ կանխակալ վերաբերմունք եք դրսեւորել հանրային հարթակում, չե՞ք կարծում, որ ինչ-որ տեղ դուք եք նաեւ նպաստել, որ լրագրողները դառնան թիրախ վիրավորանքների, որովհետեւ Փաշինյանի ասուլիսից հետո վիրավորանքների տեղատարափ եղավ լրագրողների հասցեին ու դրան նաեւ դուք նպաստեցիք, որովհետեւ լինելով  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար՝ հանրային հարթակում՝ ֆեյսբուքում գրում էիք, որ լրագրողը «ռոնդադ» է արել վարչապետի ասուլիսին, լրագրողները էթիկա են խախտել՝ չնայած չի եղել ԶԼՄ դիտորդ մարմնի գնահատական, որ այդ խախտումը եղել է, ձեզ տեսնելով, մարդիկ ասել են՝ «դե արի, ես քո մորը թաղեմ, բալեդ սատկի» եւ այլն:

Աշոտ Մելիքյանը պատասխանեց, որ լրագրողական կազմակերպություններին ընկալում են ցանկացած դեպքում լրագրողների պաշտպանը, այդպես չի կարող լինել: Նա ասաց, որ Դիտորդ մարմինը սովորաբար եզրակացություն տալիս է, երբ բողոք, դիմում է լինում, տվյալ դեպքում բողոք չի եղել, դրա համար այդ մարմինը չի տվել եզրակացություն. «Ոչ միայն ԽԱՊԿ-ը, այլ նաեւ այլ կազմակերպություններ իրենց դիրքորոշումը առանց ռոնդադի եւ շպագատի հայտնեցին եւ ասացին, որ այդ ասուլիսը ասուլիս չէր, որ կազմակերպել էին կառավարությունում եւ լրագրողներն էլ այն չէին հարցնում, որ հասարակությունը այդ միջոցառումից կարեւոր տեղեկատվություն ստանար: Որոշ մասը համենայնդեպս եկել էր զուտ ատելությունն արտահայտելու համար: Որն է դրա հանրային շահը՝ մեծ հարց է: Ինչ վերաբերում է իմ գրածին հանրային տիրույթում, դա ի պատասխան էր գրառման՝ ի՞նչ էի արել ասուլիսին, հո շպագատ չէի՞ իջել: Իմ գնահատականով չի, որ պետք է թելադրվի վարքագիծ, ուղղակի, երբ որ դուք ասում եք, որ աշխատում եք հանրության համար, ես, որպես հանրության մի անձ, իրավունք ունեի առանց վիրավորելու գրել»:

Դիտարկմանը, որ երբ մարդիկ ֆեյսբուքում տեսնում են, որ ԽԱՊԿ նախագահը ինքը լրագրողներին սվինահարում է, իրենք ավելի շատ են դա անում՝ կեսը՝ առանց հասկանալու՝ Աշոտ Մելիքյանը պատասխանեց. «Ես չեմ սվինահարում: Ես վաղուց  ձեւավորել եմ իմիջ, որ ինձ համար գոյություն ունի ճշմարտություն, էթիկայի նորմեր, դրանից դուրս ես պատրաստ եմ եղել քննադատել ե՛ւ իմ գործընկերներին, առավել եւս իշխանություններին՝ բոլոր ժամանակների: Ովքեր փորձում են ինձ  ներկայացնել՝ որպես իշխանությունների ջատագով, եսիմ ինչ, ես կարող եմ ցույց տալ տասնյակ հայտարարություններ, երբ ուղիղ քննադատում եմ: Երբ որ արդեն փաստարկ չի լինում այս լրագրողական կազմակերպությունների խմբի նկատմամբ ոչ բարեպաշտ վերաբերմունք ցուցաբերելու,  երկու փաստարկ է այդտեղ մնում, մեկը՝ որ անցած դարի լրագրողներ են,  այն դեպքում, երբ մենք ամեն ինչ անում ենք, որ հենց եվրոպական չափանիշները վերլուծենք, ներդնենք լրատվական դաշտ, մեկն էլ այն է, որ իշխանական ենք: Թե երբ են տեսել, որ որեւէ իշխանության սիրաշահենք ու մի կողմ դնենք մեր հիմնական առաքելությունը, խոսքի ազատությունը պաշտպանելը, ԶԼՄ-ներին օգնելը: Ուղղակի շատ թյուր կարծիք կա, որ ճիշտ լինի, թե սխալ լինի լրագրողը՝ պետք է կոմիտեն պաշտպանի: Դա իմը չէ: Ընտրությունը մեծ է մեր երկրում, կարող եք ընտրել այլ լրագրողական կազմակերպություններ, որոնք շատ ավելի հակված են այլ քաղաքական ուժերի, որոնք, իմ գնահատմամբ, գրեթե անգործության են ենթարկված»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829