«Պաշտոնյաներն ուզում են հայցի ապահովման ճանապարհով սահմանափակել ԶԼՄ-ների կամ լրագրողների գործունեությունը»,- այսօր Վիրավորանքի ու զրպարտության հիմքով դատական գործերն ընդդեմ ԶԼՄ-ների ու լրագրողների. խնդիրներ եւ միտումներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց փաստաբան Դավիթ Ասատրյանը:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց, որ 2022-23թթ-ին ընդդեմ ԶԼՄ-ների ու լրագրողների ներկայացված է եղել 71 դատական հայց, դրանցից մեկի վերաբերյալ կա վճիռ. «Ես բավականին հաճախ եմ հանդիպումներ ունենում պաշտոնյաների հետ, պիտի փակագծեր բացեմ՝ շատ ժամանակ իրենք չեն էլ թաքցնում, որ այդ դատական գործերն իրենց համար կարեւոր են ոչ միայն ինֆորմացիան հերքելու, ներողությունով սահմանափակվելու համար, այլ ֆինանսական փոխհատուցում պահանջելու, որպեսզի ցավ զգան ԶԼՄ-ները: Կարծում եմ, այստեղ կրթվելու անհրաժեշտություն կա, որովհետեւ երբ ասում ես Եվրոպական դատարանի նախադեպային որոշումները, մի քիչ այլ կերպ են պատկերացնում: Չի հիմնավորվում, թե ինչու ներողությունը բավարար չէր: Վերջերս ԱԺ նախագահը իր դժգոհությունն էր հայտնում ԲԴԽ նախագահին, որ դատարանները շատ քիչ են փոխհատուցումները հաստատում, գոնե դատական ծախսերը բավարար չափով հաստատվեր: Դա ընկալվում է որպես մեսիջ, որ դատական ծախսերը բավարարեք»:
Կարդացեք նաև
Newday.am կայքի խմբագիր Անի Գեւորգյանը հարցրեց, թե ո՞ր պաշտոնյաներն են ավելի շատ դատական հայցեր ներկայացրել՝ ընդդեմ լրատվամիջոցների ու լրագրողների: Աշոտ Մելիքյանը պատասխանեց. «Այստեղ կարելի է առաջին հերթին նշել խորհրդարանի նախագահին՝ Ալեն Սիմոնյանին: Կարելի է նշել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը», այսպիսի քաղաքականություն էր իրականացվում այդ կազմակերպության կողմից, որ ցանկացած քննադատություն վերածվում էր դատական վեճի: Պետական մարմինը պետք է ավելի հանդուրժող լինի»:
Aravot.am-ը հարցրեց՝ փաստորեն, մեր պաշտոնյաներից ամենախոցվողը, ամենաշատ վիրավորվողը Ալեն Սիմոնյանն է, որի հետ կապված գործերից մեկով՝ ընդդեմ Անի Գեւորգյանի, պահանջվել էր 2 մլն դրամ փոխհատուցում, բավարարվել էր 250 հազար դրամ, բայց եվրոպական դատարանի վճիռներով, օրինակ, «Դելֆինն ընդդեմ Էստոնիայի» եւ այլ գործերով առավելագույնը 200-250 եվրո է լինում փոխհատուցումը, որ լրատվամիջոցին հարված չլինի, դուք ի՞նչ լուծում եք տեսնում, ինչպե՞ս է հնարավոր փոխել այս միտումը, որ ԶԼՄ-ներին պատժելու համար դատի չտան ու փակեն, չե՞ք պատրաստվում կրթել պաշտոնյաներին:
Աշոտ Մելիքյանը պատասխանեց, որ լրագրողներն էլ ոչ պակաս հակում ունեն պետական պաշտոնյաներին վիրավորելու, այնպես որ կրթել պետք է երկու կողմին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ