Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուս խաղաղապահները, ադրբեջանցիների հարձակումից որոշ ժամանակ առաջ, հանել են իրենց զորքը․ գյուղապետ. «Փաստինֆո»

Փետրվար 28,2024 21:44

Արցախի Մարտակերտի շրջանի Վարանկաթաղ գյուղը 44-օրյա պատերազմից հետո սահմանամերձ էր դարձել․ Մատաղիսը բոլոր առումներով թիկունք էր Վարանկաթաղի համար։ Երեք տարի գյուղն ապրեց ադրբեջանական դիրքերի ու ռազմաբազաների հարևանությամբ․ բնակիչները հող էին մշակում, անասուն պահում մահվան մշտական սպառնալիքի տակ։ Անգամ շրջափակումը գյուղը լքելու մասին մտածելու առիթ չտվեց ոչ մեկին։

«Շրջափակման ծանրությունը մենք համարյա չենք զգացել․ հողը մշակում էինք, անասունը պահում ու մեզ յոլա տանում։ Թեկուզ 2020թ․ պատերազմից հետո ցանքատարածությունների զգալի մասը՝ 200-250 հա, անցել էր թշնամու վերահսկողության տակ, 80-90 խոշոր եղջերավոր անասուն էլ կորցրել էինք՝ մոտեցել էին թշնամու դիրքերին ու պայթել, քանի որ ականապատված դաշտեր էին Մատաղիսի կողմը, էլի ժողովուրդը մնում էր, գյուղից դուրս չեկան։ Եթե սեպտեմբերի 19-ին չհարձակվեին, չներխուժեին ադրբեջանցիները, այսօր մեր տներում կլինենք, գաղթական դարձած, Հայաստանով մեկ սփռված չէինք լինի»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Վարանկաթաղի գյուղապետ Հրանտ Բախշիյանը։

Գյուղը մոտ 100 բնակիչ ուներ․ մոտ կեսը երիտասարդ ընտանիքներ էին։ Քանի որ Վարանկաթաղն անմիջապես սահմանակից է 2020թ․-ից օկուպացված Մատաղիսին, ԱԱԾ զորքերն էին տեղակայված շփման գծի այդ հատվածում։ Վարանկաթաղի ու Մատաղիսի արանքում էլ ռուս խաղաղապահներն էին տեղակայված։

«Սեպտեմբերի 18-ի երեկոյան վառելիք ենք բաժանել մարդկանց, քանի որ, դատելով թշնամու շարժից, կուտակումներից, հարձակման վտանգ էինք զգում։ Հաջորդ օրը՝ 19-ին այն ընտանիքները, որտեղ փոքր երեխա կար, թույլ եմ տվել, որ դուրս գան, հանեն երեխաներին գյուղից։ Կեսօրին արդեն մեր կողմի դիրքերի վրա ուժեղ հրետակոծություն սկսեցին ադրբեջանցիները։ Գյուղի վրա էլ են հարվածել, բայց համեմատելու չէր 2020թ․-ի հետ։ Այս անգամ ավելի շատ հրետակոծել են դիրքերը։ Մինչև էդ, ռուսներն իրենց զորքը հանել են մեր մոտ գտնվող իրենց հենակետից, առանց որևէ մեկին նախազգուշացնելու։ Գյուղացիները՝ գյուղում, նրանք հավաքվել են, գյուղով անցել գնացել, այսինքն՝ ճանապարհը բացել են, որ ադրբեջանցիները հարձակվեն էլի։ Մեր ուժայիններն էլ սպասել են մինչև գյուղը տարհանենք, հետո նոր իրենք են դուրս եկել»,-ասում է Բախշիյանը։

Վարանկաթաղի բնակչությունը սկզբում Մաղավուզ է տարհանվել, այնտեղից էլ՝տեղի բնակչության հետ՝ Ստեփանակերտ։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829