Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ ԱԳՆ-ն բողոքի հայտագիր է հղել ռուս գործընկերներին». Մխիթար Հայրապետյանը՝ ռուսական ալիքներով վիրավորական արտահայտությունների մասին

Փետրվար 28,2024 21:12

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ԲՏԱ նախարարին հարցրեց՝ վերջին շրջանում ռուսական պետական հեռուստաընկերությունների կողմից հաճախակի լինում են վիրավորական արտահայտություններ, դա ի՞նչ իրավական հետեւանքներ է ունենալու ու ի՞նչ միջոցներ են ձեռնարկել:

Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ միջպետական համաձայնագիր է կնքվել զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին, որտեղ ֆիքսված է, որ պետք է բացառվեն պետությունների, ժողովուրդների, ազգային արժեքների նկատմամբ վիրավորական տեքստերն ու հայտարարությունները:

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը պատասխանեց. «Դուք նկատի ունեք օրեր առաջ՝ փետրվարի 25-ին հայտնի հաղորդման ժամանակ հնչած գնահատականները: Նախկինում Երեւանում անցկացվել են կոնսուլտացիաներ, արձանագրված խախտումները փոխանցվել են ռուս գործընկերներին, բայց միայն այն, որ 2 ամիս անց այդօրինակ խախտումները կրկնվում են, խոսում է այն մասին, որ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ գործող միջպետական համաձայնագիրը լրամշակելու կամ խմբագրելու անհրաժեշտություն ունի»:

Նա ասաց, որ փետրվարի 26-ին ՀՌՀ-ից ստացել են գրություն, որտեղ արձանագրված են եղել այդ խախտումները: Փետրվարի 27-ին ԲՏԱ նախարարությունում խորհրդակցություն են ունեցել ու արձանագրել, որ իրապես 5-րդ հոդվածի մի քանի դրույթներ խախտվել են. «Այսօր ՀՀ ԱԳՆ-ն բողոքի հայտագիր է հղել ռուս գործընկերներին, բայց հասկանալով որ բավականին զգայուն է հարցը եւ մենք չպետք է առիթ տանք, որ տարատեսակ խմբերի կողմից հարցը քաղաքականացվի, որովհետեւ այստեղ անիմաստ է փնտրել քաղաքական ենթատեքստեր, ես իմ կողմից  նամակ եմ ուղարկել իմ ռուս գործընկերոջը՝ Կապի եւ թվային զարգացման նախարարին՝ առաջարկելով անհապաղ կոնսուլտացիաներ անցկացնել, ներկայացնել խախտումները ու արձանագրել, որ եթե մենք դուրս ենք գալիս այն կանխավարկածից, որ ՀՀ-ն ու ՌԴ-ն այդ համաձայնագրին հավատարիմ են, բայց խախտումները շարունակվում են, ապա լեգիտիմ հարց է առաջանում անդրադառնալու այդ փաստաթղթի դրույթներին, արդյոք վերախմբագրելու անհրաժեշտություն չունի՞»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829