Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե այդպիսի ընտրություն պիտի լինի՝ Նիկոլ Փաշինյանը լինի, թե Հայաստանի Հանրապետությունը, թող չլինի Նիկոլ Փաշինյանը». վարչապետ

Փետրվար 28,2024 20:50

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխանցեց, որ երեկ ԱԺ-ում ընդդիմադիրները շատ թեժ հայտարարություններ են արել. «Մեր ընդդիմությունը շատ նեղված էր ձեր մյունխենյան այցից, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի վերաբերյալ ձեր հայտարարությունից: Եղան մեկնաբանություններ, որ Հայաստանը երբեք այսքան թշվառ, խեղճ ու միայնակ չի եղել աշխարհում, ինչպես որ այսօր է»:

Նա հարցրեց՝ իսկապե՞ս ՀՀ-ն այդքան թշվառ, միայնակ է, ինչպես որ չի եղել երբեք, թե՞ մեր ընդդիմության համար աշխարհի քարտեզը շատ փոքր հատվածով է սահմանափակվում:

Վարչապետը պատասխանեց. «ՀՀ-ն միայնակ է եղել 1996-ի դեկտեմբերից, երբ ստիպված էր վետո կիրառել ԵԱՀԿ գագաթաժողովում, եթե մենակ չլիներ, վետո կիրառելու անհրաժեշտություն չէր լինի: Եվ 1996-ի Լիսաբոնի գագաթաժողովի՝ վետոյի կիրառումից հետո նախագահի հայտարարության մեջ պաշտոնապես արձանագրվել է, որ ՀՀ-ն մենակ է: Ինչ վերաբերում է միայնակ լինելուն, վատ չի լինի, որ մենք սովորենք միայնակ լինելուն: Երբ սովորենք, մենք համապատասխան հետեւություններ գուցե անենք, որովհետեւ մենք անընդհատ մի քիչ ուրիշ ռեժիմի ենք սովորել, մեզ թվացել է, թե մենք մենակ չենք, իրականում շատ դեպքերում եղել է, որ միայնակ ենք եղել»:

Լուսինե Բադալյանն արձագանքեց, թե երեկ ԱԺ-ում խուճապ է տիրել, որը հասել է սպառնալիքների. «ՀԱՊԿ անդամ երկրները նույնիսկ այդքան նեղված չեն, ինչքան մեր ընդդիմությունը: Ընդդիմությունն այնքան հեռու գնաց, որ հասավ նրան՝ կամ չի լինի Նիկոլ Փաշինյանը, կամ չի լինի ՀՀ-ն ընդհանրապես: Ինչպիսի՞ն եք դուք տեսնում ՀՀ-ի ապագան՝ մեկ տարի հետո, 10 տարի հետո, 50 տարի հետո, ո՞րն է ձեր տեսլականը»:

Վարչապետը պատասխանեց. «Եթե այդպիսի ընտրություն պիտի լինի՝ Նիկոլ Փաշինյանը լինի, թե Հայաստանի Հանրապետությունը, թող չլինի Նիկոլ Փաշինյանը: Նման ընտրություն որեւէ մեկը չի էլ կարող քննարկել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829