Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարցրեց՝ եթե ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցված են, որեւէ քայլ արվո՞ւմ է՝ հարաբերություններում հստակություն մտցնելու. «Կա՞ բանակցություն, երկխոսություն, թե՞ խռով երեխայի պես ամեն մեկը քաշվել է մի անկյուն ու սպասում ենք հերթական վտանգավոր իրավիճակին ՀՀ սահմաններում»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մենք հարց ենք տվել ՀԱՊԿ-ին եւ մինչեւ այսօր այդ հարցի պատասխանը չենք ստացել: Այդ պատասխանի բացակայությունը մեր կարծիքով սպառնալիքներ է ստեղծում ՀՀ տարածքային ամբողջականության համար: Հարցը շատ պարզ է՝ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ՀՀ-ում: Հարցը ծագել է 2021-ի մայիսի իրադարձություններից, նոյեմբերի իրադարձություններից հետո: Ծագել է այն համատեքստում, երբ ՀԱՊԿ-ն այստեղ առաքելություն է գործուղել ու առաքելության ուսումնասիրությունների արդյունքում պետք էր տալ գնահատական: Ըստ էության ՀԱՊԿ-ի մեր գործընկերները հրաժարվել են տալ իրադրությանը գնահատական, ինչն առաջացրել է այս իրավիճակը:
Թե ինչ է նշանակում իմ հայտարարությունը, որ մենք գործնականում սառեցրել ենք մեր անդամակցությունը, դա նշանակում է հետեւյալը՝ մենք ՀԱՊԿ-ում չունենք մշտական ներկայացուցիչ արդեն մեկ տարի, մենք ՀԱՊԿ-ի միջոցառումներին բարձր ու բարձրագույն մակարդակով արդեն տեւական ժամանակ չենք մասնակցում: Իհարկե, ՀԱՊԿ-ում գործում է կոնսենսուսի սկզբունքը որոշումների կայացման համար, մենք ոչ մի բան չենք արգելափակում, բայց եւ չենք մասնակցում: Չենք մասնակցում մի պարզ պատճառով՝ չունենք այն հարցի պատասխանը, թե ինչու պետք է մասնակցենք: Շատ պարզաբանված է ու որեւէ բան ուղղելու, մեղմացնելու մտադրություն չկա: Կա հարց՝ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ՀՀ-ում: Մենք գիտենք այդ հարցի պատասխանը, ընդամենը առաջարկում ենք այդ լեգիտիմ պատասխանի տակ ստորագրել ու դա պետք է անել կոնսենսուսով: Եթե չկա կոնսենսուս, մենք նաեւ քաղաքացիների հարցերին պատասխանելու հիմք պետք է ունենանք»:
Գեղամ Մանուկյանը հարցրեց՝ թե որն է ՀՀ սահմանը, այդ հարցին Ադրբեջանը պատասխանե՞լ է, որ Ադրբեջանի հետ բանակցում եք, կամ ԵՄ դիտորդական առաքելության հետ համաձայնագիր է կնքվում, բայց եվրոպացիները ՀՀ սահմանը ո՞րն են ճանաչում. «Ձեր՝ պարբերաբար իրար հակասող հայտարարություններով՝ անկլավ, ոչ անկլավ…դո՛ւք անգամ ՀՀ սահմանը չեք հստակեցնում»:
Կարդացեք նաև
Փաշինյանը պատասխանեց, որ ինքը եւ ՀՀ կառավարությունը հստակ գիտի ՀՀ սահմանները դե յուրե նշանակությամբ միլիմետրի ճշտությամբ. «ԵՄ-ն ՀՀ սահմանները ճանաչել է հստակ: Օրինակ, 2023-ի հոկտեմբերին Գրանադայի քառակողմ հայտարարությամբ, 2023-ի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությամբ, ավելին՝ ՌԴ-ն նույնպես եռակողմ հայտարարությամբ ընդունել է ՀՀ սահմանները 2022-ի հոկտեմբերի 31-ի տեքստում, տակը կա ՌԴ նախագահի ստորագրությունը: Մենք դրանից հետո Երեւանում կայացած ՀԱՊԿ-ի գագաթաժողովում ասել ենք՝ այն, ինչի տակ ստորագրել ենք, եկեք արտահայտենք արդեն ՀԱՊԿ-ի պատասխանատվության արիալ որպես: Դա տեղի չի ունեցել: ՀԱՊԿ-ը բողոքելու տեղ չի, որ մենք գնանք բողոքենք, կներեք, մենք այդ կազմակերպության լիարժեք անդամ ենք ու եթե մեր ձայնը չի լսվում, մենք ՀԱՊԿ-ում դիտորդ չենք, կամ հյուր չենք, որ բողոքենք, մենք այդ կազմակերպության հիմնադի՛ր անդամ ենք: ՀԱՊԿ-ը, փոխանակ կատարելու ՀՀ-ի նկատմամբ իր պարտականությունները՝ անվտանգային ոլորտում դիմակայելու, ընդհակառակը, անվտանգային խնդիրներ է առաջացնում ՀՀ-ի համար ու այդ դիրքորոշումը ուղիղ ասում եմ, որ սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգությանը: Հետեւաբար ՀԱՊԿ-ը, ի հեճուկս սեփական պարտավորությունների, որ պետք է ապահովեր ՀՀ անվտանգության նկատմամբ համարժեք դիրքորոշում, անում է ուղիղ հակառակը: Հիմա մենք դե ֆակտո սառեցրել ենք ու եթե այս պրոցեսը շարունակվի, դե յուրե էլ պիտի սառեցնենք, ի՞նչ անենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ