Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հարցրեց վերջերս Ներքին Հանդում տեղի ունեցած ռազմական միջադեպից. «Իշխանության տարբեր պաշտոնյաներ հայտարարում էին, որ տվյալ հատվածը հանդիսանում է ռուսական պատասխանատվության գոտի: Ի՞նչ է նշանակում Հայաստանի որեւէ հատված՝ երրորդ երկրի պատասխանատվության գոտի: Հետո ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ ՌԴ-ն չկարողացավ կանխել արյունալի բախումը Ներքին Հանդում: Պարզ հարց է առաջանում՝ իսկ ՌԴ սահմանապահ զորքերը ի՞նչ մանդատով են այնտեղ կանգնած, ի՞նչ իրավական փաստաթղթի հիման վրա, կոնկրետ ի՞նչ պատասխանատվություն ունեն: Հետո Արմեն Գրիգորյանը հայտարարում է՝ ռուս սահմանապահները խոչընդոտել են ԵՄ դիտորդական առաքելության մուտքը Ներքին Հանդ: Ուզում եմ հասկանալ՝ մեր երկրի սուվերեն տարածքում մեկ այլ երկրի ներկայացուցիչ խոչընդոտում է մյուս երկրի ներկայացուցչի՞: Այսինքն, կառավարությունը ԵՄ դիտորդներին բերում կանգնացնում է այստեղ, ասում է՝ իրար հետ պայմանավորվեք, բա կառավարությունն այստեղ որտե՞ղ է, պետությունն այստեղ գործառույթ ունի՞, թե՞ չունի: Հետո ԱԽ քարտուղարը մի բան է ասում, ԱԱԾ-ն մի բան է ասում, վերջը ո՞րն է ճիշտ»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց անվանական ասել, թե ո՞ր պաշտոնյան է հայտարարել, որ դա ՌԴ-ի պատասխանատվության գոտին է. «Հնչել է ահազանգ եւ այդ ահազանգը քննվում է՝ հասկանալու hամար, թե ինչ խոչընդոտների մասին է խոսքը, կա՞ նման խոչընդոտ, թե՞ չկա: Քննության արդյունքներով որոշակի եզրակացություններ կարվեն»:
Աննա Գրիգորյանը նման հայտարարություն անող պաշտոնյայի անունը տվեց՝ Ալեն Սիմոնյան. «Կարող եք նրան հարցնել»: Ալեն Սիմոնյանը հերքեց. «Ես նման բան չեմ ասել»:
Նա եւս մեկ անգամ հորդորեց նշել, թե ի՞նչ հիմքով են ռուս սահմանապահները հայտնվել Ներքին Հանդում: Փաշինյանը պատասխանեց. «Ռուս սահմանապահների ներկայության մանդատ եւ պայմանագիր գոյություն չունի, սա նշանակում է, որ ռուս սահմանապահներն այնտեղ որեւէ անվտանգային գործառույթ չեն կարող իրականացնել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ