Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական Իրան 2024․ ի՞նչ սպասել մարտի 3-ին. Էմմա Բեգիջանյան

Փետրվար 28,2024 18:41

Մաս 1 

Իրանի կարևորագույն ընտրություններում գլխավոր հարցը մասնակցությունն է

2024թ․ մարտի 2-ին Իրանում տեղի են ունենալու խորհրդարանի (Իրանի իսլամական խորհուրդ մեջլիս, այսուհետ՝ ԻԽՄ) 12-րդ գումարման և առաջնորդության (ղեկավարման) բանիմացների (ընտրյալների) խորհրդի (մեջլիսի) (այսուհետ՝ ԱԲԽ) 6-րդ գումարման ընտրությունները։ ԻԽՄ-ի 290 և ԱԲԽ-ի 88 անդամներն ընտրվելու են երկրի 31 նահանգներում (օսթան) ձևավորված 208 ընտրատարածքների 60-90 հազար տեղամասերում՝ ամրակայված և շրջիկ։ Տպագրվել է 71 միլիոն քվեաթերթիկ, որտեղ զետեղված են երկու ընտրությունների թեկնածուների անունները՝ վերին հատվածում ԻԽՄ-ի, իսկ ներքևում՝ ԱԲԽ-ի։ Նշենք, որ ԻՀՀ-ում ընտրությունները տեղի են ունենում մեծամասնական համակարգով, ընտրվելու համար անհրաժեշտ է ընտրատարածքի քվեների 25 տոկոսը, այլապես առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրածները մասնակցում են ընտրությունների 2-րդ փուլին։ Խորհրդարանում 6 տեղ հատկացված է կրոնական փոքրամասնություններին՝ 2 հայ, 1 զրադաշտական, 1 հրեա և (համատեղությամբ) 1 ասորի ու քաղդեցի։

Սահմանադրության համաձայն՝ Իրանում բոլոր մակարդակի ընտրություններն իրականացնում է ներքին գործերի նախարարությունը և դրանց համար պատասխանատու է ՆԳ նախարարը՝ այժմ Ահմադ Վահիդին։ Այդ նպատակով ՆԳ նախարարությունում ձևավորվում է ընտրությունների գլխավոր շտաբ, նախարարի հրամանով պետ է նշանակվում քաղաքական հարցերով ՆԳ փոխնախարարը։ Եվ 2023 թ․ մայիսի 8-ին Վահիդին  ՆԳ փոխնախարար Մոհամեդ  Թաղի Շահչերաղին նշանակել է ընտրությունների գլխավոր շտաբի պետ։ Բացի դրանից, ձևավորվում  է նաև ընտրությունների անցկացման գործադիր հանձնաժողով, որտեղ ընդգրկված են ՆԳ և գաղտնի ծառայությունների (տեղեկատվության) նախարարները, գլխավոր դատախազը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման կազմակերպության ղեկավարը, կրոնական, քաղաքական, տնտեսական, իրավաբանական , մշակույթի և հասարակական ոլորտների 7 հեղինակավոր անձինք։ Խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենում 4, իսկ ԱԲԽ-ինը՝ 8 տարին մեկ, սակայն վերջինիս միջանկյալ ընտրությունները տեղի են ունենում ԻԽՄ-ի ընտրությունների հետ միաժամանակ։ 

Առաջնորդության բանիմացների խորհրդի առաջիկա ընտրությունները խիստ կարևոր են

ԱԲԽ-ն բնույթով խորհրդատվական է և Իրանի իսլամական կառավարման համակարգի կարևորագույն ինստիտուտներից է, որը ձևավորվել է 1983թ։ ԱԲԽ-ի գլխավոր պարտականությունը երկրի ռազմաքաղաքական ու կրոնական առաջնորդի ընտրությունն ու նրա գործունեության վերահսկումն է, իսկ հետագայում, եթե  պարզվի նրա պարտադիր հատկանիշներից որևէ մեկի բացակայությունը կամ ոչ լիարժեքությունը՝ նրան պաշտոնանկ անելը, ինչն ինքնին վկայում է կառույցի կարևորության մասին։ Առաջնորդը, ինչպես պահանջում է Սահմանադրության 109-րդ հոդվածը, պետք է ունենա հետևյալ հատկանիշները․ ա) լինի «մոջթահեդ», այն է՝ բարձրաստիճան հոգևորական, որը շարիաթի տարբեր հարցերի շուրջ «ֆաթվա» արձակելու (կրոնական վճիռ կայացնելու)  իրավունք ունի, ինչը նշանակում է, որ կրոնական թեմայով պետք է ատենախոսություն պաշտպանած լինի: բ) Մահմեդական ժողովրդին առաջնորդելու համար պետք է բավական չափով արդարամիտ ու բարեպաշտ լինի։  գ) Ճիշտ աշխարհայացք ունենա քաղաքական ու հասարակական հարցերի առնչությամբ,  լինի լավ կազմակերպիչ, նախաձեռնող և այլն։ Հաշվի առնելով երկիրը ղեկավարելու համար Սահմանադրությամբ առաջնորդի իրավունքները, որոնք թերևս անսահմանափակ են, ակնհայտ է դառնում ԱԲԽ-ի նշանակությունը երկրի կառավարման, ինչո՞ւ ոչ, անգամ ճակատագրի համար, որը լիազորված է․ ա) որոշել երկրի ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, թեև Սահմանադրությամբ նա այդ որոշումը պետք է ընդունի Համակարգի նպատակահարմարությունը զատորոշող վեհաժողովի (ՀՆԶՎ) հետ խորհրդակցությամբ, սակայն, խոշոր հաշվով, վերջինս որևէ դեր չունի այդ հարցում, քանի որ դրա անդամներին ԱԲԽ-ն է նշանակում, բ)վերահսկել ընդունված քաղաքականության իրականացումը, գ) հանրաքվե անցկացնելու որոշում ընդունելը, դ) զինված ուժերի հրամանատարներին նշանակելը, ե)  զինված ուժերի գլխավոր շտաբի պետին նշանակելը, զ) զորահավաքի հրաման արձակելը, է) դատական իշխանության ղեկավարին նշանակելը։ Նրան վերապահված է նման կարևորության ևս 5-6 գործառույթ։

Համաձայն Սահմանադրության 108-րդ հոդվածի՝ առաջին անգամ ԱԲԽ-ի անդամների քանակի, նրանց որակական հատկանիշների որոշման հարցերը, ներքին աշխատանքային կանոնադրության ու ընտրությունների օրենսգրքի մշակումը հանձնարարված էին Սահմանադրության պահապան խորհրդի (ՍՊԽ) հոգևորականներին (6 բարձրաստիճան հոգևորական)։ Մշակված փաստաթղթերը ձայների մեծամասնությամբ հաստատվել են, այնուհետև կիրարկման ուժ ստացել հեղափոխության առաջնորդի ստորագրությամբ։ Մասնավորապես 1980թ․ հոկտեմբերի  2-ին ՍՊԽ-ն հաստատել է ԱԲԽ-ի ընտրությունների օրենսգիրքը՝ 21 հոդվածով ու 6 հավելումներով։ Իսկ հետագայում դրանցում փոփոխություններ կատարելը, նոր կանոնադրության մշակումը իրականացնում է ինքը՝ ԱԲԽ-ն։

1982թ․ դեկտեմբերի 10-ին տեղի են ունեցել ԱԲԽ-ի առաջին գումարման ընտրությունները։ Առաջադրվել է 168 թեկնածու, որոնցից 12-ի համապատասխանությունը չի հաստատվել, իսկ 10-ը հրաժարվել է ընտրություններին մասնակցելուց։ Արդյունքում, 83 անդամի ընտրությամբ, ձևավորվել է խորհուրդը։ ԱԲԽ-ի առաջին գումարումն առավելապես հայտնի է իր երկու, թերևս բախտորոշ, աղմկահարույց, BBC-ի գնահատմամբ՝ ճակատագրական և նորարարական որոշումներով։

1989թ․ հունիսի 3-ին Հեղափոխության առաջնորդ այաթոլա Ռուհոլա Մուսավի Խոմեյնիի մահից հետո, դեռ հուղարկավորությունը չկատարված, ԱԲԽ-ն հոջաթոլէսլամ Ալի Խամենեիին ընտրեց առաջնորդ։ Նման ընտրությունը պայմանավորված էր ԱԲԽ-ում պահպանողական, ազդեցիկ Մարտնչող հոգևորականության հասարակության (ՄՀՀ) և հարող ուժերի՝ մեծամասնություն կազմելով, ինչը փաստորեն տեղի է ունեցել թեկնածուից պահանջվող անհրաժեշտ հատկանիշներից թերևս երկուսի բացակայությամբ, այն է՝ օրենքի խախտմամբ։ Քանի որ այդ ժամանակ հոջաթոլէսլամ կրոնական աստիճանով Ալի Խամենեին «մոջթահեդ» և, բնականաբար, «Մարջա-ե թաղլիդ» չէր կարող լինել։ Խախտման քննադատողներին ի պատասխան՝ իրավասու պաշտոնատարները շեշտեցին, թե նրա ընտրողները եղել են «Մոջթահեդ», ինչը լրացնում է այդ բացը և նրանք կաջակցեն առաջնորդին՝ ստուգելով  նրա արձակած հրամաներն ու «Ֆաթվաները»։  Նշենք, որ համաձայն ՍՊԽ-ի հաստատած փաստաթղթի 3-րդ հոդվածի՝ ԱԲԽ-ի անդամության թեկնածուն պետք է ունենա հետևյալ հատկանիշները․ ա) լինի աստվածապաշտ, վստահելի և բարոյական արժանավորությամբ, բ) «մոջթահեդ», շարիաթի խնդիրները գիտակցող և ի զորու՝ առաջնորդի անհրաժեշտ հատկանիշները ճիշտ բնորոշելու, գ) քաղաքական ու հասարակական հարցերի հանդեպ խորաթափանց ու իրազեկված, ինչպեսև՝ օրվա խնդիրներին քաջատեղյակ, ե) հավատարիմ Իրանի իսլամական համակարգին, զ) անաղարտ անցյալ ունենա քաղաքական ու հասարակական առումով։

Խոսելով  պահպանողական ՄՀՀ կրոնաքաղաքական և մշակութային կազմակերպության մասին՝  հավելենք, որ դրան անդամակցել են ազդեցիկ, հայտնի հոգևորականներ, ինչպիսիք են նախկին նախագահներ Ալի Խամենեին, Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին, Հասան Ռոհանին և այժմյան նախագահ Էբրահիմ Ռայիսին, հեղինակավոր հոգևորականներ այաթոլա Մոհամեդ Ռեզա Մահդավի Քյանին, այաթոլա Մոհամեդ Ջավադ Բահոնարը և այլք։ Ըստ պաշտոնական տեսակետի՝ ՄՀՀ-ն ձևավորվել է Հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնիի հորդորներով, 1977թ՝․ նախահեղափոխական  շրջանում՝ շահի վարչակարգի դեմ իսլամական ուժերի պայքարն ավելի համակարգված ու արդյունավետ դարձնելու նպատակով։ Հեղափոխության հաղթանակից հետո էլ այն, որպես կրոնաքաղաքական ու հասարակական կազմակերպություն, պաշտոնապես գրանցվել  և վճռորոշ դեր ու մասնակցություն է ունեցել գործադիր, օրենսդիր և դատական իշխանություններում ու խորհրդատվական կառույցներում, մասնավորապես՝ 1989-97 թթ․։ 1979թ․ փետրվարի 18-ին ՄՀՀ-ի որոշ անդամների, այդ թվում՝ Ռաֆսանջանիի ու Խամենեիի նախաձեռնությամբ, պաշտոնապես ձևավորվեց Իսլամական հանրապետություն կուսակցությունը, որը դարձավ երկրի խոշորագույն քաղաքական կազմակերպությունը։ ԻԽՄ-ում մեծամասնություն կազմելով առաջին ու երկրորդ գումարումներում՝ միաժամանակ գլխավորել է առաջին, երկրորդ, երրորդ կառավարությունները։ 1987թ․ հունիսի 1-ին ներքին տարաձայնությունների պատճառով կուսակցությունը լուծարվեց, սակայն ՄՀՀ-ն առ այսօր ակտիվ գործունեություն է ծավալում։ 1987թ․խորհրդարանի 3-րդ գումարման նախաշեմին՝ քարոզարշավի ընթացքում, ՄՀՀ-ն երկփեղկվեց՝ կազմակերպության ձախակողմյան հայտնի հոգևորականներ Մեհդի Քյառուբիի ու Մոհամեդ Մուսավի Խոինիհայի առաջնորդությամբ, և հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնիի գրավոր հաստատմամբ ձևավորվեց նոր կազմակերպություն՝ Մարտնչող հոգևորականների Ասամբլեա (ՄՀԱ) անվամբ, որը լուրջ հաջողություններ արձանագրեց նշյալ ընտրություններում։ Մուսավի Խոինիհան հետագայում շեշտել է, որ պառակտման պատճառը երկրի կառավարման հարցում տարաձայնություններն էին՝ Միր Հոսեյն Մուսավիի կառավարությանը ՄՀՀ-ի անդամների կողմ կամ դեմ լինելը։ Նա հավելել է, որ չի ցանկանում գնահատականներ տալ և վիրավորել ՄՀՀ-ի իրենց բարեկամներին, սակայն ցանկանում է ընդգծել, որ հոգևորական այս երկու կազմակերպությունը երկու տարբեր ուղերձներ են առաքում բնակչությանը, երկիրը կառավարելու հարցում ունեն երկու տարբեր տեսակետներ ու մեթոդներ։

 Ընտրությունների «հաստատունները և «փոփոխականները»

Վերադառնալով ԱԲԽ-ի առաջին գումարման գործունեությանը, նշենք՝ որ ժամկետի ավարտից 3 ամիս առաջ այն կատարեց երկրորդ թերևս դարձյալ ճակատագրական քայլը, որ վերաբերում էր կառույցի ընտրություններին։ Իմամ Խոմեյնիի ստորագրած ԱԲԽ-ի ընտրությունների օրենքի համաձայն՝ անդամի թեկնածության համար անհրաժեշտ էր Ղոմի կրոնա-ուսումնական հաստատության ճանաչված երկու դասախոսի կամ երկրի մակարդակով հանրաճանաչ կրոնագետ-հոգևորականների հաստատումը։ Սակայն ԱԲԽ-ն  որոշում կայացրեց թեկնածուների համապատասխանության հարցը հանձնարարել ՍՊԽ- ին։ Այդ որոշումը լուրջ տարաձայնություններ առաջացրեց երկրի քաղաքական դաշտում առկա գլխավոր ուժերի՝ պահպանողական ՄՀՀ-ի և ձախակողմյան ՄՀԱ-ի միջև, արժանանալով վերջինիս խիստ քննադատություններին։ Ավելին․ Խորհրդարանի նախկին խոսնակ այաթոլա Մեհդի Քյառուբին, որը 2009թ․ նախագահական ընտրությունների արդյունքները կեղծված հայտարարելու, ցույցեր կազմակերպելու համար առ այսօր տնային կալանքի մեջ է գտնվում, այդ փոփոխությունը գնահատել է այաթոլա Խամենեիի ձեռքի գործը։ Շիաների հայտնի «Մարջա-ե թաղլիդներից» այաթոլա Ասադոլա Բայաթ Զանջանին այս առնչությամբ «Էթեմադ-ե Մելի» օրաթերթին տված հարցազրույցում շեշտել է, որ  այդ որոշումը գիտական հիմք չունի, այլ նպատակը մրցակիցների մուտքն ԱԲԽ արգելափակելն է։ Ավելին, Ղոմի հոգևոր կրթական հաստատության, որը կարևորագույնն է Իրանում, պահպանողական դիրքորոշմամբ Դասախոսների հասարակություն կազմակերպությունը բաց նամակով ՍՊԽ-ի հոգևորականներից պահանջեց ավելի խստապահանջ լինել, առաջադրված թեկնածուների համար սահմանել քննություն հանձնելու կարգ, որպեսզի պատահական մարդիկ մուտք չգործեն նման կարևոր կառույց, ինչն արժանացավ ՍՊԽ-ի հաստատմանը։ Սակայն այդ որոշումներն առ այսօր սուր քննադատությունների են ենթարկվում, գնահատվում որպես հակաօրինական քայլ։ Հանգամանք, ինչի հիման վրա հետո կարելի է ասել, որ ԱԲԽ-ն միատարր  պահպանողական է, ձայների վճռական՝ մեծամասնությամբ։

ԱԲԽ-ի երկրորդ գումարման (1990-1998թթ․) ընտրությունները տեղի են ունեցել 1990թ․ հոկտեմբերի 8-ին, համապատասխան վերանայված Սահմանադրությանը, որը հաստատվել է Խոմեյնիի մահից հետո, նորընտիր հեղափոխության առաջնորդի վավերացմամբ, որտեղ ընդլայնվել են ՍՊԽ-ի և առաջնորդի իրավունքները։ Դրանք խիստ վիճահարույց էին և մեծ աղմուկ բարձրացրին՝ արժանանալով մրցակիցների սուր քննադատություններին։ Ինչպես հայտարարել էր ՆԳ նախարար Աբդոլա Նուրին, առաջադրվել էր 178 թեկնածու, սակայն 7-ը հրաժարվել էին մասնակցությունից, ՍՊԽ-ն 171-ից 62 թեկնածուի համապատասխանությունը չէր հաստատել, այդ թվում՝ հայտնի «մոջթահեդ» հոգևորականների, նրանց «բավական հավատացյալ» չլինելու պատրվակով։ Հաշվի առնելով ՍՊԽ-ի հոգևորականների պահպանողական կողմնորոշումը, բնականաբար գլխավորապես մերժվել էին մրցակից ՄՀԱ-ի անդամները։ Ի նշան ՍՊԽ-ի նման գործելակերպի դեմ բողոքի՝ հաստատվածներից 5-ն էլ հրաժարվեցին մասնակցել ընտրություններին։ Փաստորեն 83 անդամ ունեցող ԱԲԽ-ի ընտրություններին մասնակցեց 104 թեկնածու, 4 ընտրատարածքներից ներկայացուցիչ չեղավ թեկնածուների պակասի պատճառով։ Այլ կերպ ասած՝ ԱԲԽ-ը համալրվեց խորհրդարանական հաջորդ ընտրությունների հետ միաժամանակ՝ միջանկյալ ընտրություններում։  Խորհրդարանում ևս հարցը քննարկման առարկա դարձավ, ՍՊԽ-ի գործելաոճի առնչությամբ մի շարք պատգամավորներ իրենց բողոքի ձայնը բարձրացրին՝ բաց նամակ հղելով երկրի ռազմաքաղաքական ու կրոնական առաջնորդ այաթոլա Խամենեիին, հայտարարելով, որ ՍՊԽ-ի գործելակերպի հետևանքով իրավաբանական տեսանկյունից  ընտրություններն ավելի շատ նմանվել են նշանակումի, քանի որ  որոշ ընտրատարածքներում թեկնածուների քանակը հավասար է պահանջված քանակին, իսկ որոշներում էլ՝ անգամ պահանջվածից պակաս։ Հատկանշական է նաև, որ այաթոլա Մոհամեդ Քյարիմ Մարուջին, քննություն հանձնելով, գերազանց գնահատական էր ստացել, բայց նրա թեկնածությունը չէր հաստատվել այն պատճառաբանությամբ, թե աստվածապաշտության հարցում «թեթևակի կաղում է»։ Ձախակողմյան պատգամավոր այաթոլա Բայաթ Զանջանին, խորհրդարանում անդրադառնալով ՍՊԽ-ի գործելակերպին, հայտարարել էր, որ ջերմաչափ, օդի խոնավության ու ջերմության և այլ  չափիչներ առկա են, բայց բարեպաշտաչափ չի եղել, ապա խոսքը ուղղելով ՍՊԽ-ի հոգևորականներին,  նշել է․ «Պարոնայք դա ձեր նորարարական գյուտն է, որով չափում եք մարդկանց աստվածապաշտությունը»։

Խոսելով  վերանայված Սահմանադրության մասին, նշենք, որ 1989թ․ ապրիլի 24-ին, այն է՝ մահվանից 40 օր առաջ, հեղափոխության առաջնորդ իմամ Խոմեյնին երկրի նախագահ Ալի Խամենեիին հղած նամակում շեշտել էր Սահմանադրության վերանայման անհրաժեշտության մասին, նշելով, որ դա իրականացնելու է 25 հոգանոց հանձնաժողովը, ընդ որում՝ 20-ին անձամբ է նշանակելու, իսկ 5-ին  կընտրի խորհրդարանը։ Վերանայված Սահմանադրությունը, արդեն հեղափոխության նորընտիր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի հաստատելուց հետո, 1989թ․ հուլիսի 28-ին, նախագահական 5-րդ ընտրությունների հետ միաժամանակ դրվեց հանրաքվեի, որին մասնակցել էր ընտրողների 54,5 տոկոսը և 97,5 տոկոսը քվեարկել էր հօգուտ փոփոխությունների։  Տվյալ փոփոխությունները հակիրճ հետևյալներն են․ խորհրդարանի անվանափոխում, «վլայաթ ֆաղիհը» (կրոնապետություն), դարձվել է «վլայաթ-ե մոթլաղ-ե ֆաղիհ» (կրոնապետի անսահմանափակ իշխանություն), ինչը նշանակում է առաջնորդի՝ «վլայաթ-ե մոթլաղ-ե ֆաղիհի» հրամանները գերակա են շարիաթին ու ընդունված ավանդույթներին՝ չգրված օրենքներին։ Առաջնորդի համար անհրաժեշտ հատկանիշներից հանվել է «Մարջա-ե թաղլիդ» լինելը։ Զգալիորեն մեծացել են առաջնորդի իրավասությունները, հանվել է առաջնորդության խորհուրդը, ավելացել են  ՍՊԽ-ի իրավասությունները, նոր կառույց ՀՆԶՎ-ի Սահմանադրության մեջ զետեղելը, վարչապետի պաշտոնը  վերացնելը, և այլն։

ԱԲԽ-ի 3-րդ գումարման ընտրությունները տեղի ունեցան 1998թ․ հոկտեմբերի 23-ին։ 396 թեկնածու էր առաջադրվել, սակայն 214-ի համապատասխանությունը ՍՊԽ-ն  չէր հաստատել, 13 հաստատված էլ հրաժարվել էր մասնակցել, Իսկ 60-ը հրաժարվել էր քննություն հանձնել (հիմնականում ձախակողմյան ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչ, որոնք դեմ էին համապատասխանության որոշման գործընթացին ու քննությանը)։ ՄՀԱ-ն և Ղոմի կրոնական կրթական ու հետազոտական հաստատության Դասախոսների ասամբլեան (ԴԱ) ընտրություններին ցուցակ չէր ներկայացրել, և ընդդիմադիր համարվող չափավորական Կառուցողականության գործակատարների կուսակցությունն էր ցուցակով մասնակցել, ինչի արդյունքում պետք է ընտրվեր ԱԲԽ-ի 86 անդամը։ Ինչպես նախորդ ընտրություններին, այս անգամ ևս դժգոհություններն ու բողոքները վերաբերում էին թեկնածուների համապատասխանության հաստատմանը,  ՍՊԽ-ի հայեցողական գործառույթին և ԱԲԽ-ում քաղաքական գործիչների բացակայությանը։ Ձախակողմյան «Իսլամական հեղափոխության մարտնչողներ» կազմակերպության գլխավոր քարտուղար Մոհամեդ Սալամաթին հայտարարել էր, որ ԱԲԽ-ն միայն կրոնագետներինը չէ, այստեղ կարևոր գործոն է նաև քաղաքականությունը, մինչդեռ հոգևորականներից շատերի տեղեկությունները հասարակական-քաղաքական ու տնտեսական հարցերի մասին սահմանափակ են, ուր մնաց նշյալ ոլորտներում վերահսկեն առաջնորդի գործունեությունը կամ էլ ի զորու լինեն նման որակներ ունեցող առաջնորդ ընտրելու։ Իսկ ՍՊԽ-ի՝ համապատասխանության որոշման գործընթացի առնչությամբ Սալամաթին նշել է, թե ՍՊԽ-ի անդամները որպես թեկնածու են առաջադրվել ու իրենց մրցակիցների թեկնածուներին դուրս են թողնում ընտրություններից, ինչը աշխարհում որևէ երկրում նախադեպ չունի։

ԱԲԽ-ի 4-րդ գումարման ընտրությունները տեղի են ունեցել 2006թ․ տեղական խորհուրդների ընտրությունների հետ միաժամանակ, 493 առաջադրված թեկնածուներից միայն 164-ի համապատասխանությունն էր հաստատվել։ Դժգոհություններն ու բողոքները հիշյալ խնդիրներին էին վերաբերում և, ի նշան բողոքի, կրկին ՄՀԱ-ն ու Դասախոսների և հետազոտողների ասամբլեան թեկնածուների ցուցակ չներկայացրին։ Հատկանշական է, որ ԱԲԽ-ի 2-րդ գումարման ընտրություններից սկսած աստիճանաբար դուրս էին մղվում նաև նախորդ գումարման ընդդիմադիր անդամները՝ մերժվում էին նրանց թեկնածությունները։

ԱԲԽ-ի 5-րդ գումարման ընտրությունները տեղի են ունեցել 2016թ․ փետրվարի 26-ին, ԻԽՄ-ի 11-րդ գումարման ընտրությունների հետ միաժամանակ։ 88 անդամ ունեցող խորհրդի անդամակցության համար 801 հայտ էր ներկայացվել, սակայն ՍՊԽ-ն հաստատել էր միայն 166 թեկնածուի համապատասխանությունը։ Այլ կերպ ասած՝ ընտրությունները տեղի ունեցան ընդունված խաղի կանոններով, այն է՝ ընտրությունները լիովին վերահսկում էին պահպանողկան ուժերը, որոնք իրենց արդեն անվանում էին սկզբունքայնականներ (Principlists): Իսկ դա նշանակում է արգելափակել ձախ հոսանքի ուժերի մուտքը նաև խորհրդարան, որոնք, 1997թ․ նախագահական ընտրություններից ի վեր, երբ ձայների աննախադեպ քանակով ընտրվեց Մոհամեդ Խաթամին, վերանվանվեցին բարենորոգչական։ Արդյունքում՝ գործող 5-րդ գումարման ԻԽՄ-ում սկզբունքայնականները վճռորոշ մեծամասնություն են կազմում, իսկ չափավորականները, որոնց կողմ են քվեարկում բարենորոգիչները, ինչպիսին Հասան Ռոհանին է, ուղղակի ազդեցիկ փոքրամասնություն են։ Բնականաբար կրկին հնչեցին դժգոհություններ և քննադատություններ ՍՊԽ-ի գործելակերպի և այլ  հարցերի շուրջ։ Նախագահության բոլոր անդամները պահպանողականներ են, այդ թվում՝ ՍՊԽ-ի ղեկավար այաթոլա Ահմադ Ջանաթին, որը ԱԲԽ-ի բոլոր 5 գումարումների անդամ է եղել, այժմ ԱԲԽ-ի նախագահն է։ Իսկ երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին նրա առաջին տեղակալն է, նախագահության մնացած 5 անդամներն էլ հայտնի պահպանողականներ են։ Կառույցի նախագահը ընտրվում է ձայների 2/3-ով, մեծ հավանականությամբ հենց առաջին փոխնախագահն էլ 6-րդ գումարման նախագահն է դառնալու։ Թեև խոսում են մի քանի թեկնածուների մասին։

ԱԲԽ-ի 6-րդ գումարման ճակատագրական ընտրությունները

Գործող ԱԲԽ-ն 8-ամյա գործունեության ընթացքում 12 նիստ է գումարել, վերջինը տեղի է ունեցել  2023թ․ հոկտեմբերին, որի ընթացքում  հաստատվել է ընտրությունների նոր վերամշակված օրենքը․ եթե նախկինը այն կազմված էր 10 հոդվածից ու 10 հավելումից, ապա նորը՝ 31 հոդվածից ու 23 հավելումից։  Ընտրությունների նոր օրենքում փոփոխություններ ու հավելումներ են տեղի ունեցել ընտրություններին որպես թեկնածու առաջադրվողների մասով։  Այդ թվում՝ փոխվել են օբյեկտիվ ու բնույթի պահանջները, ավելացել են առնվազն 40 տարեկան լինելը, կրոնական հաստատության 4-րդ մակարդակի կրթությունը, իրանահպատակ լինելը, հասարակական-քաղաքական նպատակահարմար հայացքներ ունենալը, տնտեսական ու բարոյական առողջությունը, Իրանի իսլամական համակարգի հանդեպ հավատի փոխարեն նշվել է պարտավորությունը Իրանի իսլամական համագումարի, Իսլամական հեղափոխության, «Վելայաթ-մոթլաղե- ֆաղիհի» հանդեպ և Սահմանադրությունն անվերապահ ընդունելը։

ԱԲԽ-ի 6-րդ գումարման ընտրություններին հայտ ներկայացնելու համար սահմանված ժամկետում՝ 2023թ․ նոյեմբերի 5-11-ին, առաջադրվել է 510 թեկնածու։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ առաջադրվածների 52 տոկոսը նախկինում անդամակցել է ԱԲԽ-ին,  իսկ 65-ը գործող ԱԲԽ-ի անդամներ են, այդ թվում՝ չափավորական (չափավոր պահպանողական) նախկին նախագահ Հասան Ռոհանին, որը  նաև 3-րդ, 4-րդ և 5-րդ գումարման անդամ է եղել։ Նա առաջադրվել էր որպես Թեհրանի ներկայացուցիչ, որտեղից ընտրվելու է 16 անդամ։ Վերջինիս առաջադրումը երբեմն գնահատվում էր ընտրությունները աշխուժացնելու, ավելի շատ ընտրողների դեպի քվեատուփեր բերելու նպատակով։ Սակայն իրականում Ռոհանիի առաջադրումը, որոշ վերլուծաբաների կարծիքով, ծայրահեղ պահպանողականների համար շոկային էր, և առաջին իսկ օրվանից լուրջ ջանքեր էին գործադրվում  նրա թեկնածությունը չհաստատելու ուղղությամբ։ Ծայրահեղ պահպանողական «Քեյհան»  օրաթերթը, այն բանից հետո, երբ հեռուստահաղորդավարը պահանջել էր չհաստատել Ռոհանիի համապատասխանությունը, խիստ դժգոհություն էր հայտնել ընդհանրապես նրա առաջադրվելու առնչությամբ, շեշտելով՝ այն մարդը, որ նշում է, թե ԱՄՆ-ի հետ պետք է «լեզու գտնել», իրավունք չունի ԱԲԽ-ի անդամ դառնալու։ Ավելին․ ծայրահեղ պահպանողականերն անգամ իրենց մասնակցությունը պայմանավորում էին Ռոհանիի համապատասխանությունը չհաստատելով։ Ինչպես 2023թ․ նոյեմբերի 19-ին նշել է բարենորոգչական կողմնորոշմամբ «Շարղ» օրաթերթը, մի խումբ նոր (ծայրահեղ) պահպանողականներ, որոնք գործող խորհրդարանի մեծամասնության «դիմադրություն» խմբակցության հետ համագործակցում են, այժմ  կառավարության որոշ անդամների առանցքի շուրջը նոր հոսանք են ձևավորել, և սպառնալով հայտարարել էին՝ որպեսզի իրենք ընտրություններին մասնակցեն, պետք է Ռոհանիի համապատասխանությունը մերժվի։

Առաջադրվել է նաև գործող նախագահ,  նոր պահպանողական Էբրահիմ Ռայիսին, որը 4-րդ և 5-րդ գումարման անդամ է եղել, և ինչպես նշվեց՝ կառույցի նախագահի առաջին տեղակալն է։ Թեև սովորաբար նախագահները առաջադրվում են որպես մայրաքաղաքի ներկայացուցիչ, սակայն նա գերադասել է իր նախկին ընտրատարածք Հարավային Խորասան նահանգը, որտեղ ծնվել և երկար ժամանակ գործունեություն է ծավալել։  Այդօրինակ որոշումը հաճախ պայմանավորում էին Ռայիսիի ու նրա կողմնակիցների մտավախությամբ առ այն, որ Թեհրանում, մասնավորապես Ռոհանիի դեմ ընտրապայքարը դժվար է լինելու։ Սա՝ այն դեպքում, երբ վերլուծաբաններից ոմանք, այդ թվում՝ Ալի Աֆշարին, ընդգծում  են, որ Ռոհանին, Թեհրանում  իր թեկնածությունը դնելով, մեծ ռիսկի է դիմել․ այստեղից ընտրվելու նրա հնարավորությունները մեծ չեն, բացառված չէ, որ խայտառակ պարտություն կկրի։ Նա հավելել է, թե այդ իսկ պատճառով էլ Ռոհանին ընտրողներին կոչ էր անում  չհրաժարվել ընտրելու իրավունքից։ Աֆշարին շեշտում է, որ Ռոհանին ձգտում էր ամեն գնով իր աթոռը պահպանելու ԱԲԽ-ում, որպեսզի անհրաժեշտ պահին լուրջ դերակատարություն ունենա առաջնորդի ընտրության հարցում։ Ինչ վերաբերում է Ռայիսիին, ապա ոմանք նրա այդ քայլը բացատրում են իր ընտրողներին Խորասանում հավատարիմ մնալով, որտեղից ընտրվել էր նաև նախկինում։ Իրականում, անկախ այն բանից, թե վերջինս որ ընտրատարածքում է առաջադրվել, ընտրվելու է։ Ահավասիկ, ՍՊԽ-ն այդ ընտրատարածքում առաջադրված 5 թեկնածուներից 4-ին մերժել է և նա է միակ թեկնածուն։ Նախորդ ընտրություններին ևս նա առանց մրցակցի է ընտրվել։

Ինչպես նշվեց, ԱԲԽ-ի ընտրությունները  խիստ կարևոր, անգամ չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ երկրի համար ճակատագրական կարող են լինել, քանի որ, մեծ հավանականությամբ, ԱԲԽ-ն պետք է ընտրի երկրի ապագա առաջնորդին, որի լիազորությունները երկրի ղեկավարման հարցում, ինչպես նշվեց, թերևս անսահման են։ Բացի դրանից, նոր պահպանողական կառույցի նախագահ 98-ամյա Ահմադ Ջանաթին չի առաջադրել իր թեկնածությունը, ինչն իրանյան ԶԼՄ-ները անվանեցին այդ ընտրությունների «մեծ բացական», շեշտելով, որ նա իր որոշումը չի պարզաբանել,  գուցե նման տեսակետի մեջ նաև հենգնանք լինի, (հաշվի առնելով տարիքը)։ Մյուս կողմից, երկրի ռազմաքաղաքական ու կրոնական դեմք հանդիսացող հեղափոխության առաջնորդն արդեն 85 տարեկան է և վատառողջ, ուստի, ենթադրաբար 6-րդ գումարման ԱԲԽ-ն պետք է ընտրի երկրի երրորդ առաջնորդին, որը որոշելու է երկրի քաղաքական, տնտեսական ու հասարակական գլխավոր ուղղություները։ Ահա թե ինչու ընտրությունները կենսական նշանակություն ունեն։ Մյուս կողմից էլ ՍՊԽ-ի նախագահ Ջանաթին հազիվ թե թույլ տա, որ ընտրվեն բարենորոգչական հակումներով  անդամներ՝ բացառությամբ ոչ ազդեցիկ մի չնչին փոքրամասնության։ Ավելին, որոշ վերլուծաբաններ ու քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ՄՀԱ-ի անդամ Մոհամեդ Ալի Աբթահին, շեշտել է, որ ԱԲԽ-ի անդամները միշտ էլ եղել են «գերյուրայիններ», այժմ էլ գործերը նույն հունով են ընթանում։ Այժմ, երբ մեծ հավանակությամբ, այն պետք է իրականացնի իր գլխավոր՝ առաջնորդ ընտրելու գործառույթը, բնականաբար է՛լ ավելի բծախնդրությամբ է իրականացվել թեկնածուների համապատասխանության հաստատման հարցը․ թեև, ինչպես նշել է Աբթահին, բարենորոգիչներ չեն առաջադրվել, սակայն ջանքեր են գործադրվում մի քանի ոչ մեծ հեղնակություն վայելող չափավոր պահպանողական թեկնածուների առկայությամբ բարենորոգչական հակումներով ընտրողներին քվեատուփերի մոտ բերելու համար։

Ոչ պաշտոնական մակարդակով արդեն մի քանի տարի է, ինչ  շրջանառության մեջ է ապագա առաջնորդի ընտրության հարցը, իսկ վերջին շրջանում հարցն առավել հրատապ բնույթ է կրել և դարձել է առնվազն ոչ պաշտոնական ԶԼՄ-ների մակարդակով քննարկման առարկա։ Այս առումով «կրակի վրա յուղ լցրեց» ԱԲԽ-ի հետազոտությունների հանձնաժողովի անդամ այաթոլա Սեյեդ Ռահիմ Թավաքոլիի 2023թ․նոյեմբերի 18-ին «Ջամարան» լրատվական կայքին տված հարցազրույցը։ Նա, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԱԲԽ-ի վերջին նիստում արծարծվել է առաջնորդի փոխանորդի հարցը, նշել է՝  բացարձակապես ոչ, միաժամանակ հայտնել, որ 4 հոգուց կազմված հանձնաժողովը զբաղվում է այդ հարցով, որի անդամ է նաև ինքը։ Թավաքոլին շեշտել է, որ հանձնաժողովը թեկնածուներ է ընտրում և այդ մասին միմիայն խորհրդակցում է առաջնորդի հետ, ինչը խիստ գաղտնի գործընթաց է։ Նա անգամ լռել է ընտրվածների և այդ հարցով զբաղվողների ինքնության մասին։ Իր հարցազրույցում նա խստիվ քննադատել է Ռոհանիին և բարձր գնահատել Ռայիսիի կառավարությանը, շեշտելով, որ վերջինիս հանձնել են սնանկացած մի երկիր, իսկ նա ջանքեր է գործադրում իրավիճակը բարելավելու, և լուրջ արդյունքներ են արձանագրվել։ Հավելենք, որ արտերկրյա պարսկալեզու ԶԼՄ-ները հայտնում են, որ ընտրող հանձնաժողովի անդամներն են ԱԲԽ-ի  նախագահ Ջանաթին, այաթոլա Ահմադ Խաթամին, նախագահ Ռայիսին և Թավաքոլին։ Նշենք, որ նրանք բոլորն էլ լիովին նվիրված և հավատարիմ են հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիին։ Ըստ այդ աղբյուրների՝ եղել են տեսակետներ Ռայիսիի թեկնածության մասին, սակայն գլխավոր թեկնածուն առաջնորդի որդի Մոջթաբա Խամենեին է։ Եթե զարգացումներն ընթանան նշյալ ուղիով, ապա, ըստ ամենայնի, Ռայիսին, որը ԱԲԽ-ի առաջին փոխնախագահն է, դառնալու է նախագահ և անհրաժեշտ պահին կաջակցի Մոջթաբաի ընտրությանը։

Հասան Ռոհանին և չափավոր պահպանողականները «հեղափոխության գնացքից» իջեցվածը

Նշենք, որ մերժվածների թվին է պատկանում նաև ԱԲԽ-ի նախորդ երեք գումարումների անդամ, նախկին նախագահ Հասան Ռոհանին, ինչը թերևս ավելի մեծ աղմուկ է բարձրացրել, քան նրա առաջադրվելը։ Նույն օրը Ռոհանին այդ առնչությամբ իր կայքում բավական խիստ տոնով հադես է եկել հայտարարությամբ՝ ՍՊԽ-ից պահանջելով  թափանցիկ և հստակ հրապարակել իրեն մերժելու պատճառները։ Նա իր 7 կետից կազմված հայտարարության մեջ թերևս անուղղակիորեն թիրախավորել է նաև հեղափոխության առաջնորդին և ընդգծել․ «Այլևս կասկածից վեր է, որ իշխող փոքրամասնությունը պաշտոնապես ու բացահայտ ձգտում է ընտրողների թվի կրճատման։ Իշխողները ջանքեր են գործադրում, որ ժողովրդի ճակատագրի որոշման հարցում չեզոքացնեն քվեատուփերի ու ընտրությունների դերը, որ խմբակային որոշումները որոշեն ժողովրդի ճակատագիրը»։ Ապա հավելել է, թե նրանք, ովքեր գլխավորապես քաղաքական դրդապատճառներով ինձ և ԻԽՄ-ի հազարավոր առաջադրված թեկնածուների մերժել են, ո՛չ հեղափոխության, ո՛չ երկրի սեփականատերն են և ո՛չ էլ երկրի շահերը որոշելու արժանիքներ ունեն,  ո՛չ էլ՝ երկրի ազնիվ ու սրտացավ ծառայողների արժանիքներն անտեսելու իրավունք․ նման  գործելակերպով ժողովրդին զրկում են ընտրելու իրավունքից։

Ի դեպ, նա, առաջադրվելուց անմիջապես հետո, խոստովանել էր, որ մասնակցության նպատակը ապագա առաջնորդի ընտրությունում դերակատարություն ունենալն է․ «Աստծուց խնդրում եմ, որ մեծն առաջնորդին հաջողություններով լի երկար կյանք պարգևի։ Սակայն ժամանակի ընթացքում սև օրվա վրա հասնելը, երբ ԱԲԽ-ն պետք է նոր առաջնորդ ընտրի, հավանականությունը ավելի է մեծանում։ Ուստի, երկար ծանրութեթև անելով եկա այն եզրակացության, որ եթե ԱԲԽ-ում  լինեմ, հնարավոր է՝ որևէ դերակատարություն ունենամ երկրի ներկայի ու ապագայի հարցում։ Քայլ  չանելու դեպքում պատասխանատու եմ»։

Ռոհանիի մերժումը աննախադեպ արձագանք է գտել թե՛ բարենորոգչական, թե՛չափավոր  և նոր պահպանողականների և թե՛ իշխանամետ շրջանակներում, ինչպեսև՝ իրանյան ու օտարերկրյա ԶԼՄ-ներում։ Ի պաշտպանություն և ընդդեմ Ռոհանիի թերևս հարյուրավոր վելուծականներ ու թղթակցություններ են հրապարակվել։ Պաշտոնական տեսակետներն արտահայտող ԶԼՄ-ները Ռոհանիի համապատասխանությունը չհաստատելը պայմաննավորում են նրա 8-ամյա նախագահության ժամանակահատվածում ոչ միայն ընտրական խոստումները չկատարելով, այլև ներքին, միջազգային ու տարածաշրջանային մակարդակով ոչ արդյունավետ քաղաքականություն որդեգրելով։ Մասնավորապես, Isna գործակալությունը «Պատումներ Ռոհանիին մերժելու մասին, նախկին նախագահի նպատակը խորհրդարանի՞, թե՞ ԱԲԽ-ի ընտրություններն են» վերնագրով բավական ծավալուն հոդվածի «8-ամյա աշխատանքային կենսագրություն» ենթավերանագրով հատվածում  նշել է, որ մերժման պատճառը հենց դա է՝ թվարկելով ներքին քաղաքականությունում թույլ տված բազմաթիվ սխալները, իսկ արտաքինի դեպքում շեշտը դնելով տարածաշրջանում նրա ձախողված քաղաքականության, ապա նաև «Իրան-5+1»-ի բանակցությունների վրա։ Տարածաշրջանայինի դեպքում, ըստ երևույթին, նկատի ունի նաև Ռոհանիի  կառավարության հարավկովկասյան քաղաքականությունը, ինչի հետևանքով Թեհրանը բարդ իրավիճակում է հայտնվել։ Հանուն արդարության պետք է նշել, որ Ռոհանիի գլխավորած կառավարության հարավկովկասյան քաղաքականությունը իրոք կարելի է բնութագրել ձախողված։ Նրա նախագահության ընթացքում Իրան-Բաքու փոխհարաբերությունները թերևս ամենաադրբեջանանպաստն են եղել, տնտեսական ոլորտում լուրջ աճ է արձանագրվել, ամենաբարձր մակարդակով փոխայցելությունները ռեկորդային են եղել, տեղի են ունեցել եռակողմ Ռուսաստան-Իրան-Բաքու և Իրան-Թուրքիա-Բաքու համագործակցություններ, գագաթնաժողովներ։ 2014թ․ նոյեմբերի 7-ին Բաքվում երկու երկրների նախագահների համատեղ մամուլի ասուլիսում Ռոհանին հայտարարել էր, որ իրանցիներն ու ադրբեջանցիները երկու մարմին են՝ մի հոգով: Ռոհանին ԱԳ նախարարության ամենահամաթյուրքական խոսնակին նշանակեց Բաքվում Իրանի դեսպան, և չափազանցություն չի լինի եթե ասել, որ նա ավելի շատ պաշտպանել է Բաքվի շահերը, քան՝ Իրանինը։ Բաքվի կողմից Իրանի մշակութային արժեքների  յուրացումների ու տարածքային հավակնությունների հանդեպ դրսևորվել է համեմատաբար ավելի շատ հանդուրժողականություն։ 2016թ․ արցախյան քառօրյա պատերազմի նկատմամբ քաղաքականությունը թերևս սահմանափակվեց, ինչպես ողջ աշխարհում, զոհի ու դահճի միջև հավասարության  նշան դնելով՝ կողմերին զսպվածության կոչ անելով։  Ավելին՝ Հայաստանում և Արցախում տարածվել էին լուրեր, որոնց համաձայն քառօրյա պատերազմի ընթացքում Իրանը կրկին Ադրբեջանին թույլատրել է օգտագործել այդ երկրի տարածքը՝ Խոդափերինի շրջանը: 44-օրյա պատերազմից հետո, երբ վերլուծաբաններն ու քաղաքական գործիչներն սկսեցին գրել ու խոսել Իրանի համար պատերազմի ծանր հետևանքների, Իրանի սխալ դիրքորոշման մասին, արդեն ուշ էր, ինչպես իրանցներն են ասում՝ «կենարար սպեղանի Սոհրաբի մահից հետո»։ Սակայն նա միակ նախագահը չէ, որ խոստումները չի կատարել և սխալներ է թույլ տվել, մանավանդ որ ի սկզբանե հավատարիմ է եղել վարչակարգին ու հեղափոխությանը։ Դա է վկայում  նրա անցյալը․  խորհրդարանի 1-5-րդ գումարումների  պատգամավոր է եղել, երկու ժամկետով՝ երկրի նախագահ, ԱԲԽ-ի 3-5-րդ գումարումների անդամ, ինչը նշանակում է, որ նրա համապատասխանությունն այդ բոլոր ընտրություններին ՍՊԽ-ն հաստատել է։ Բացի դրանից, նա եղել է ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, հեղափոխության առաջնորդի նշանակմամբ՝ ՀՆԶՎ-ի անդամ, և այլն, այլ խոսքով, ինչպես նրա կողմնակիցներ են շեշտում, նա միշտ եղել է «հեղափոխության գնացքում», սակայն  իշխող փոքրամասնությունը իր շարքերն անգամ չափավոր պահպանողականներից մաքրազարդելու նպատակով նրան իջեցրել է «գնացքից»։ Այս առնչությամբ հատկանշական է Ռոհանիի կառավարության իսլամական առաջնորդության ու մշակույթի նախկին նախարար, «Էթելաաթ» օրաթերթի գլխավոր տնօրեն Աբբաս Սալեհիի տեսակետը։ X-ի իր էջում նա նշել է․ «Երբ հեղափոխության գնացքից անհատներին, անգամ խմբերին ենք իջեցնում, նույնիսկ դուրս շպրտում ու հեղինակազրկում, ուրեմն ամենապարզ հետևությունն այն է, թե ինչու՞ նստենք, որ նման ճակատագրի արժանանանք։ Եթե այդպես ենք վարվում հանրաճանաչ հեղափոխականների հետ, ապա գնացքի ճակատագիրն սկզբից մինչև վերջ որոշել ենք»։ Իսլամական առաջնորդության ու մշակույթի  մեկ այլ նախկին նախարար, ՍՊԽ-ի քարտուղարի որդի Ալի Ջանաթին շեշտել է, որ Ռոհանիին մերժել են նրա քաղաքական հայացքների համար։ Նա նշել է․ ՍՊԽ-ի «ֆաղիհներն» իրենց ուրույն տեսակետներն ունեն, որոնք հակասում են Ռոհանիի հայացքներին, այդ թվում՝ Իրան-5+1 և FATF-ի առնչությամբ և դրանք ներկայացնում են որպես համակարգի  տեսակետ, ուստի ով դրա հակառակ տեսակետն ունի, ՍՊԽ-ի ընտրությունները վերահսկելու լծակով համապատասխանությունը մերժում է»։  Բայց և այնպես չպետք մոռանալ, որ ՍՊԽ-ի «Ֆաղիհներին» նշանակում է հեղափոխության առաջնորդը, բնականաբար հաշվի առնելով նրանց քաղաքական հայացքներն ու դիրքորոշումները, որոնք անվերապահ հավատարիմ են նրան ու նրա գաղափարներին։ Ալի Ջանաթին նաև հերքել է Ռայիսիի՝ խորհրդարանի հարցերով փոխնախագահ Հոսեյնիի հայտարարությունը, որը, ի պաշտպանություն ՍՊԽ-ի, շեշտել է, որ իսլամական համակարգի համընդհանուր քաղաքականության իրականացման հարցում Ռոհանիի կատարած որոշ քայլեր մտածելու տեղիք են տալիս։ Նախկի պաշտոնյաներից Ռոհանիի խորհրդական Հեսամըդին Աշնան նրա մերժումը բացատրում է նոր պահպանողականներին ձեռնտու չլինելով  և հարց տալիս․ «Նա չէ՞ր համապատասխանում, թե՞ նպատակահարմար չէր»։ Արտերկրյա ընդդիմադիր քաղաքական գործիչներից ու փորձագետներից շատերի կարծիքով Ռոհանիին խաղից դուրս թողնելը հանուն իշխանության պայքարի հետևանք է։ Վերլուծաբան Մորադ Վեյսին «Iran International» հեռուստաալիքին տված հարցազրույցում շեշտել է, որ նոր պահպանողականներն իշխանությունից հեռացնում են չափավորականներին, աստիճանաբար մաքրազարդում՝ այն կենտրոնացնելով իրենց ձեռքում, շեշտելով, որ դա արվում է երկրի ռազմաքաղաքական ու կրոնական առաջնորդ այաթոլա Խամենեիի կամքով։

Բնականաբար նոր պահպանողականները ուրախությամբ ողջունել և արդարացի են համարում ՍՊԽ-ի որոշումը, շատերն էլ անհամբերությամբ սպասում են Ռոհանիին դատարանի առաջ տեսնել։ Նոր պահպանողական հայացքներով քաղաքական գործիչ հոգևորական Համիդ Ռասային X-ի իր էջում, գոհունակություն հայտնելով ՍՊԽ-ի որոշումից, շեշտել է․ «Հիմա պետք է որոշ մութ հարցերի պարզաբանման համար սպասենք Ռոհանիի դատավարությանը»։ Իսկ խորհրդարանի  մեծամասնության՝ «Դիմադրություն» խմբակցության անդամ Ջավադ Ղոդուսին  ընդգծել է, թե Ռոհանին նպատակամղված էր «Սակիֆա» ստեղծել, ակնարկելով հեղափոխության առաջնորդի փոխանորդի ընտրությունը, հավելելով, որ  նա դրա կամքը ու ընդունակությունն էլ ունի։ Խոսքը վերաբերվում է Մոհամեդ մարգարեի մահից հետո վրանի տակ կազմակերպված հավաքին, որտեղ պետք է ընտրվեր մարգարեի փոխանորդը։ Ըստ շիաների՝ տեղի է ունեցել սխալ ընտրություն․ պետք է ընտրվեր Մոհամեդի հորեղբորորդի և փեսա Ալին (շիաների համար Մոհամեդից հետո գլխավոր սուրբը), մինչդեռ ընտրեցին Աբուբաքրին։ Այլ կերպ ասած, նոր պահպանողականները մտահոգված էին առաջնորդի փոխանորդ ընտրելու հարցում Ռոհանիի դերակատարությամբ։ Հեղափոխության պահապան գվարդիայի հրամանատարի քաղաքական գծով տեղակալ գեներալ Յադոլա Ջավանին, լիովին արդարացնելով ՍՊԽ-ի որոշումը, խիստ տոնով քննադատել էր Ռոհանիին, ինչը պատահական չէր։

Անմրցակից Էբրահիմ Ռայիսին և նոր պահպանողականների հավանական հաղթանակը

Վերոհիշյալ  հանգամանքների բերումով, չափազանցություն չի լինի ասել, որ ինչ-որ չափով ԱԲԽ-ի ընտրությունները երկրորդ պլան են մղել խորհրդարանական ընտրությունները։ Դրանք ոչ միայն իրանական, այլև միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում են։ Եվ ահա, հունվարի 2024թ․ 24-ին ՍՊԽ-ն հայտարարել էր երկու ընտրությունների թեկնածուների համապատասխանության հաստատմամ գործընթացի ավարտը, միաժամանակ հայտարարելով, որ ԱԲԽ-ի 510 թեկնածուից հաստատվել էր 138-ի համապատասխանությունը՝ շուրջ 27 տոկոսինը, ինչն աննախադեպ ցածր ցուցանիշ էր և նշանակում էր, թե որոշ ընտրատարածքներում կառույցի անդամները կընտրվեն ոչ մրցակցային պայմաններում, որոշներում էլ թեկնածու չի լինի։ Օրինակ, Հարավային Խորասան  նահանգում Էբրահիմ Ռայիսին միակ  թեկնածուն էր։ Ի դեպ, ըստ իրանական մամուլի, նախորդ անգամ ևս, 9 ընտրատարածքում ընտրությունները տեղի են ունեցել առանց մրցակցության, այդ թվում՝ Հարավային Խորասանում, որտեղից ընտրվել էր Ռայիսին։ Սակայն վերափոխված ընտրական օրենսգրքի  համաձայն, ինչպես հայտարարել է ՍՊԽ-ի խոսնակ Հադի Թահան Նազիֆը, ընտրատարածքներում տեղերի ու թեկնածուների քանակը չպետք է հավասար լինի։ Այս առնչությամբ հատկանշական է, որ ԱԲԽ-ի ընտրություններում ընտրվելու համար ձայների նվազագույն սանդղակ չկա, այն է՝ եթե մրցակից չլինի, թեկնածուն մեկ ձայնով էլ կարող է ընտրվել։

Մերժված առաջադրվածներին հունվարի 26-28-ին ժամանակ էր տրվել բողոք ներկայացնելու ՍՊԽ։ Այդ ընթացքում  շուրջ 120 բողոք է ներկայացվել, որոնց տվյալները ՍՊԽ-ի «ֆաղիհները» վերանայել և վերջնական արդյունքները փետրվարի 9-ին ներկայացրել են ՆԳ նախարարություն։ Բայց Ռոհանին «չմոտեցավ գնացքին», որպեսզի կրկին դուրս շպրտվի։ Առաջադրված թեկնածուների զանգվածային մերժումը քննադատությունների բուռն ալիք էր բարձրացրել երկրի և արտերկրյա ընդդիմադիր ու անկախ ԶԼՄ-ներում, որոնց ի պատասխան, ՍՊԽ-ի խոսնակ Թահան Նազիֆը ISNA գործակալությանը տված հարցազրույցում շեշտել է, որ, ըստ ԱԲԽ-ի ընտրությունների օրենսգրքի՝ այն ընտրատարածքներում, որտեղ մրցակցության համար բավարար թվով թեկնածուներ չկան, ընտրություններ տեղի չեն ունենալու։ Նա հավելել է, որ, հաշվի առնելով  ԱԲԽ-ի հույժ կարևոր նշանակությունը, թեկնածուների համար օրենքով առավել խիստ նախապայմաններ են նախատեսվել։ Նա շեշտել է, որ մերժումները հիմնականում պայմանավորված են թեկնածուների գիտական պատշաճ մակարդակի բացակայությամբ։  Թահան Նազիֆը նշել է նաև, որ մրցակցային պայմաններ ապահովելու համար մինչև ընտրություններից 72 ժամ առաջ կարելի է փոփոխություն կատարել թեկնածուների ընտրատարածքներում։ Հավելենք նաև, որ եթե որևէ ընտրատարածքում ընտրություններ տեղի չեն ունենում, ապա, մինչև միջանկյալ ընտրությունները ( 4 տարի հետո), տվյալ ընտրատարածքից ընտրված անդամը շարունակում է զբաղեցնել իր տեղը, իսկ գործող ԱԲԽ-ի անդամները հիմնականում «յուրայիներ» են։ Հայտարարված արդյունքների համաձայն՝ 9 ընտրատարծքում մեկ թեկնածու կար, Զանջանում էլ  հայտ ներկայացրած բոլոր թեկնածուները մերժվել էին։ Փաստորեն այդ ընտրատարածքում ընտրությունները տեղի կունենային միայն այն դեպքում,  եթե թեկնածուների տեղափոխություն կատարվեր, ինչը տեղի է ունեցել։ Թահան Նազիֆը փետրվարի 8-ին հայտարարել է, որ ՍՊԽ-ի «ֆաղիհները», կրկին ուսումնասիրելով ներկայացված բողոքները, հաստատել են ևս  6-ի թեկնածությունը․ այժմ 144 թեկնածու է մասնակցելու մարտի 1-ի ընտրություններին։ Ապա նա շեշտել է, որ ԱԲԽ-ի ընտրությունները տեղի են ունենալու բոլոր ընտրատարածքներում՝ թեկնածուների թվի ավելացմամբ, և, ընտրատարածքի փոփոխության հնարավորությունը օգտագործելով, ապահովված է նաև մրցակցությունը։ Կառույցի ընտրություններում աննախադեպ է նաև 6 բողոքի դրական արդյունքը, ինչը թերևս բխում է մրցակցություն ու բոլոր ընտրատարածքներում ընտրություն ապահովելու անհրաժեշտությունից։ Մյուս կողմից ընտրատարածքների փոփոխությամբ պայմանավորված թեկնածուները որոշ դեպքերում կարող են կորցնել իրենց ընտրազանգվածի մի հատված ի շահ տվյալ ընտրատարածը ներկայացնողի, հետևաբար՝ առավել ցանկալի թեկնածուները ընտրվելու են, այդ թվում Հարավային Խորասանում արդեն հայտնի է, որ Ռայիսին մրցակից ունի։ Ուստի ընտրություններում որևէ անակնկալ  տեղի չի ունենա նոր պահպանողականների հաջողությունը վճռորոշ ձայներով ապահովված է, ինչպեսև Ռայիսիի՝ կառույցի նախագահ դառալու հարցը։ Թեև, որպես կառույցի նախագահի հավանական թեկնածուների, Ռայիսիից զատ, շնջանառության մեջ են նաև  92-ամյա Մոհամեդ Ալի Մովահեդի Քերմանիի,  Սադեղ Լարիջանի Ամոլիի, Ահմադ Խաթամիի անունները, որոնք բոլորն էլ նախագահության անդամ և ազդեցիկ դեմքեր են, սակայն որոշ հանգամանքների պատճառով  նրանց՝ հաջողության հասնելու հավանականությունը շատ փոքր է։ Նշենք նաև, որ, մեծ հավանականությամբ գործող ԱԲԽ-ից առաջադրված 52 անդամը, որոնց թվում են նախագահության անդամները, բացառությամբ նախագահի, վերընտրվելու են, ինչ նշանակում է, թե նոր առաջնորդի կամ փոխանորդի ընտրության հարցում կարևոր դեր ունեցող նախագահության կազմը հազիվ թե զգալի փոփոխություն կրի։ ԱԲԽ-ում 36-ն էլ նորեկ կլինեն, որոնց թեկնածության հաստատումը պատահական չէր կարող լինել։

2024թ․ փետրվարի 14-ին սկսվել է ԱԲԽ-ի քարոզարշավը, որ տևելու է 15 օր, միաժամանակ հրապարակվել են նաև թեկնածուների անուններ, և, ինչպես հայտարարել է Թահան Նազիֆը, տեղափոխությունների միջոցով բոլոր ընտրատարածքներում ապահովված են մրցակցային պայմաններ։ Այսուհանդերձ նկատելի է, որ մրցակցությունը բուռն չի լինի երբեմն երկու, լավագույն դեպքում՝ երեք թեկնածուների, այդ  թվում՝ Հարավային Խորասանում Ռայիսիի և Հոսեյն Ռուհբխաշի միջև։ Իսկ վերջինս ոչ հայտնի հոգևորական է և կառավարման համակարգում  աշխատանքի փորձ չունեցող։ Նրան նախագահ Ռայիսիի մրցակից համարելն այնքան էլ լուրջ չէ։

Խորհրդարանական ընտրությունների մասը՝ հաջորդիվ

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829