Այսօր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն քննարկում էր կազմակերպել՝ «Վիրավորանքի ու զրպարտության հիմքով դատական գործերն ընդդեմ ԶԼՄ-ների ու լրագրողների. խնդիրներ եւ միտումներ» թեմայով:
Փաստաբան Դավիթ Ասատրյանը ներկայացրեց մոնիտորինգի արդյունքները, ըստ որի 2019-ին ու 2020-ին ռեկորդային թվով հայցեր են եկել դատարան՝ ընդդեմ ԶԼՄ-ների, 2022-23-ին նվազել են, բայց ոչ այնքան, որքան 2018-ից առաջ է եղել: Ընդ որում, այս գործերով հիմնականում պաշտոնյաներն ուզում են պատժել լրագրողներին՝ չբավարարվելով միայն հերքումով ու ներողությամբ. «Սովորաբար, երբ խոսքը վերաբերում է նյութական փոխհատուցմանը, սահմանվում է 200-300 հազար դրամի չափով ու չէր ավելանում: Բայց այս հետազոտությամբ տեսանք, որ կտրուկ արդեն ավելացել է: Մենք ունենք դրամային փոխհատուցմամբ 3 դատական ակտեր, որից երկուսը 500 հազար դրամ եւ մեկ դատական գործով՝ 100 հազար դրամ: Այստեղ կարեւոր է, թե ովքեր են հայցվորները: 500 հազար դրամ ստացողները եղել են պաշտոնատար անձինք, 100 հազար դրամ ստացողը՝ քաղաքացի: Քննարկելու կարիք կա՝ արդյոք դատարանները կաշկանդված են հայցվորի կարգավիճակով, նրա պաշտոնատար անձ լինելով, արդյոք դա խնդրահարույց իրավիճակ չի՞»:
Հաջորդ խնդիրն այն է, որ դատարանները չեն տարբերում՝ որն է գնահատողական դատողությունը, այնինչ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմամբ հստակ ամրագրվում է՝ եթե խոսքը վերաբերում է գնահատողական դատողությանը, դա պե՞տք է ապացուցել, թե՞ պետք չի. «Մենք ծայրահեղական դեպքեր ունենք, երբ արտահայտությունը ակնհայտ արատավորող է,լ բայց դատարանը գտել է, որ դրանք գնահատողական դատողություն են եւ ունենք արտահայտություններ, որոնք իրենց բնույթով ոչ այդքան արատավորող կարող են ընդունվել, զուտ բացասական խոսք է, բայց դատարանը սահմանել է՝ որպես զրպարտություն: Ունենք ծայրահեղական որոշումներ, որովհետեւ չկա չափորոշիչը, թե արտահայտության որ ձեւն է, որ ավելի խիստ կարող է դիտարկվել որպես զրպարտություն»: Շատ հազվադեպ են դատարանները անդրադառնում այն հարցին՝ պատասխանողը դիտավորությո՞ւն է ունեցել արատավորել, թե՞ ոչ:
Կարդացեք նաև
Դատական պրակտիկայում լինում է դեպք, երբ չգիտեն ում դեմ հայց ներկայացնեն լրագրողի՞, թե՞ լրատվամիջոցի: Եղել է դեպք, որ լրագրողին են դատի տվել ու պարզվել է, որ նա պատշաճ պատասխանող չէ, կեղծանունով է հանդես եկել, հետեւաբար սխալ հայց են ներկայացրել ու մերժվել են:
Կա նաեւ գործի քննության ողջամիտ ժամկետի չարաշահում, գործերից մեկը տեւել է 20 ամիս, իսկ ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է: Փաստաբանը հիշատակեց ՔՊ-ական Սերոբ Սարգսյանն ընդդեմ լրագրող Լիա Սարգսյանի գործը եւ ասաց. «Այս գործով դատարանը գնահատողական դատողություն որակեց «ստոր…պիտի թքեք այս արարածի երեսին» արտահայտությունները: Լրագրողը պնդել է, որ սոցցանցում դա գրել է՝ զոհված զինծառայողների ծնողներին ուղղված «փնթիներ» արտահայտության համար: Դատարանը մերժել էր Սերոբ Սարգսյանի հայցը եւ գտել, որ դրանք լրագրողի գնահատողական դատողություններն են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ