Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ, այսօր շարունակվեցին հասարակական գործիչ, «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի գործով լսումները: Նախորդ նիստում, Մալյանի կալանքի ժամկետը երկարացվեց եւս երկու ամսով, իսկ այսօր նախատեսված էր Նարեկ Մալյանի հարցաքննությունը. վերջինս հրաժարվեց դատարանում ցուցմունք տալուց:
Նարեկ Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն այսօր միջնորդություն ներկայացրեց դատարանին, որպեսզի դատարան հրավիրվեն եւ հարցաքննվեն ՔՊ վարչության անդամները՝ Սուրեն Պապիկյանը, Ռուբեն Ռուբինյանը, Տիգրան Ավինյանը, Գեւորգ Պապոյանը, Գնել Սանոսյանը, Վահագն Ալեքսանյանը, Արսեն Թորոսյանը եւ մյուսները՝ հասկանալու համար՝ Նարեկ Մալյանի հայտարարություններն իրենց հասցեին վիրավորանք համարո՞ւմ են:
Մեղադրողն առարկեց՝ ասելով, որ միջնորդությունը վերաբերելի չէ դատավարության ընթացքին եւ Մալյանին ներկայացված մեղադրանքին: Դատավորը միջնորդությունը մերժեց՝ պատճառաբանելով, որ 329 հոդվածով առաջադրված մեղադրանքը հանրային է՝ հասարակության դեմ ուղղված հանցագործությունների խմբում է ներառված եւ գործով որեւէ տուժող ներառված չէ, ուստի վերոնշյալ անձանց դատարան հրավիրելու անհրաժեշտություն դատարանը չտեսավ:
Պաշտպանական կողմը մի քանի միջնորդություններ էլ ներկայացրեց՝ անթույլատրելի ապացույցներ ճանաչելու մասին, դրանցից մեկն էլ պատշաճ սուբյեկտի մասին էր, մասնավորաբար, քննիչ Բաղինյանին վերաբերվող, որի՝ նախաքննությունը ստանձնելուց ի վեր, գործի ընթացքը կտրուկ փոխվել է: Պաշտպանական կողմը չի հայտնաբերել որեւէ փաստաթուղթ քննչական կառույցի ղեկավարի կողմից, որը ցույց կտար, որ վերջինիս հանձնարարվել է նախաքննությունը շարունակել: Դատախազները առարկեցին՝ պատճառաբանելով, որ ՔՕ-ն հնարավորություն տալիս է՝ բանավոր հանձնարարել մեկ այլ քննիչի՝ վարույթ ստանձնել: Նույն պատճառաբանությամբ դատարանը մերժեց նաեւ սույն միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ փաստաթղթերի ամսաթվերը ցույց են տալիս, թե ո՞ր պահից սկսված է գործը փոխանցվել մեկ այլ քննիչի: Պաշտպան Ռուբեն Մելիքյանն առարկեց դատարանի որոշման դեմ, քանի որ ՔՕ-ի պատշաճ ընկալում չի համարում բերված մեկնաբանությունները:
Կարդացեք նաև
Նիստի ողջ ընթացքում Նարեկ Մալյանը ընթերցանությամբ էր զբաղված:
Հիշեցնենք, Նարեկ Մալյանին ձերբակալել էին սեպտեմբերի 20-ին, երկու օր անց նա կալանավորվեց: Նարեկ Մալյանին ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 329–րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելու համար: Այն է՝ «ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը»: Այս հոդվածով նախատեսվում է որպես պատիժ՝ 1-4 տարի ազատազրկում:
Հիշեցնենք` ավելի վաղ «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը բեմադրելու համար, Նարեկ Մալյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 226.2 հոդվածով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։ Այս տարվա հունիսի 30–ին Նարեկ Մալյանն արդարացվեց Չաուշեսկուի գնդակահարությունը բեմադրելու գործով։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ