Փետրվարի 27-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն ընդունել է ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդ, գնդապետ Քեվին Ստիլին, երկկողմանի համագործակցության սպա, մայոր Թելըն Ռոսսին, ռազմական համագործակցության գրասենյակի ղեկավար, փոխգնդապետ Ջամալ Խանին, գրասենյակի համակարգող Անի Մելքումյան և բարեգործական ծրագրերի նախաձեռնող Լիլիա Աբրահամյանին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականցման բաժնի գլխավոր մասնագետ Անի Բաղդասարյանը:
Մարզպետ Արամ Ղազարյանը ողջունել է դեսպանատան ներկայացուցիչներին և շնորհակալություն հայտնել ԱՄՆ կառավարության և դեսպանատան աջակցությամբ մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող մեծածավալ ծրագրերի համար.
-Ուրախ եմ հյուրընկալելու ձեզ և խնդրում եմ ջերմ ողջույններս փոխանցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան տիկին Քրիստինա Քվինին: Առաջին իսկ հնարավորության դեպքում սիրով պատրաստ եմ հյուրընկալել նրան: Շնորհակալություն եմ հայտնում ձեզ Լոռու մարզում հումանիտար բազմաթիվ ծրագրերի իրականացման, այս դժվարին իրավիճակում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին սատարելու համար: Որպես մարզի ղեկավար՝ մշտապես պատրաստ եմ համագործակցության և ուրախ կլինեմ, որ մեր համագործակցությունը լինի ոչ միայն գործնական, այլև բարեկամական, ընկերական հարթության վրա: Ես, ինչպես նաև մարզպետի աշխատակազմը, հետագա բոլոր նախաձեռնություններում ևս պատրաստ ենք աջակցելու և գործակցելու ԱՄՆ դեսպանատան հետ,-ասել է մարզի ղեկավարը՝ հատկապես ընդգծելով, ԱՄՆ կառավարության, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մարդասիրական գործունեությունը:
Կարդացեք նաև
-Մեր բոլորի ցանկությունն է, որ լինի խաղաղություն, երբևէ չլինեն պատերազմներ և պատերազմների հետևանքով տուժած ժողովուրդներ և երկրներ,-իր խոսքը եզրափակել է Արամ Ղազարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար՝ գնդապետ Քեվին Ստիլը նույնպես մարզի ղեկավարին է փոխանցել տիկին դեսպանի, ինչպես նաև ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության ողջույնները և նշել, որ վերջինիս ֆինանսական աջակցությամբ են իրականացվում հումանիտար ծրագրերը:
-Մարդասիրական ծրագրերն առավել հոգեհարազատ են մեզ համար, քանի որ անձամբ տեսնում ենք, որ մեր աջակցությունը փոխել է ինչ-որ մեկի կյանքը, ապահովել կեցության ավելի բարեկեցիկ պայմաններ: Պատրաստ ենք այսուհետ ևս իրականացնել աջակցության ծրագրեր,-ասել է նա:
Լիլիա Աբրահամյանն ամփոփ կերպով ներկայացրել է դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի կողմից վերջին չորս տարում Լոռու մարզին ցուցաբերված աջակցության ծրագրերը. այդ թվում՝ գույքի տրամադրումը մարզի հեռավոր բնակավայրերի մանկապարտեզներին, դպրոցներին, Սպիտակի բժշկական կենտրոնին: Վերջինիս համար ձեռք է բերվել նաև ռենտգեն ապարատ, Քովիդ-19 համաճարակի ժամանակ տրամադրվել են անհրաժեշտ պարագաներ, հանրապետության բոլոր կրթօջախներին՝ ջերմաչափեր, բժշկական հաստատություններին՝ սատուրոմետրեր: Այժմ ընթացքի մեջ են Ծաղկաբեր և Արևաշող համայնքների ջրագծերի կառուցումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցության ծրագրերը: Վերջիններիս, առաջին փուլով տրամադրվել էին հիգիենիկ պարագաներ և մանկական սնունդ: Այժմ Վանաձոր է տեղափոխվել մեծաքանակ գույք, որը նախատեսված է Լոռու մարզում գտնվող կացարաններում ապաստան գտած մեր հայրենակիցների համար:
Մարզպետ Արամ Ղազարյանն, օգտվելով առիթից, ևս մեկ անգամ իր երախտագիտությունն է հայտնել Լիլիա Աբրահամյանին բարեգործական ծրագրեր նախաձեռնելու, հոգատարության և համագործակցության համար:
Հանդիպման ավարտին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի ուղեկցությամբ դեսպանատան ներկայացուցիչները մեկնել են Վանաձորի նախկին մանկատան տարածք, որտեղ տեղափոխվել էին աջակցության բեռները:
Լոռու մարզպետի աշխատակազմ