Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը
Մի միֆ է շրջում, որ իբր Հայաստանի Հանրապետությունը մեծ գումարներ էր ուղարկում Արցախ` փոխանակ այդ գումարները ծախսեր ՀՀ զարգացման խնդիրների վրա։ Երևանը, իրոք, միջպետական վարկ էր տալիս Արցախին, որը սկսել է կիրառվել 1996 թվականից։ Թվերը տարբեր են եղել, տարեկան 8 միլիարդ դրամից մինչև 60 միլիարդ 2020թ.։ Այսինքն՝ պատերազմին նախորդած 5 տարիներին ՀՀ֊ն Արցախին տարեկան 90֊120 միլիոն դոլար էր տալիս։
Սրա փոխարեն ՀՀ հանգիստ կարողանում էր շահագործել սահմանամերձ վայրերի հանքերը (օրինակ Սոթքի հանքը), ենթակառուցվածքները, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի ֆերմերներն օգտվում էին Արցախի հողային հնարավորություններից, ՀՀ սահմանամերձ բնակավայրերում (ու ոչ միայն) հարյուրավոր աշխատատեղեր էին ստեղծվում Արցախի հետ տնտեսական կապերի արդյունքում։
ՀՀ քաղաքացու մոտ բարձր էր անվտանգ ու պաշտպանված լինելու զգացմունքը, որի բացակայությունը աղետալի ազդեցություն ունի ներդրումային միջավայրի վրա, հատկապես` սահմանամերձ բնակավայրերում։ Արցախի կորուստը բերել է ավելի մեծ ծախսերի սահմանների պահպանման համար, քան տարեկան 120, անգամ 200 միլիոն դոլարը։
Կարդացեք նաև
Մի խոսքով, Արցախը որևէ ձև բեռ չէր Հայաստանի համար, նրա գոյությունը միայն նպաստում էր ՀՀ քաղաքացու սոցիալական ու տնտեսական վիճակի բարելավմանը, ՀՀ անվտանգության մակարդակի բարձրացմանն ու միջազգային դիրքին։