Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղակալ Ելենա Հարությունյանը պատասխանելով Նաիրի Զարյանի անվան 130 հիմնական դպրոցում տիրող անառողջ մթնոլորտի վերաբերյալ Aravot.am-ը հարցերին՝ նշեց, որ ողջ օրը քաղաքապետարանի ներկայացուցիչները եղել են դպրոցում, եւ այս պահին իրենց ողջ ջանքերն ուղղված են եղել դպրոցում տիրող իրավիճակը խաղաղեցնելուն ու խաթարված ուսումնական գործընթացը վերականգնելուն:
«Շատ վատ բան է տեղի ունեցել, սովորողները ներգրավել են այդ պրոցեսների մեջ, ինչը մեզ համար բացարձակապես անընդունելի եւ դատապարտելի է: Չնայած արդեն իսկ զբաղվում էինք մի շարք հարցերով՝ իմանալով փոխտնօրենների՝ իրենց պարտականությունները դադարեցնելու մասին դիմումներ ներկայացնելու հանգամանքի մասին, ու կարծում էինք, որ հանրային հնչողության կարիքը չկար: Մենք փորձելու էինք, ինչպես ցանկացած կոլեկտիվում, այնպես էլ այստեղ, այդ հարցը լուծել ներքին օղակներում, բայց խնդիրն, այնուամենայնիվ, հանրայնացավ: Այս պարագայում մենք այլ բան չունեինք անելու, քան փորձել ամեն գնով կանոնավորել ուսումնական գործընթացը:
Այդ առումով քննարկումներ ունեցանք ինչպես տնօրենի, այնպես էլ փոխտնօրենների հետ, զրույցներ՝ ուսուցիչների ու մի քանի ծնողների հետ: Մասնավորապես տնօրենի եւ փոխտնօրենների հետ մեր զրույցների արդյունքում համաձայնության եկանք մի բանի շուրջ, որ բոլոր ջանքերը ուղղելու ենք նրան, որ այս անընդունելի իրավիճակը շտկվի այս օրերի ընթացքում: Այսինքն՝ դպրոցի բնականոն գործունեությունը վերականգնվի, սովորողների ներգրավումները՝ ցանկացած այսպիսի խժդժությունների մեջ, բացառվեն, ինչ-որ ձեւով ծնողներին հասկացնենք, որ հանգիստ լինեն, չներգրավեն այս ամենի մեջ եւ թողնեն, որ կոլեկտիվի հարցերը լուծվեն կոլեկտիվում: Քանի որ հավաքված էինք կրթության գործի մարդկանցով, եւ մեզ համար գերակա է սովորողի շահը, կրթության իրավունքի ապահովումը, եկանք այդ պայմանավորվածության»,-ասաց քաղաքապետարանի պաշտոնյան:
Ելենա Հարությունյանի ձեւակերպմամբ, առաջիկա օրերին ամեն ինչ անելու են, որ բնական գործընթացը դպրոցում վերականգնվի, դրանից հետո միայն կունենան աշխատանքային քննարկումներ՝ հասկանալու համար թե ինչպես վարվել փոխզիջումային տարբերակով լուծումներ գտնելու ուղղությամբ:
Մեր հարցին՝ ուղղորդո՞ւմ կար, որ աշակերտներն էլ էին ներգրավել դպրոցում տիրող անառողջ գործընթացներում, մեր զրուցակիցը հետեւյալ կերպ արձագանքեց. «Ուսուցիչների մի մասն ասում էր՝ ուղղորդում կար, մյուս մասը վստահեցնում էր, որ ոչ մի ուղղորդում էլ չկար: Բայց մենք նաեւ մեր աշակերտներին լավ գիտենք. տարիքային առանձնահատկություններից ելնելով՝ երեխաները երբեմն սիրում են առիթն օգտագործել դասապրոցեսը ընդհատելու, խաթարելու համար: Այդ ամենը շատ լավ հասկանում ենք, սակայն հակված չենք որեւէ կողմին մեղադրել որեւէ բանում, քանի որ դա անշնորհակալ գործ կլինի: Մենք որոշել ենք նախ ստեղծված իրավիճակը խաղաղեցնել: Կխաղաղեցնենք, հետո կորոշենք կառուցողական զրույց ունենալ, որովհետեւ նման լարված իրավիճակում ոչ մի արդյունավետ, շահեկան լուծում չի կարող կայացվել»:
Ըստ ԶԼՄ-ների՝ Նաիրի Զարյանի անվան դպրոցում տեսչական ստուգումների արդյունքում հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է, որ դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանը խոշոր չափի չարաշահումներ է թույլ տվել, դրա համար Ելենա Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ արդեն տեղյա՞կ են տեսչության ուսումնասիրությունների արդյունքներից: Նա պատասխանեց, որ դեռևս իրենց չեն տրամադրվել այդ արդյունքները: Ապա հավելեց. «Մեր գործընկերները նախ դա պետք է աշխատանքային կարգով ամփոփեն, վերլուծեն, նոր տրամադրեն լիազոր մարմնին: Հույս ունենք, որ առաջիկա 10 օրերի արդյունքում կունենանք այդ արդյունքները: Մեր համալիր ուսումնասիրությունների շրջանակում նաեւ այդ արդյունքները նկատի կունենանք»:
Նշենք, որ դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանի հետ կապվել չհաջողվեց՝ նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Ամեն դեպքում պատրաստ ենք ներկայացնել նրա տեսակետը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ