«Իր որոշման մեջ դատավորը չի նշել՝ իմ կալանքի ժամկետը երկարացնելու պատճառը, թեեւ նախորդ նիստում հայտարարեց, որ որոշման մեջ կնշի: Երաշխավորներին ստիպված եմ ասել, որ դատավորը խաբել է: Զրոյական որոշում է: Նշել է, որ ես նոր հանցանք կգործեմ, իսկ նոր հանցանքը դատախազը չի պարզաբանել: Նոր հանցանք ասելով՝ նկատի ունեն, որ ես կքննադատեմ իշխանություններին: Քննադատական խոսքը համարվում է նոր հանցանքի հնարավորություն»,- այսօր դատարանում, նիստի մեկնարկից առաջ հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:
Նա հեգնեց նաեւ նախորդ նիստում դատախազի հայտարարությունը, որ Նարեկ Մալյանն, իր կարծիքով, կդատապարտվի, ուստի իր կալանքի ժամկետը երկարացնելու համար դիմեց գոյություն չունեցող նախադեպերին. «Կանխում են իմ նոր հանցանքը, ապագա քննադատությունները: Գետինն եմ մտնում: Նման սիրված իշխանությանը չի կարելի քննադատել, ես դա հասկացա բանտում»:
Նարեկ Մալյանն ի պատասխան լրագրողների հարցերի՝ ասաց, որ բանտախցում աշխատում է իր նոր գրքի վրա՝ «Օտարերկրյա գործակալական ցանցը եւ դրա դեմ արդյունավետ պայքարի մեթոդիկան»: Այժմ աշխատում է գրքի խմբագրման վրա: Նաեւ պատմվածքների նոր ժողովածուի վրա է աշխատում, մի քանի պատմվածք արդեն պատրաստ են:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ, այսօր շարունակվեցին «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի գործով լսումները: Նախորդ նիստում, Մալյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս երկու ամսով:
Կարդացեք նաև
Դատարանում այսօր հարցաքննվեց Նարեկ Մալյանը:
«Հարգելի հանրություն, ինչպես տեղյակ եք, ինձ, որպես այս իշխանություններին անհարմարություններ պատճառած ընդդիմադիր գործչի, շուրջ կես տարի ապօրինի կալանավորել են եւ դատում են ՔՕ-ի 329-րդ հոդվածով: Ինձ մեղադրում են, որ ես իբր ատելություն եմ քարոզել՝ բոլորի կողմից իբր սիրելի իշխանության նկատմամբ: Ինձ կալանավորման պաշտոնական հիմքն այն է, որ ազատության մեջ գտնվելով՝ կշարունակեմ քննադատել իշխանություններին»,- դատարանում հայտարարությամբ հանդես եկավ Նարեկ Մալյանը՝ նաեւ բացատրելով, թե ի՞նչ է իրենից ներկայացնում 329 հոդվածը, որը դարձել է գործող իշխանության համար ընդդիմախոսներին, այլախոհներին լռեցնելու գործիք. «Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 2012 թվականի, հոկտեմբերի 3-ի, ԵԽԽՎ թիվ 19002012 բանաձեւը, ըստ որի, հստակ եւ միանշանակ տրվում է քաղբանտարկյալի սահմանումը: Բանաձեւում սեւով սպիտակի վրա գրված է՝ ԵԽԽՎ-ն վերահաստատում է իր աջակցությունը, քաղբանտարկյալի հետեւյալ չափորոշիչներին՝ ազատությունից զրկված անձը պետք է համարվի քաղբանտարկյալ, եթե անձի ազատազրկումը խտրական է՝ համեմատած այլ անձանց հետ, պայմանավորված նրա քաղաքական հայացքներով»:
Այս բանաձեւին միացել եւ կողմ է քվեարկել ՀՀ-ն՝ ի դեմս այդ ժամանակ հայաստանյան պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանի:
Նարեկ Մալյանը ցուցադրելով 329 հոդվածով դատապարտված անձանց՝ դատարանի դահլիճում մահացած Արմեն Գրիգորյանի, իր, ակտիվիստ Սաշիկ Սուլթանյանի եւ հայտնի իշխանական ակտիվիստ Ռուստամ Ավագյանի նկարները՝ հիշեցնելով, որ վերջինս հրապարակում, իշխանական ցույցի ժամանակ՝ «կոչ էր անում կոտորել հղիներին ու չբերներին, ովքեր կհանդգնեն թթու խոսք ասել իշխանության հասցեին», ասաց, որ նրանք նույնիսկ մեկ ժամով չեն ազատազրկվել. «Սաշիկ Սուլթանյանը նախաքննության եւ դատաքննության ընթացքում ոչ միայն կալանավորված չէր, այլ հանգիստ շրջագայում էր աշխարհով մեկ: Նախապես կանխելով պատճառաբանությունը, որ ես ասել եմ՝ լավ են արել, որ արել եմ, էլի կանեմ, ասեմ, որ Սաշիկ Սուլթանյանը նույն արտահայտությունը կրկնում էր ամենատարբեր ամբիոններից, այդ թվում՝ նաեւ Նյու-Յորքում, ՄԱԿ-ի ամբիոնից՝ իր ատելության խոսքը պատճառաբանելով որպես իրավապաշտպան գործունեություն»:
Ի տարբերություն իշխանական գործիչների, Նարեկ Մալյանը հայտարարեց, որ ընդդիմադիր գործիչների նկատմամբ բոլորովին այլ մոտեցում է. «Ես՝ Նարեկ Մալյանս, որ նույն հոդվածով եմ մեղադրվում՝ անհեթեթ, հորինված պատճառաբանություններով, շուրջ վեց ամիս կալանքի տակ եմ, իսկ նույն հոդվածով մեղադրվող բժիշկ, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին ոչ միայն կալանավորեցին, այլեւ սպանեցին դատարանի դահլիճում: Կալանավորվածների եւ չկալանավորվածների միակ տարբերությունն իրենց քաղաքական հայացքներն են: Յուրայիններին ամենաթողություն, իսկ ընդդիմադիրներին՝ բանտ. սա այս իշխանության կարգախոսն է»:
Նարեկ Մալյանը հայտարարեց, որ չի անդրադառնում իշխանական հայտնի պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին, որը հրապարակային սպառնում էր կտրել՝ այլ հայացքներ ունեցող քաղաքացիների լեզուները, Անդրանիկ Դովլաթյանին, որը ատելության քարոզ է իրականացնում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու եւ նրա հետեւորդների նկատմամբ, Նիկոլ Փաշինյանին, որը հարբած հայտարարում էր, որ «եկել է քաղաքացու վրեժի ժամանակը», այլախոհներին «շնաբարո դուսպրծուկներ» էր անվանում եւ այլն ու նկատեց, որ այս եւ նման այլ դեպքերով քրեական գործեր նույնիսկ չեն էլ հարուցվել, որովհետեւ այս մարդիկ իշխանական քաղաքական հայացքների կրողն ու իրականացնողն են. «Հետեւաբար, ՔՕ 329 հոդվածը վերածվել է ընդդիմադիրներին լռեցնելու, կալանքով պատժելու, այլախոհ քաղաքացիների շրջանում իշխանության նկատմամբ դասական գործիքի»:
Հաշվի առնելով այս ամենը, Նարեկ Մալյանը հիշեցրեց, որ ըստ Ռասիզմի եւ անհանդուրժողականության եվրոպական հանձնաժողովի թիվ 15 ընդհանուր քաղաքական հանձնարարականի, խիստ կարեւոր է, որ ատելության խոսքի մասին օրենքները պետության կողմից չօգտագործվեն այլախոհությունը կամ ընդդիմությանը ճնշելու համար եւ հայտարարեց, որ դատաքննության արդեն այս փուլում, հրապարակայնորեն հաստատված եւ ապացուցված է համարում իր նկատմամբ քաղաքական հետապնդման եւ իր քաղբանտարկյալ լինելու փաստը. «Այսուհետեւ որեւէ իմաստ չեմ տեսնում այս դատավարական թատրոնում իմ մասնակցության, հատկապես որ արդեն այս փուլում կանխատեսելի է այս, այսպես կոչված դատավարության ելքը եւ հանրությանը պարզ երեւում է գործընթացի քաղաքական պատվիրատուն եւ շահառուն»:
Նա նաեւ հայտարարեց՝ քանի որ այս դահլիճում իրավաբանությունը որեւէ տեղ չունի, այսուհետ իր բոլոր հայտարարությունները, իր խոսքը եւ վարքը կլինեն բացառապես քաղաքական տիրույթում:
Այս իրողություններից ելնելով՝ Նարեկ Մալյանը հրաժարվեց ցուցմունք տալուց, մանավանդ, որ մինչ այս պահը իր իրավունքների բազմաթիվ խախտումներ են արձանագրվել: Իր պաշտպաններին նաեւ խնդրեց՝ իր հայտարարությունն ուղարկել ԵԽԽՎ՝ քաղբանտարկյալների մասին բանաձեւին միացած երկրների հայաստանյան դիվանագիտական ներկայացուցչություններ:
Հիշեցնենք, Նարեկ Մալյանին ձերբակալել էին սեպտեմբերի 20-ին, երկու օր անց նա կալանավորվեց: Նարեկ Մալյանին ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 329–րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելու համար: Այն է՝ «ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը»: Այս հոդվածով նախատեսվում է որպես պատիժ՝ 1-4 տարի ազատազրկում:
Հիշեցնենք` ավելի վաղ «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը բեմադրելու համար, Նարեկ Մալյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 226.2 հոդվածով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։ Այս տարվա հունիսի 30–ին Նարեկ Մալյանն արդարացվեց Չաուշեսկուի գնդակահարությունը բեմադրելու գործով։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ