ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը։
Լրագրողների հետ զրույցում դիտարկմանը, որ դուք պետք է գնայիք տուն, բայց չգնացիք, եւ դրանից հասունացավ բողոքի մեծ ալիք՝ Սերժ Սարգսյանն ասել էր․ «Դրանով չի հասունացել։ Ես հանգիստ կարող էի գնալ մեր տուն, իմ այդ որոշումը ոչ թե հօգուտ իմ անձի է եղել, ես դրանով փորձել եմ արհավիրքը հեռացնել Հայաստանից: Բոլոր այն մարդիկ, ովքեր պահանջել են իմ հրաժարականը, թող հիմա նրանք ասեն՝ դրանով ինչի՞ են հասել»:
Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով այս հայտարարությանը, ասաց․ «Պետք է միանգամից ասեմ՝ իրականության բացահայտման ճանապարհին այդ հայտարարությունը համարում եմ օգտակար։ Ինչո՞ւ, որովհետեւ ինձ ներկայացվել է այդ հայտարարությունը, այնտեղ կոնտեքստից ու հարցուպատասխանից զգացվում է, որ խոսքը Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ առաջացող բարդությունների մասին է։ Եվ շատ կարեւոր է, որ հիմա հետահայաց Սերժ Սարգսյանն այդ մասին հայտարարում է։ Այն ժամանակ, երբ ինքը կայացրել է որոշում՝ վերստին առաջադրվել վարչապետի թեկնածու, ինքն ասում է, որ այդ պահին իմացել է վերահաս արհավիրքի մասին։ Եվ, հետեւաբար, սա մի հայտարարություն է, որը ոչ միայն վերահաստատում է 2018 թվականի դրությամբ Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերաբերյալ մեր գնահատականները, այլեւ նոր նյուանս է ավելացնում եւ վերահաստատում, ավելի ուժեղացնում է այդ գնահատականը։
Եթե վարչապետի թեկնածու առաջադրվելու պահին Սերժ Սարգսյանը գիտեր մոտեցող արհավիրքի մասին, առնվազն դա զրոյացնում է այս ընթացքում նրանց այն հայտարարությունները, թե իրենք դիվանագիտական հաղթանակների իրավիճակում են եղել 2017-2018 թվականներին։ Դիվանագիտական հաղթանակների վիճակում գտնվելը չի նշանակում երկիրը հասցրած լինել վերահաս արհավիրքի վիճակին։ Այդ ո՞ւմ վարած բանակցությունների արդյունքում էր այդ արհավիրքը եկել կանգնել Հայաստանի դռան դեմը»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այստեղ շատ կարեւոր նյուանս կա․ «Այդ դեպքում ինչո՞ւ այդ վերահաս արհավիրքի մասին ՀՀ ժողովուրդը չի տեղեկացել»։
Նա հարցադրում արեց՝ մինչեւ 2018 թվականը վարված բանակցությունների մասին ի՞նչ պետական ինստիտուցիոնալ տեղեկատվություն կա ՀՀ-ում։ «Մի հատ բարակ թղթապանակ։ Հիմա այսօր ես պատասխանատու ասում եմ՝ հետագայում, երբ որ հարց ծագի, բա էս մեր շրջանում ի՞նչ է եղել՝ հանդիպումներ, խոսակցություններ, քննարկումներ, ՀՀ որեւէ իշխանություն երբեւէ խնդիր չի ունենալու՝ իմանալու, թե ով որտեղ ինչ է խոսել, ինչի համար։ Բա եթե արհավիրքը վերահաս էր, 2018 թվականի մայիսի 9-ից սկսած՝ այդ մարդիկ ասել են՝ տալիս են, տալիս են, տարան-տարան։ Հրապարակային չէին կարող, գոնե աշխատանքային կարգով գրեին, տեղեկատվություն տային եւ ոչ թե անընդհատ փորձեին կառավարությանը մոլորության մեջ գցել։
Ես մեկ-երկու փորձ արել եմ հանդիպել նախկին իշխանության ներկայացուցիչների հետ՝ մի հատ հասկանալու՝ ի՞նչ է տեղի ունենում։ Բայց ես երբ որպես վարչապետ շփվել եմ, հասկացել եմ, որ երբ ԱԺ պատգամավոր էի, հարցեր էի տալիս, նույն ձեւ էին այդ մարդիկ պատասխանում՝ փորձելով վիրտուալ իրականություն ստեղծել։
Այդ ո՞նց է, որ Սերժ Սարգսյանն ու իր թիմը պաշտոնանկությունից հետո կարար իր կենցաղային հարցերով անընդհատ կառավարությանը նամակ նամակի հետեւից գրեր, չէր կարա գրեր՝ կառավարություն, վերահաս արհավիրքի առաջ եք, ես էլ առաջարկում եմ անել սա։
Շատ կարեւոր ու օգտակար հայտարարություն է արել, եւ ես ուզում եմ, որ մենք արժանվույնս գնահատենք այս հայտարարությունը։ Եկեք արձանագրենք, որ 2017 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին արդեն քաղաքական մեծամասնությունը գիտեր վերահաս արհավիրքի մասին։ Եկեք ֆիքսենք, որ 2017 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին, 2018 թվականի հունվարին, փետրվարին, մարտին, ապրիլին ՀՀ-ն եւ Լեռնային Ղարաբաղը եղել են վերահաս արհավիրքին հանդիման վիճակում»,- նշեց Փաշինյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ