ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու նախաձեռնությանը։ Նա ասաց, որ ոչ մի նոր օրենք չի ընդունվել. օրենքը վաղուց է եղել, պարզապես չի գործել, որովհետեւ մեխանիզմներ չեն եղել։
«Երկրորդ, ոչ մի քաղաքացու նկատմամբ վարչական հարկադրանքի միջոց չի ձեռնարկվել։ Գործողությունը, որը կատարվել է, քաղաքացիներին իրազեկվել է գոյություն ունեցող օրենսդրության մասին։ Երրորդ գործողությունը, որ ի արձագանք քաղաքացիների կառավարությունն արել է, կառավարությունը փորձել է քաղաքացիներին բացատրել, ներկայացնել օրենքի գործունեության տրամաբանությունը։ Դուք օգտագործում եք «արտագնա աշխատանքի մեկնողներ» արտահայտությունը, բայց խոսքը ՀՀ քաղաքացիների մասին է եւ ՀՀ օրենսդրության հետ նրանց ունեցած հարաբերությունների մասին։ Մենք 2017 թվականի համար ՀՀ պետական բյուջեի եկամուտները 92 տոկոսով ավելացրել ենք։ Մեկ տրիլիոնից ավելի գումարի մասին է խոսքը։ Եվ մենք փորձել ենք մեր սիրելի հայրենակիցներին ներկայացնել, որ մենք հարկերի նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխենք։
Եթե քաղաքացիները մտածում են, որ հարկն այն է, որն իրենց ձեռքից խլում է կառավարությունը, դա շատ սխալ ընկալում է։ Մեր միակ նպատակը մեր քաղաքացիներին ներկայացնելն է համակարգերի պատճառահետեւանքային կապերը, որ պետական բյուջեի միջոցներն օգտագործվում են մեր երեխաների, իրենց երեխաների, ընտանիքի անդամների համար։ Մարտունիում բժշկական կենտրոն է կառուցվել, ծախսվել է 3 մլրդ դրամ, որը հսկայական գումար է»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց՝ թվում է, թե քաղաքական առումով անտրամաբանական բան է արվում։ «Այսքան մարտահրավերների մեջ մենք գնում ենք, ասում ենք՝ դուք էլ հարկ պետք է վճարեք։ Ինչո՞ւ է կառավարությունը սա անում։ Առաջին հերթին ուզում եմ արձանագրել, որ կառավարության մոտիվացիան ՀՀ եւ քաղաքացու նկատմամբ տածած սերն է։ Եվ բազմաթիվ հարցեր կան, որոնք վերաբերյալ մարդիկ պատասխաններ կամ չունեն, կամ այդ պատասխաններն ամբողջական չեն։ Թե ինչու երկրում սա այսպես չէ, այն այնպես չէ։ Մենք սա անում ենք, որովհետեւ մեր պետության ապագայի վերաբերյալ պետք է ձեռք բերենք կոնսենսուս։ Եվ եթե մենք գնանք այդ շատ սովորական տրամաբանությամբ, որ այստեղ շրջանցենք, այնտեղ շրջանցենք, հարցերի հետ չառերեսվենք, մարդկանց հետ չխոսենք, ավելի մեծ խնդիրների առաջ կկանգնենք։ Այլ բան, որ մենք այդ երկխոսության մեջ պետք է լսենք նաեւ քաղաքացիների տեսակետը, տեսնենք, թե այդ հարցը մյուս կողմից ոնց է երեւում, դուրս բերենք ամենաարդարացված փաստարկները, գանք ընդունենք, օրենսդրորեն հասցեագրենք։ Բայց այն, ինչ կմնա այդ քննարկման արդյունքում, ինչ-որ մի անառարկելի փաստարկների խումբ, այդ իրողությունները պետք է իրագործենք»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ