«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվարին։
Այսպես՝
2023թ. վերջում թափ առած ոսկերչական գործունեության աճն ապահովել է նաև 2024թ. հունվարի բարձր տնտեսական ակտիվության աճը: Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվարին կազմել է 10.7%՝ հիմնականում պայմանավորված լինելով արդյունաբերության և առևտրի աճերով: Վերջիններս էլ արտացոլում են ոսկերչական գործունեության կտրուկ աճը, ինչն իրենից ներկայացնում է ոսկու ներմուծման, վերամշակման (որոշակի վերապահումներով) և արտահանման գործընթաց: Բնականաբար, տնտեսական աճի առումով սա դրական երևույթ է ՀՀ տնտեսության համար, սակայն մտահոգիչ է այն, որ տնտեսության մյուս ոլորտներում արձանագրվում է աճի տեմպի դանդաղում կամ անկում (հաշվի առնելով նաև նախորդ տարվա ցուցանիշների վերլուծությունը), ինչը կարող է հանգեցնել մակրոտնտեսական կայունության նվազմանը:
Տնտեսական աճ ապահովող գործընթացները կարծես թե նույն տեմպով հարկային եկամուտներ չեն գեներացնում: 2024թ. հունվարին տնտեսական ակտիվության աճն էական չափով գերազանցում է հարկային եկամուտների աճին (եթե ՏԱՑ-ը ճշգրտենք գնաճով, ապա տարբերությունը փոքր-ինչ կկրճատվի): Իհարկե, հունվարի հարկային եկամուտները որոշ չափով պայմանավորված են նաև նախորդ տարվա դեկտեմբերի զարգացումներով, սակայն պետք է հիշել, որ դեկտեմբերին ոսկերչական գործունեության հետևանքով տնտեսական աճի բարձր տեմպեր ևս առկա էին: Հետևաբար հաջորդ ամիսներին պետք է ուշադրությունը սևեռել հարկային եկամուտների դինամիկային, քանի որ դրանից է կախված պետական բյուջեի կատարման ապահովումը:
Կարդացեք նաև
2024թ. սկսվել է գնաճի բացասական տեմպով: Նախորդ տարվա կեսից սկսած՝ գնաճը գտնվում է բավական ցածր մակարդակում՝ տատանվելով 0-ի շուրջ: 2024թ. հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ գնաճը կազմել է -0.9%: Կենտրոնական բանկը դեռևս նախորդ տարվանից, արձագանքելով գնաճային միջավայրի փոփոխություններին, աստիճանաբար նվազեցրել է դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը, ինչը շարունակվել է նաև 2024թ. հունվարին, երբ ԿԲ-ն ևս 0.5 տոկոսային կետով նվազեցրել է տոկոսադրույքը: Սակայն դեռևս գնաճի տեմպերի փոփոխություն չի նկատվում:
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://shorturl.at/HRTVY :
«Լույս» հիմնադրամ