Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձավ հարցին, թե Ադրբեջանի հետ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները որ փուլում են գտնվում։
«Առաջին փուլում քննարկեցինք եւ հաստատեցինք աշխատակարգը, որով նկարագրեցինք եւ երկու կառավարություններով հաստատեցինք մեր շփումների արդյունքների ամփոփման եւ կազմակերպման ձեւը։ Այս փուլում քննարկում ենք համատեղ գործունեության կանոնակարգը, որն ավելի շատ մեթոդական նկարագրություն է պարունակելու։ Եվ երբ մենք այդ աշխատանքներն ավարտին հասցնենք, երկու երկիրն էլ տվյալ փաստաթղթի նախագիծը կդնի ներպետական շրջանառության մեջ։ Կախված բովանդակությունից, թե ինչ կնկարագրվի, ինչ կոնսենսուսի կգանք, ըստ այդմ՝ այդ փաստաթուղթը կշրջանառվի՝ ամենայն հավանականությամբ որպես օրենքի նախագիծ»,- ասաց Մհեր Գրիգորյանը։
Նա նշեց, որ եթե սկզբունքային դիրքորոշումների շրջանակներում մնան, եւ փաստաթղթի նախագծման տրամաբանությունը բխի Ալմա-Աթայի հռչակագրից, երկու-երեք ամսվա ընթացքում կարելի է ունենալ կանոնակարգի նախագիծ, որը կպարունակի աշխատանքի մեթոդաբանությունը։
«Մեթոդաբանությունը հաստատելուց հետո շատ ժամանակ կպահանջի թե դելիմիտացիայի, թե դեմարկացիայի բուն գործընթացը, բայց այնուամենայնիվ բոլորիս հասկանալի կլինի, թե ինչով ենք զբաղված»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ