ԱԺ նստաշրջանում քննարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության հարցը։ Կառավարությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում դարձյալ առաջադրել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը։ Բաղրամյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է ապրիլի 18-ին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց ուղղեց Գարեգին Բաղրամյանին «ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքի գործարքի մասին։
«Վերջին ամիսների ամենախնդրահարույց գործարքը «ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքն էր օֆշորային ընկերությանը։ Եվ գործարքի ամբողջ պատմությունը՝ դիմում են, համաձայնություն չեք տալիս, վեց ամիս հետո համաձայնություն եք տալիս, հետո հանկարծ պարզվում է, որ այդ նոր ընկերությունն իր բաժնետոմսերի մի չաղլիկ փաթեթ նվիրում է կառավարությանը։ Այն, որ այդ գործարքը չի կարող հարցեր չառաջացնել, ակնհայտ է։ Երբ դուք երկրորդ անգամ համաձայնություն տվեցիք գործարքին, գիտեի՞ք, որ նոր ընկերությունը նման շռայլ նվեր է անելու ՀՀ կառավարությանը»։
Գարեգին Բաղրամյանն ասաց, որ հանձնաժողովը լիցենզավորում է այդ ընկերություններին, եւ նրանք պարտավոր են հետեւել իրենց լիցենզիայի պայմաներին, եւ հանձնաժողովը խստորեն հետեւում է դրան։ «Ինչ վերաբերում է գործարքին մի անգամ համաձայնություն չտալուն, հետո երկրորդ անգամ տալուն, ապա ասեմ, որ էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքը ունի կարգավորում, որ մենք ներկայացնում ենք լիազոր մարմնին՝ ԱԱԾ-ին, որը գնահատում է գործարքի անվտանգության ու պետական շահին վնասելու կոմպոնենտը։ Այս երկու գնահատականների մասով առաջին անգամ եղել է բացասական եզրակացություն, դրա համար մենք մերժել ենք գործարքը։ Ենթադրում եմ, որ գնող ընկերությունը լրացրել է այդ պահանջները , եւ երկրորդ անգամ եղել է դրական եզրակացություն։ Դրա համար մենք գործարքին տվել ենք համաձայնություն»,- նշեց Բաղրամյանը։
Կարդացեք նաև
Արթուր Խաչատրյանն ասաց․ «Դուք փաստորեն տեղյակ չեք, թե ինչը դրդեց Ազգային անվտանգության ծառայությանը՝ փոխել իր կարծիքը։ Չե՞ք փորձել հասկանալ, թե կենսական կարեւորություն ունեցող ընկերության վաճառքի հարցում ի՞նչն էր, որ ստիպեց ԱԱԾ-ին՝ փոխել իր կարծիքը։ Օրինակ՝ իմ կարծիքը չի փոխվել, ես գտնում եմ, որ օֆշորային ընկերությունը չպետք է տելեկոմի տեր դառնա»։
Գարեգին Բաղրամյանն ասաց, որ հանձնաժողովը ընկերության նկատմամբ շարունակելու է նույն վերահսկողությունը։ «Եվ օֆշորում գրանցված ընկերությունը, կարծում եմ, խնդրահարույց չէ, որովհետեւ օֆշորում կարող են գրանցվել տարբեր նպատակներով՝ հարկային բեռ թեթեւացնելու եւ այլն»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ