Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե նայենք մեր ընդդիմադիր դաշտի խոսույթին, Երևանն էլ անվտանգ չէ։ Այստեղ վտանգները չեզոքացնելու հարցն է»․ Անդրանիկ Քոչարյանը՝ Տեղ գյուղի սահմանային հատվածից ադրբեջանցու ներթափանցման մասին

Փետրվար 28,2024 15:46

«Մեկ հոգի է եղել, պաշտոնական հաղորդագրության մեջ այդպես էլ նշված է։ Գյուղացիներն ինչ են ասում, ճշտելու խնդիր ունի։ Փաստ է այն, որ մեկ հոգի՝ զինված, ադրբեջանական կողմից փորձ է արել սահմանն անցնել և մեր կողմից վնասազերծվել է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը ադրբեջանցի զինծառայողի կողմից հատելու փաստին։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է նա հայտնվել մեր տարածքում, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Կարող եմ ասել, որ մեր պաշտպանական բնագծերի միջև բազմաթիվ հատվածներ կան, որտեղ կարող են ցանկության դեպքում անցնել։ Կարևոր է, որ մեր համապատասխան կառույցները նրան վնասազերծել են։ Մեր բնագծերն աննկատ անցնելը դժվար է։ Ամեն անգամ մենք այդ բնագծերի կարողությունները ավելացնելով՝ համարյա հնարավորություն չենք թողնելու նման թափանցումները իրենց ցանկությամբ դառնան իրականացում»։

Հարցին՝ սա ի՞նչ է՝ դիվերսիայի փո՞րձ, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց՝ մի քիչ որ սպասենք, Քննչական կոմիտեի հաղորդագրությունից պարզ կդառնա․ «Քանի որ զենք է եղել, ամեն ինչ էլ ենթադրել կարող են։ Կարող է լինել դիվերսիա, հարբած, մոլորված, կարող է և լինել իրենց զորամասում տիրող իրավիճակի արդյունքում ինքը փորձի հայտնվել մեր իշխանության ներքո»։

Ըստ նրա՝ կախված թե ինչ հոդվածով նա կմեղադրվի, պարզ կլինի նրա՝ վերադարձի հարցը։ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ պետք է գերիների և անհետ կորածների հարցն ավելի լայն դիտարկել և մենք էլ մեր գերիների և անհետ կորածների հարցերը բարձրացնենք։

Հարցին՝ այսինքն՝ ստացվում է, որ արդեն Տեղ գյո՞ւղն էլ անվտանգ չէ բնակչության համար, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Եթե նայենք մեր ընդդիմադիր դաշտի խոսույթին, Երևանն էլ անվտանգ չէ։ Այստեղ վտանգները չեզոքացնելու հարցն է։ Բնագծերի հետ կապված մեր խնդիրները մենք լուծում ենք, ինժեներական աշխատանքները մեր հարավային հատվածում արված են, կգնանք հյուսիսային հատվածներ ևս։ Դրանք սովորական բնագծեր չեն, իմ բառապաշարով ասել եմ՝ դրանք նման են ավելի շատ ամրոցների։ Ամրոցներն են, որ պետք է մեր զինվորի կյանքը դարձնեն ավելի պաշտպանված»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829