Նիկոլ Փաշինյանը ոչ թե հակադարձում է, այլ արձանագրում է այն իրավիճակը, որում հայտնվել է մեր երկիրը: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր Ստյոպա Սաֆարյանն այսպես է մեկնաբանում վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տարածվող հայտարարությունները՝ Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամակցության սառեցման մասին:
«Տասնամյակներով ոչ միայն ՀՀ իշխանություններին են խաբել ու կապ չունի՝ նախկին, թե ներկա, այլեւ մի ամբողջ հասարակության, թե ՀՀ սահմանների նկատմամբ ոտնձգություններ չեն կարող լինել, թե ՀՀ կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմ կա, որ ՀՀ-ՌԴ դաշնակցային մեխանիզմ կա»,- մեզ հետ զրույցում ասաց Սաֆարյանը:
Նա հիշեցրեց, որ 2021-ի մայիսի 12-ին եւ 2022-ի սեպտեմբերի 13-ին ՀՀ տարածքի վրա հարձակման դեպքեր ունեցանք եւ երբ 2021-ին ադրբեջանցիները ներխուժեցին ՀՀ տարածք ՀԱՊԿ պայմանագրի 2-րդ հոդվածով ՀՀ իշխանությունները դիմեցին՝ առաջարկելով քննարկել, արդյո՞ք տեղի ունեցածը ագրեսիա է: Մեր զրուցակցի խոսքով, պատասխան չեկավ երեք ամիս, իսկ երեք ամսվա լռությունից հետո մեզ ասացին՝ սահմանի տեղը չգիտեն, որտեղ է ավարտվում ու որտեղ է սկսվում ՀՀ սահմանը:
Սաֆարյանի խոսքով, 2022 թվականի հարձակման դեպքում, երբ ունեցանք սահմանային, տարածքային կորուստներ ու զոհեր, ՀՀ իշխանություններն այդ ժամանակ սահմանը հստակեցրել էին ռուսական ռազմաբազայում եղած քարտեզներով. «Վարչապետը հայտարարեց, որ ՀՀ տրամադրության տակ եղած ու ռուսական ռազմաբազայում առկա քարտեզները համընկնում են ու սահմանների վիճելիության խնդիր չկա, մինչդեռ նույն տարեվերջին մեզ առաջարկեցին ստեղծել դեմարկացիայի հանձնաժողով: Այդ ժամանակ մեզ կրկին խաբեցին: Մեզ թվում էր, թե եթե Ադրբեջանը ստորագրում է ու ստեղծվում է երկկողմանի հանձնաժողովը, որի քարտեզները տրամադրում է ՌԴ-ն, ապա բնականաբար, երկու տարածքների խնդիրը լուծվում է ոչ թե կոլեկտիվ պաշտպանության 4-րդ հոդվածի կիրառության դաշտում կլինի, այլ սահմանագծում, բայց ինչպես ՀՀ-ն կրկին խաբվեց, ոչ միայն ՌԴ-ի կողմից քարտեզները չտրամադրվեցին, այլեւ այն քարտեզները, որոնք համընկնում են այդ քարտեզների հետ ու որոնք ապացուցում են, որ այդ պահին կարող է կիրառվել ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածը: Էդքանից հետո ՀՀ-ն ցույց է տալիս, թե ՀԱՊԿ-ն կա կամ ՀԱՊԿ միջոցառումներին, գագաթաժողովներին մասնակցում է, որ ինչ անի»:
Կարդացեք նաև
Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը պնդում է, որ ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու ընթացակարգ գոյություն չունի. «Բայց նման իրավական ընթացակարգ սառեցման մասին գոյություն չունի, եթե դու պետության ղեկավար ես եւ հայտարարություններ ես անում, պարտավոր ես բացատրություններ տալ, եթե այդ կառույցում դու գտնում ես, որ այլեւս արդյունավետ չէ, դու չպետք է սառեցնես, դու պետք է այդ կառույցի ծառայություններից հրաժարվես, դրա տեղը տեղադրես մեկ այլ բան, պարտականությունն ու գործառույթը դա է: Կամ էլ նման հայտարարություններով չպետք է հանդես գալ»:
«Այո՛, սառեցված է, սառեցված չի նշանակում, որ մենք օգտագործում ենք կանոնադրական տերմին, որովհետեւ կանոնադրությունում սառեցում հասկացություն չկա,- ասում է Ստյոպա Սաֆարյանը:- Ես Նիկոլ Փաշինյանի փոխարեն լինեի, դուրս գալու դիմումը կուղարկեի: Եթե նույնիսկ իշխանությունը չի անում, թող իրենք հայտարարեն, ինչու են այդ անազնվության պատասխանատվությունը փորձում թողնել ՀՀ վրա, որ ասեն՝ Հայաստանն է դուրս եկել: Իրենք են ասել, որ ձեր խնդիրներով ձեր կողքին չենք: Դե բարի թող լինեն, ասեն՝ ցտեսություն… 30 տարի շարունակ ՀՀ –ին կեղծիք են մատուցել, խաբել ՀՀ բոլոր երեք նախագահներին, 4-րդ ղեկավարին ու հասարակությանը, դուք՝ բոլորդ, ներքին համաձայնությամբ կամ պայմանավորված ՀՀ կողքին կանգնած չեք, իրենք էլ կարող են ասել՝ Հայաստան դուրս արի կառույցից, մենք քո հետ ճանապարհ չունենք անցնելու»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ