«Դա նշանակում է այն, ինչ կա այս պահին։ ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում որևէ տեղաշարժ չկա, և ՀՀ-ն վերջին շրջանում մեկ տարուց ավել չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին»,-լրագրողների հարցին՝ ի՞նչ է նշանակում՝ ՀՀ և ՀԱՊԿ հարաբերությունները սառեցված են, Հայաստանն անդա՞մ է այդ կազմակերպության, թե՝ ոչ, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Նա նշեց՝ հաշվի առնելով բազմիցս մեր հնչեցրած դիրքորոշումները ՀԱՊԿ գործունեության կամ անգործության վերաբերյալ, դա իրավական կոնկրետ արձանագրում է, որ սառեցված են հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ։ Հետագայում արդյոք դրան կհետևե՞ն գործընթացներ, թե՝ ոչ ժամանակը ցույց կտա։
Դիտարկմանը՝ ասում են, որ սառեցված լինելը իրավական կարգավիճակ չէ, Սարգիս Խանդանյանը պատասխանեց․ «Ես էլ եմ ասում, որ խոսքը իրավական գնահատականի մասին չէ։ Դա քաղաքական գնահատական է և գոյություն ունեցող իրավիճակը մեկնաբանելու ձև»։
Հստակեցմանը՝ ՀՀ իշխանությունը ե՞րբ քաղաքական կամք կունենա, որ դադարեցնի ՀԱՊԿ-ին անդամակցությունը, Սարգիս Խանդանյանը պատասխանեց․ «Երբ նման որոշում կայացվի։ Դա կամքի հարց չէ, դա գործընթացի հարց է։ Որևէ գործընթացի վերաբերյալ, եթե որոշում կայացվի, այդ կամքը դրա հիմքում կլինի»։
Կարդացեք նաև
Հարցին՝ ի՞նչն է կաշկանդում ՀՀ-ին, Սարգիս Խանդանյանը պատասխանեց․ «Ոչինչ չի կաշկանդում։ Եթե պետք եղավ այդ որոշումը կայացնել վաղը, վաղը կկայացվի, բայց դա ժամանակը և իրավիճակը գնահատելու հետևանքով պետք է իրականացվի»։
Լրագրողների մտահոգությանը՝ ինչո՞ւ պետք է հայ հարկատուն ՀԱՊԿ-ին անդամակցության համար վճարի, Սարգիս Խանդանյանն արձագանքեց․ «Մենք տարբեր կազմակերպությունների ենք անդամավճար վճարում, բայց դա այս խնդրի ամենաէական կողմը չէ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ