Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը «Հայելի» ակումբում խոսելով Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում հրապարակված, այնուհետեւ հեռացված տեղեկության մասին, թե Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հետախուզական տվյալների փոխանակման մասին պայմանագիր է ստորագրվել, ասաց. «Այս հարցին անդրադառնալուց առաջ պետք է հիշենք արտաքին հետախուզական ծառայության մասին նոր օրենսդրությունը, որին մենք ժամանակին արձագանքեցինք եւ օբյեկտիվ հիմքեր ունենք կասկածելու, որ այդպիսի ծառայություն ստեղծելով եւ այդպիսի ծառայության տնօրեն Քրիստինե Գրիգորյան անունով անձին, որը նախկին ՄԻՊ-ն էր, նշանակելով, լուրջ վտանգի ենք ենթարկում մեր արտաքին հետախուզական ծառայությունը, արտաքին հետախուզական ծառայության մեջ գործող մեր ընկերների կյանքն ու առողջությունը:
Դեռ բյուջեի քննարկման ժամանակ բազմիցս խոսվեց, թե ինչ բյուջե է ունենալու, ինչպիսի ծառայություն պետք է իրականացնի. այդ նոր կառույցը ինչ կառուցվածք ունի եւ այլ հարցեր, որոնց պատասխանները չտրվեցին: Եվ ես այն ժամանակ էլ օբյեկտիվ հիմքեր ունեի կասկածելու, որ այդ ծառայության տնօրեն այսպիսի անձ նշանակելուց հետո… այդ կինը վաղը- մյուս օր կարող է արտաքին հետախուզության լուրջ տվյալներ փոխանցել ինչպես մեր թշնամի երկրին, այնպես էլ այլ երկրների:
Ֆրանսիայի հետ կապված այս համաձայնագրի առումով էական նշանակություն ունի նաեւ Մյունխենում Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Անգլիայի գաղտնի ծառայության ղեկավարի հետ: Երբեւէ տեղեկատվություն չենք ստանում, որ այլ երկրի ղեկավարը հանդիպի անգլիական, ամերիկյան գաղտնի ծառայության ղեկավարի հետ: Բայց Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպեց: Թե նրանք ինչ են քննարկել… բնականաբար, մեզ ոչ մի տեղեկություն չեն փոխանցի:
Եվ հիմա իրենց ընտանեկան թերթում, որպես կանոն, ասում են «հավաստի աղբյուր»: Բայց մենք ունենք բազմաթիվ դեպքեր, որ հրապարակվել է տեղեկատվություն, որն ուղիղ արտահոսք է կառավարության ամենաբարձր օղակներից»:
Կարդացեք նաև
Թաթուլ Պետրոսյանը մտավախություն ունի, որ այդ փաստաթղթով Հայաստանի ԱՀԾ-ն հետախուզական տվյալներ պետք է փոխանցի չորս երկրների մասին,՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի եւ Ռուսաստանի: Նա կասկածում է, որ մեր այդ ծառայությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի մասին ի վիճակի է հետախուզական տվյալներ ձեռք բերել: «Սակայն Իրանի եւ Ռուսաստանի մասին տեղեկություններ փոխանցելը Ֆրանսիային լուրջ անվտանգային խնդիրներ է առաջացնելու ոչ միայն մեր, այլեւ այդ երկրների համար»,-ասաց Թաթուլ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ ֆրանսալեզու Agoravox բլոգերային պլատֆորմի միջոցով տարածված տեղեկատվությունը, թե իբր ՀՀ վարչապետի` Փարիզ կատարած այցի ընթացքում համաձայնություն է կայացել ֆրանսիական կողմի հետ փոխանակվել հետախուզական տվյալներով, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում պարզաբանել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը:
«Նշված աղբյուրում անհատները կարող են ազատորեն գրանցվել և հրապարակել իրենց կազմած լուրերը և հոդվածները, որոնք որևէ խմբագրման չեն ենթարկվում, և հետևաբար աղբյուրը չի կարող համարվել վստահելի։ Մասնավորապես հիշատակված նյութը հրապարակվել է «S. Lampion» անհայտ հեղինակի անունով, այնուհետև այն անմիջապես տարածվել X-ի ադրբեջանական էջերում։ Նշվածից ակնհայտ է, որ գործ ունենք Հայաստանի դեմ իրականացվող ապատեղեկատվական արշավի հետ»,-ընդգծել էր Ծառուկյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ