Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտից դեղատոմսերը դառնում են էլեկտրոնային․ ինչ ընթացակարգ է նախատեսված դեղեր դուրս գրելու կամ ստանալու համար

Փետրվար 28,2024 14:25

Մարտ ամսից դեղատոմսերը դառնում են էլեկտրոնային։ Առողջապահության նախարարության պաշտոնյաներն այսօր «Արմենպրես» մամուլի ակումբում ներկայացրեցին, թե ինչպես է կազմակերպվելու գործընթացը։

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ասաց, որ համակարգը մեկնարկել է 2022-ի հուլիսից, այն ներդրվել է փուլային եղանակով։

Արտակ Ջումայան

«Սկզբում իրականացվել է կենտրոնական գնումներով ստացված դեղորայքների ներդրումը, մեկնարկել ենք մեկ պոլիկլինիկայի բազայի վրա, տեխնիկական խնդիրները հաշի առնելով՝ ներդրվել է փուլ առ փուլ, հետո տարածվել առողջության առաջնային պահպանման օղակների վրա։ Երկրորդ փուլով ներդրել ենք արտոնյալ եւ անվճար պայմանով ստացած դեղորայքները։ Այս պահին այս երկու տեսակի դուրս գրվող բոլոր դեղորայքները եւ բոլոր պոլիկլինիկաները ներգրավված են այս աշխատանքներում։ Հիմա զուգահեռ աշխատում են էլեկտրոնային եւ թղթային դեղատոմսերը։ Հետագայում կառավարության որոշմամբ կբացառենք թղթային դեղատոմսերը»,-ասաց Ջումայանը։

Նրա ներկայացմամբ՝ այս պիլոտային ծրագրի շրջանակներում միայն կենտրոնացված գնումներով դուրս է գրվել 1,7 միլիոնից ավելի էլեկտրոնային դեղատոմս, իսկ անվճար եւ արտոնյալ դեղերի մոտ 600 հազար դեղատոմս։ Սրանք բոլորը դուրս են գրել պոլիկլինիկայի եւ գյուղական ամբուլատորիաների բժիշկները։

Ջումայանի խոսքով՝ մարտից էլեկտրոնային դեղատոմսերում ներառվում են հակաբիոտիկային, հակասնկային, հակամիկոբակտերային, հակավիրուսային դեղերը, իմունային շիճուկները, իմունոգլոբոլինները, պատվաստանյութերը եւ միզապրաստոլ պարունակող դեղերը։

Ծաղկանուշ Սարգսյան

Առողջապահության ազգային ինստիտուտի էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար Ծաղկանուշ Սարգսյանն էլ ներկայացրեց ընթացակարգը՝ բժիշկը դուրս է գրելու դեղը էլեկտրոնային եղանակով, նշելու է դեղի ազդող նյութը, քանակը, ժամկետը, օրական քանի անգամ պետք է բուժառուն ընդունի եւ օրական քանի հաբ, հետո բուժառուն գնալու է դեղատուն, դեղատանը նրա անունն են որոնում ու տեսնում դեղատոմսը․ «Դեղատներին հասանելի չէ բուժառուի դեղատոմսը, քանի դեռ նա չի դիմել իրենց։ Բուժառուն դիմելուց հետո գտնում են դեղատոմսը, որտեղ նշում են քանակը, թե ինչքան դեղահաբ տրամադրեցին։ Դեղատոմսը չի մարվում, քանի դեռ մինչեւ վերջին դեղահաբը բուժառուն չի վերցնում կամ դեղատոմսի ժամկետը չի ավարտվում։ Բուժառուն պարտավորված չէ մեկ դեղատնից միանվագ վերցնել դեղերը, կարող է մաս-մաս ստանալ։ Բժիշկը տեսնում է, որ բուժառուն վերցրել է դեղերի որոշակի քանակ կամ օրինակ ամբողջն է ստացել»։

Բուժառուն դեղատանը պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ, առանց դրա դեղատոմսին հասանելիություն չի լինի, բուժառուի փոխարեն կարող է լինի կոնտակտային անձ, որը նույնպես պետք է անձը հաստատող փաստաթղթով ներկայանա դեղատուն, որպեսզի դեղատունը վստահ լինի, որ դեղը ճիշտ անձի է տրամադրում։

Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի մասին, ինչպես վստահեցրեց Ջամայանը, բոլոր դեղատներն ու պոլիկլինիկաները իրազեկված են պատշաճ։ Էլեկտրոնային դեղատոմսերը դեղատների համար, ըստ Ջումայանի, հավելյալ որեւէ գումարի ծախս չեն ենթադրում։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829